«…Որ հայերն ապրեն ու աշխատեն Հայաստանում, Հայաստանի համար»

Սեպտեմբերի 16-ին  ՀՀ սփիւռքի նախարարութիւնում հիւրընկալուել « Պոլսահայ համայնքի օրերը Հայաստանումէծրագրի  շրջանակներում Հայրենիք այցելած Ստամբուլի  «դալարէ  երգի-պարի համոյթիհիմնադիրները, պարուսոյցները, երգիչ Պարթեւ  Գարեանը:

«Հայերն այսօր»-ի   թղթակիցը  զրուցել է Պոլսի հայկական համայնքի եւ Մխիթարեան սանուց միութեան   անդամ Դիանա   Գամբարոսեանի հետ:

-Բարի՛ գալուստ Հայրենիք: Շնորհաւորում եմ «Դալարի»` առաջին անգամ Հայաստանում ունենալիք համերգների եւ հայկական տարազների ցուցադրութիւնների առիթով:

-Շնորհակալութիւն: Շատ ուրախ եւ յուզուած ենք ջերմ ընդունելութիւնից: Շնորհակալութիւն Սփիւռքի նախարար տիկին Հրանոյշ Յակոբեանին` այսօրինակ գեղեցիկ, հայրենասիրական նախաձեռնութիւնների, ծրագրերի համար:

Ես շատ եմ եղել Հայաստանում, միշտ էլ` կարեւոր, յիշարժան առիթներով: Շատ ուրախ եմ, որ այս անգամ եւս առիթը կարեւոր է` գիտաժողով, «Դալար»  համոյթի  ելոյթներ, հայկական տարազների  ցուցադրութիւններ, «Մարմարա» օրաթերթի  70-ամեայ յոբելեանին նուիրուած միջոցառում: Խումբն այստեղ կը մնայ  մէկ շաբաթ, իսկ ես` 15 օր, որպէսզի այցելեմ հարազատներիս:

Կը վայելենք աշնանային հաճելի օրերը, ականատես կը լինենք նաեւ Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձի  տօնակատարութեանը:

-Տիկի՛ն Դիանա, ի՞նչ աշխատանք էք տանում Պոլսի հայկական  համայնքում: 

-Ես չեմ պատկերացնում իմ կեանքն առանց համայնքային աշխատանքի: 50 տարի համայնքի հետ եմ: Մխիթարեան  սանուց միութեան առաջին կին անդամն եմ եղել: Համայնքի «Գալֆայան»  աղջիկների որբանոցի փոխնախագահն եմ,  ունենք նաեւ տղաների «Կարագեօզեան»  որբանոցը: Աշխատանք միշտ էլ կայ, եւ  ես սիրով  ու նուիրումով եմ աշխատում: Միշտ պատրաստ եմ ծառայել իմ հարազատ համայնքին, իմ ժողովրդին:

-Ովքե՞ր եւ ե՞րբ են   հիմնադրել Մխիթարեան սանուց միութիւնը, քանի՞ նմանատիպ միութիւններ կան Ստամբուլում: 

-Մխիթարեան սանուց միութիւնը Թուրքիայի մէջ առաջինն էր. հիմնադրուել է 1946 թուականին, մեծ հայերի` Ռոպեր Հատտեճեանի,  Զարեհ Եալդըրճեանի ¥զահրատ¤, Արտօ Ջիւմբուշեանի ջանքերով: Այն միշտ գրական, թատերական, մշակոյթի, արուեստի կենտրոն ու ջատագով  է եղել: Այժմ ունենք 11 սանուց միութիւն:

-Քանի՞ հայկական վարժարան է գործում: 

-16 վարժարան ունենք: Ժամանակին 23-ն ունէինք, սակայն հիմա թիւը նուազել է,  որովհետեւ աշակերտների պակաս ունենք: Հայաշատ թաղերից մէկում նոյնիսկ 4 վարժարան կար, բայց հիմա պատկերն այլ է:

Մենք հպարտ ենք մեր ունեցած վարժարաններով, մեր երկու հիւանդանոցներով, ուր հրաշալի ատենապետ ունենք` Պետրոս Շիրինօղլուն: Հիւանդանոցները յագեցած են բժշկական նորագոյն սարքաւորումներով, հրաշալի կահաւորում ունեն եւ լաւ մասնագէտներ: Ստեղծուած են այնպիսի պայմաններ, որ հիւանդները, այցելուները հոգեբանօրէն լաւ զգան, չընկճուեն:

-Տիկի՛ն Դիանա, ե՞րբ է ստեղծուել «Դալար» համոյթը եւ ինչու՞ «Դալար» …

-Ստեղծուել է 1997-ին Ջուլիայ Մութլուի կողմից եւ գործում է Մխիթարեան սանուց միութեան հովանու ներքոյ: 2006 թուականին էլ ստեղծուեց փոքրերի «դալարիկէ պարախումբը: Անունն էլ նշանակում է, որ նոր է, դալար է: Խմբի պարողները պրոֆէսիոնալներ չեն, չունեն մասնագիտական կրթութիւն,  ինչպէս Հայաստանի պարախմբերում, սակայն պարապում են փութաջանօրէն եւ սիրով: Մեզ շատ է աջակցում հայաշատ Շիշլիի փոխքաղաքապետը, ով ազգութեամբ հայ է:

-Ովքե՞ր են  ձեւաւորում եւ կարում տարազները:

-Խմբի գեղարուեստական ղեկավար Ջուլիայ Մութլուն եւ ձեւաւորող Ժանի Փափազեանը: Այսօր էլ եկել ենք Հայաստանում ցուցադրելու 18-19-րդ դարերի հայկական տարբեր գաւառների տարազները, որոնք պատրաստել են  Ջուլիայ Մութլուն եւ Ժանի  Փափազեանը:

-Ի՞նչ մասնագէտ էք: 

-Ես տուրիզմի մասնագէտ եմ: Շատ զբօսաշրջիկների եմ բերել Հայաստան, բայց հիմա մասնագիտութեամբս չեմ աշխատում:

-Ասացիք, որ արդէն 21-րդ անգամ էք Հայաստանում: Բնականաբար, Ձեր այցելութիւնների ընթացքում պատմամշակութային յուշարձաններ էք այցելել, եղել էք Հայաստանի տեսարժան վայրերում. ո՞րն է դրանցից  առաւել սիրելի Ձեզ համար: 

-Հարկաւ, շատ տեսարժան վայրեր եմ այցելել: Բոլորն էլ ինձ սիրելի են` Խորուիրապը, Տաթեւը… Բայց պիտի առանձնացնեմ Մատենադարանը, ուր շատ բարեկամներ ունեմ: Շատ եմ սիրում Հանրապետութեան հրապարակը. ամէն այցիս շրջում եմ հրապարակում, վայելում շատրուանների երգը: Նոր ենք եկել Հայաստան, դեռ չեմ հասցրել  այցելել որեւէ տեղ: Մեր յաջորդ հանդիպմանը կը պատմեմ իմ տպաւորութիւնների մասին:

Անչափ սիրում եմ Հայրենիքս: Երեւանը գեղեցիկ է եւ տարէցտարի գեղեցկանում է, բայց ինձ համար
արտաքին տեսքը երկրորդական է. կարեւորը ժողովրդի բարեկեցութիւնն է, աշխատատեղերի ստեղծումը, որ հայերը չգնան ուրիշ երկրներ: Թուրքիայ էլ են շատ գալիս աշխատելու: Ցանկութիւնս է, որ հայերն ապրեն ու աշխատեն Հայաստանում, Հայաստանի համար: Հայերն արժանի են լաւ ապրելու:

Զրուցեց Կարինէ Աւագեանը

Scroll Up