Նկարիչների համահայկական «զրոյց»

Հալէպում գործում է «Սեզդէտ» խմբակը, որի կազմում ընդգրկուած են նկարիչներ Արտօ Համբարձումեանը, Զաւէն Բարդակչեանը, Վիգէն Շառոյեանը, Հրազդան Թոքմաջեանը, քանդակագործ Վարդգէս Բարսումեանը, ծաղրանկարիչ Վրէժ Քասունին:

Սիրիահայ նկարիչները տօնական այս օրերին Հայաստանում են. նրանց աշխատանքները ներկայացուած են օրերս բացուած Կերպարուեստի համահայկական ցուցահանդէսում եւ մինչեւ սեպտեմբերի 26-ը կը ցուցադրուեն Հայաստանի նկարիչների միութեան ցուցասրահում:

Ցուցահանդէսի բացման օրը նրանց հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:

Կերպարուեստի համահայկական ցուցահանդէսին ներկայացուած են Արտօ Համբարձումեանի երկու աշխատանքները` «Անուէրնագիր 19», «Նուիրուածութիւն»:

– Նախնիներս Էրզրումից եւ Մուսալեռից են. ես բնակւում եմ Հալէպում: Գրաֆիկայով, դիզայնով եմ զբաղւում, նկարչական գործեր եմ անում: Տարբեր առիթներով իմ աշխատանքները ցուցադրուել են Հայաստանում, բայց այս ցուցահանդէսը մեզ համար յատուկ նշանակութիւն ունի, քանզի համընկնում է Հայաստանի անկախութեանը տօնախմբութիւնների ընթացքին: Կը յուսամ, որ նման առիթները կը շարունակուեն, ու իմ երկրից անպակաս կը լինեն յաջողութիւնների ու յաղթանակների տօները:

– Ին՞չ է Ձեզ համար անկախութիւնը:

– Իւրաքանչիւր մարդու համար անկախութիւնը հիմնական խնդիրն է իր մտածելակերպին, ապրելակերպին, իր կեանքին սլացք ու իր մտքին թռիչք տալու համար: Եթէ գոց շրջապատում ու ոչ անկախ վիճակում ես ապրում, քո մտքերն ինքնամփոփ ու կաշկանդուած կը լինեն: Մենք այդ շրջանը տեսել ենք ու անկախութեան պակասը զգացել ենք. ոչ անկախ վիճակը մեր ձեռքերը, մեր միտքը, մեր թռիչքը, մեր սլացքը կաշկանդել է:

-Ե՞րբ էք սկսել համագործակցել հայաստանեան նկարիչների հետ: 

– Հայաստանեան նկարիչների հետ մեր համագործակցութիւնը սկսուել է անկախութիւնից յետոյ. Այն 20-ամեայ պատմութիւն ունի: Սկիզբ է առել անկախութիւնից ու դեռ երկար կը շարունակուի: Սփիւռքահայ նկարիչները ցուցադրւում են հայրենիքում, Հայաստանում ապրող նկարիչները` Սփիւռքում:
Ես նաեւ Համազգայինի շրջանային վարչութեան ատենապետն եմ եւ շատ առիթներ եմ ունեցել Հալէպում գործակցել հայ նկարիչների հետ:

– Ինչպէ՞ս էք գնահատում այդ համագործակցութիւնը:

– Մենք անցեալ տարի ՀՀ սփիւռքի նախարարութեան հրաւէրով մասնակցեցինք Համահայկական նկարիչների միութեան խորհրդաժողովին: Կը կարծեմ, որ այս կապերը տակաւին չեն հասել իրենց արդիւնքին, բայց համոզուած եմ, որ գնալով ամէն ինչ աւելի կը զարգանայ: Նման ձեռնարկները, համատեղ ցուցահանդէսները յաջողութեան գրաւականը կարող են դառնալ:

Վիգէն Շառոյեանը տեքստիլի դիզայնով զբաղուող կենտրոն ունի: Կերպարուեստի համահայկական ցուցահանդէսին ներկայացուած են նկարչի երկու ջրաներկ աշխատանքները` «Կիլիկիա», «Փոթորկոտ ծով».

– Ես ջրաներկով եմ նկարում, առաջ հիմնականում բնանկար էի անում, բայց այժմ երազային մտքերի գործեր եմ անում:

1999 թուականից Հայաստանում տարբեր առիթներով ցուցադրւում են իմ աշխատանքները: Հաճոյքով համագործակցում ենք հայ նկարիչների հետ եւ հնարաւորութեան դէպքում  սիրով մասնակցում ենք Հայաստանում կազմակերպուող տարբեր ցուցահանդէսների. ինչու չէ` նաեւ Հալէպում ենք հանդիպում:

Ընդհանրապէս հալեպահայ արուեստագէտների համար երազ է, պարծանք Հայաստանում ցուցադրուելը: Շատ ուրախ եմ, որ Անկախութեան տօնի նախօրէին Հայաստանում եմ գտնւում: Շնորհակալ եմ ՀՀ սփիւռքի նախարարութեանը, նախարար Հրանոյշ Յակոբեանին, իմ ազատ-անկախ Հայաստանին, որը մեզ պարծանքով է ընդունում:

Զաւէն Բարդակչեանի աշխատանքները 1960 թուականից ի վեր ցուցադրւում են Սիրիայում: Իսկ հայրենիքում նկարիչը ցուցադրուելու հնարաւորութիւն է ունեցել Անկախութիւնից յետոյ.

-Անկախութիւնը Հայաստանին տուեց ազատութիւն, իսկ սփիւռքահայ նկարիչներին` հայրենիքում ցուցադրուելու հնարաւորութիւն:

Այս ցուցահանդէսում ցուցադրւում են իմ երկու աշխատանքները` «Նախքան սկիզբ», «Վերջից յետո»: Գործերս վերացական են, աբստրակտ ոճի մէջ: Իմ կտաւներում ծանօթ առարկաների չէք հանդիպի, բայց խորք մը ունի, որը չես կարող ասել, թէ դիտողին ուր կը տանի, հորիզոն մը կայ, որը խորհելու, մտածելու, մարդկային հոգեկան աշխարհներու բացատրութեան առիթ է տալիս:

Շատ գոհ եմ, որ նման նախաձեռութիւն է իրականացուել: Այս ցուցահանդէսը Սփիւռք-Հայաստան կապը զօրացնելու լաւագոյն ճանապարհն է: Այս նախաձեռնութեան շնորհիւ հնարաւորութիւն ունեն հանդիպել աշխարհի տարբեր կողմերում ապրող հայ նկարիչներն ու միասին ցուցադրուել, խորհել ու «Զրուցելէ իրենց կտաւների միջոցով: Իսկ Հայաստանը մեզ համար մէկ անգամ եւս ներշնչաքանի աղբիւր մը կարող է դառնալ:

Զրուցեց Լուսինէ Աբրահամեանը

Scroll Up