Վահէ Բերբերեանի «Յանուն Հօր Եւ Որդւոյ» Վիպակը Անգլերէն

Վահէ Բերբերեանն ընթերցողներին ներկայացրեց իր «Յանուն Հօր Եւ Որդւոյ» երգիծական վիպակի անգլերէն տարբերակը (In the Name of the Father and Son): Լոս Անջելեսի գողտրիկ ճաշասրահներից մէկում՝ «Մոմեդ»ում, Յուլիսի 13ին, Բերբերեանի գրքի շնորհանդէսն ուղեկցուեց բազմաշնորհ արուեստագէտի հետ անկեղծ զրոյցով, որ վարում էր սիրուած ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգեանը:
1999թ.ին տպագրուած «Յանուն Հօր Եւ Որդւոյ» վիպակը ժամանակին մեծ հնչեղութիւն է ունեցել: Գրքի առանցքում Բէյրութից ԱՄՆ ներգաղթած հօր եւ որդու պատմութիւնն է, որոնց համար արժէքների ու աշխարհայեացքների տարբերութիւնն աւելի է խորանում՝ պայմանաւորուած նոր երկրի մշակութային առանձնայատկութիւններով: Հայրը, որ մեծ գրքասէր էր եւ նոր երկիր էր տեղափոխել իր նախկին գրախանութի հարիւրաւոր գրքերը, մտահոգութիւն ունի, թէ ո՛ւմ պէտք է ժառանգի դրանք՝ նկատի ունենալով ազգային ժառանգութիւնը: Հօր տարաձայնութիւնները որդու կենսակերպի հետ եւս մէկ հարցում են արտայայտւում. վերջինս իրենց համատեղ կացարանում օթեւան է տրամադրում մարմնավաճառի:
Վահէ Բերբերեանը նշում է, որ 70ականների վերջին հայ ներգաղթեալների կեանքից դրուագներ ներկայացնող այս վիպակն արդիական է նաեւ այսօր, երբ տարբեր երկրներից Ամերիկա գալով՝ սերունդների միջեւ առկայ անդունդը շատ արագ խորանում է: Սա էլ առիթներից մէկն է, որ Բերբերեանը որոշում է թարգմանել գիրքն անգլերէնի՝ կատարելով նաեւ անգլիախօս ընկերներին տրուած վաղեմի խոստումը:
Սերժ Թանգեանի հարցին, թէ արդեօք թարգմանութեան արդիւնքում բնօրինակից շեղումներ եղել են, Բերբերեանը նշեց, որ դա թերեւս անխուսափելի էր. «Միլան Կունդերան ասում էր, թէ թարգմանութիւնը նման է կնոջ՝ այն գեղեցիկ է, սակայն անհաւատարիմ: Մարկեսն էլ մի անգամ նշել էր, որ իր գրքերի անգլերէն թարգմանութիւններն աւելի լաւն են, քան բնօրինակները: Ես փորձել եմ լինել այս երկուսի մէջտեղում՝ մնալ հաւատարիմ բնօրինակին, բայց միաժամանակ, հաշուի առնելով իմ իսկ անձի փոփոխութիւնները 1999ից մինչ 2013, 14 տարիների ընթացքում, որոշ փոփոխութիւններ անխուսափելի էին», նշեց արուեստագէտը:
Մենախօսութեան ժանրի կատակերգակ դերասան, աբստրակտ-գեղանկարիչ, գրող Վահէ Բերբերեանը խոստովանեց, որ ուրախ է լինում, երբ իրեն ճանաչում են իր վիպակների ու պատմուածքների միջոցով. «Ինձ լիարժէք ճանաչելու լաւագոյն ձեւը գրքերս են: Դրանք նաեւ ինքնակենսագրականներ են, որ «Յանուն Հօր Եւ Որդւոյ» վիպակում, արտայայտուել են մասնաւորապէս Բէյրութին վերաբերող հատուածներում եւ իմ անձի ձեւաւորման վրայ Գրքի ազդեցութիւնը նկարագրելիս», խոստովանում է Բերբերեանը: «Հայրս մեծ գրքասէր էր, գրքամոլ, եւ ես մեծացել եմ մէկ սենեականոց բնակարանում, որտեղ սակայն հարիւրաւոր գրքեր կային: Մանկական ամենավառ յիշողութիւններիցս է գրքի հոտը. ամէն անգամ երբ հայրս նոր գիրք էր գնում եւ բերում տուն, ես մեծ հիացմունք էի ապրում, մանաւանդ յիշում եմ Խորհրդային Հայաստանից ստացուած գրքերը, որոնք յատուկ հոտ ունէին», յիշողութիւնները կիսեց Բերբերեանը:
Գիրքն, ըստ արուեստագէտի, հայկական մշակոյթի խորհրդանիշն է: «Գրաւոր խօսքն է, որ պահպանում է մշակոյթը, պատմութիւնը, գրականութիւնը»: Վահէ Բերբերեանն իր գործերում արտայայտում է մտահոգութիւնները, որոնցից առանձնացնում է ազգային մշակոյթի ապագայի հարցը:
«Յանուն Հօր Եւ Որդւոյ»ն թարգմանել է Վահէ Բերբերեանը, խմբագրումն իրականացրել են Արա Մկրտչեանն ու Լէոն Ֆերմանեանը: Հեղինակը թարգմանութեանը մօտեցել է ստեղծագործաբար. Սերժ Թանգեանի հարցմանը, թէ ի՛նչ է նշանակում անգլերէն «ֆլարքինգ» բառը, Վահէ Բերբերեանը ներկայացրեց իր մեկնաբանութիւնը. «Թարգմանելիս հասկացայ, որ չկայ համախատասխան բառ մի երեւոյթի, երբ միտումնաւոր ինչ որ բան ես անում՝ հաստատ իմանալով, որ այն սխալ է, եւ ի վերջոյ քեզ վնաս է պատճառելու: Արդիւնքում, ստեղծեցի նոր բառ», իրեն բնորոշ հումորով ամփոփեց արուեստագէտը:
Երեկոյի աւարտին, Բերբերեանը մակագրութիւններ բաժանեց: Առցանց, գիրքը կարելի է ձեռք բերել Վահէ Բերբերեանի կայքից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ասպարեզ