Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր աշխատանքն աւարտեց «Եկեղեցի եւ պետութիւն փոխյարաբերութիւններ. հրամայականներ եւ մարտահրաւէրներ» թեմայով միջազգային գիտաժողովը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/IMG_5980.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած «Եկեղեցի եւ պետութիւն փոխյարաբերութիւններ. հրամայականներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային գիտաժողովը hոկտեմբերի 19-ին աւարտեց իր աշխատանքները:
Երկօրեայ գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի եւ պետութիւն փոխյարաբերութիւնների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախօսեցին Սերգեյ քահանայ Մատիւշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) եւ Ասատուր Նահապետեանը (Երեւանի Հայ աւետարանական-մկրտական քրիստոնեաների եկեղեցի): «Կրօնական ազատութեան բնագաւառում միջազգային օրէնքներն ու չափորոշիչները» թեմայի շուրջ զեկոյցներով հանդէս եկան դոկտոր Պետեր Կրոմերը (Աւստրիայի Աւետարանական եկեղեցու զեկավար), մագ. Էլիզաբետայ Կիտանովիչը (Եւրոպական եկեղեցիների կոնֆերանս, Եկեղեցի եւ հասարակութիւն յանձնաժողովի մարդու իրաւունքների գծով գործադիր քարտուղար), Եւրոպական կառոյցներում Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Նեկտարիուս Իոանիուն եւ Խօսէ Լուիս Բազան (Միգրացիայի գծով իրաւական խորհրդատու, Կաթոլիկ եպիսկոպոսների Եւրոպական յանձնաժողով):
«Եկեղեցի եւ պետութիւն փոխյարաբերութիւնները Հայաստանում. հնարաւորութիւններ եւ մարտահրաւէրներ» խորագրով չորրորդ նիստը սկսուեց ՀՀ Արդարադատութեան նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադեանի զեկոյցով: Այնուհետեւ բանախօսութիւններով հանդէս եկան նաեւ դոկտոր Թոմաս Սամուէլեանը (Հայաստանում Ամերիկեան համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի դեկան), Արտակ Զաքարեանը (ՀՀ ԱԺ Արտաքին հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ) եւ Տիգրան Մեսրոպեանը (ՀՀ Կառավարման ակադեմիայ, քաղաքագէտ):
Գիտաժողովի եզրափակիչ նիստի ընթացքում տեղի ունեցաւ քննարկում «Եկեղեցու դերը ՀՀ հասարակական կեանքում. մարտահրաւէրներ եւ հեռանկարներ» թեմայի շուրջ: Թեմայի քննարկման շրջանակներում անդրադարձ կատարուեց կրօնական փոքրամասնութիւնների հետ յարաբերութիւններին, համատեղ ջանքերով փորձառութիւնների, մօտեցումների եւ տեսակէտների փոխանակման անհրաժեշտութեանը, ինչպէս նաեւ Մայր Եկեղեցու իրաւունքները ոտնահարող գործընթացների կանխարգելմանը վերաբերող հարցերի:
Գիտաժողովի աւարտին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը երախտագիտութիւն յայտնեց ներկաներին գիտաժողովին մասնակցութեան համար` ընդգծելով, որ նման միջոցառումները համատեղ փորձի փոխանակման միջոցով առաւել պիտի նպաստեն երկխօսութիւնների զօրացմանը: Դրական գնահատելով եւ ամփոփելով երկօրեայ գիտաժողովի արդիւնքները` մասնակիցները կարեւորեցին նման գիտաժողովների գումարման շարունակական լինելը: