Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ Նոր Ջուղայում
Ապրիլի 8-ի երեկոյան, Նոր Ջուղայի Ս. Գեւորգ եկեղեցում, կիրակնամուտի ժամերգության ավարտին մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված 2016 թվականի Ապրիլյան քառօրյա ագրեսիայի հետեւանքով զոհված հայ մարտիկների հիշատակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Իրանից հայտնում է Երանուշ Թահմազյանը, արարողությունը մատուցեց Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ.վրդ. Քեչեջյանը, որին սպասարկում էին քահանայից եւ դպրաց դասերն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Օրվա առթիվ արտահայտվեց թեմի կաթողիկոսական փոխանորդը, որից հետո արարողությանը ներկա ազգային իշխանության եւ ազգային այլ մարմինների ներկայացուցիչները, Հայ դատի հանձնախմբի անդամներն ու հոծ բազմությունը միասնական աղոթքով ու խունկ ծխելով հարգեցին Արցախում նահատակված հայ մարտիկների հիշատակը:
Հավելենք, որ հոգեհանգստյան արարողությունը իրականացվեց Նոր Ջուղայում Հայ դատի հանձնախմբի եւ թեմի Կրոնական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:
Լուսանկարները տրամադրել է Սկարլետ Հայրապետյանը