«Եկել եմ մասնակցելու համաժողովին եւ … ամուսնանալու…»
«Հայրենիքում, բացի մեր սեփական հայրական օջախներից, մենք մի հարազատ տուն էլ ունենք` Սփիւռքի նախարարութիւնըէ,- «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Թուրքմէնստանի Մարի քաղաքի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Մարտիրոսեանը, ով հիւրընկալուել էր ՀՀ սփիւռքի նախարարութիւնում:
-Ի հարկէ, սա մեր` բոլոր հայերիս տունն է, եւ ցանկացած պարագայում ես հրաշալի տրամադրութեամբ եմ գալիս Հայաստան: Ասես վերալիցքաւորւում եմ Հայրենիքիս օդից, ջրից, արեւից եւ այդ լաւ տրամադրութիւնը, դրական էներգիան հետս տանում եմ Թուրքմէնստանում ապրող իմ հարազատներին, հայրենակիցներին:
-Ո՞րն էր Հայաստան գալու առիթը:
-Ես գրեթէ ամէն տարի գալիս եմ, բայց այս անգամ նաեւ հրաւէր ունեմ մասնակցելու Հայաստան-սփիւռք համաժողովին:
-Քանի՞ հայ է այսօր ապրում Թուրքմէնստանում:
-Մօտաւորապէս 27000-ից 28000 հայեր են բնակւում, ովքեր հիմնականում եկել են Ղարաբաղից, Գորիսից, եւ արդէն մի քանի սերունդներ ծնուել ու մեծացել են Թուրքմէնստանում եւ ինչ-որ տեղ այն համարում են իրենց հայրենիքը:
Հայերն այստեղ բնակուել են վաղ ժամանակներից, սակայն նրանց զանգուածային բնակութիւնը սկսուել է19-րդ դարի 80-ական թուականներից, երբ ձեռնարկուեց Միջինասիական երկաթուղու շինարարութիւնը: Դեռեւս 1919-20թթ. այդ երկրում լոյս էին տեսնում հայկական «Շեփոր» եւ «Կոչնակ» թերթերը:
-Իսկ հիմա ինչո՞վ են զբաղւում հայերը, ո՞ր բնագաւառներում են աշխատում:
-Հիմնականում զբաղւում են առեւտրով: Շատերը բիզնեսի ոլորտում են:
– Մարիում որքա՞ն հայ է բնակւում. հայաստանցիներ կա՞ն:
-Մարիում բնակւում են մօտ 5000 հայեր: 4-5 ընտանիք կայ Հայաստանից` Երեւանից եւ Էջմիածնից: 99 %-ը Թուրքմէնստանում ծնուածներ են:
-Հայերի տեղաշարժ կա՞յ Թուրքմէնստանից դէպի եւրոպական երկրներ:
-Կայ, բայց ոչ դէպի Եւրոպա, այլ Ռուսաստանի Դաշնութիւն:
-Որտե՞ղ են նախընտրում բարձրագոյն կրթութիւն ստանալ հայերը:
-ՌԴ-ում, Հայաստանում: Ինքս եմ շատերին ուղղորդել Հայաստան` Սլաւոնական համալսարան, Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարան, որովհետեւ նրանք չեն տիրապետում մայրենի լեզուին:
-Մշակոյթի, սպորտի բնագաւառներում կան ճանաչուած հայեր…
-Սպորտի բնագաւառում յայտնի է Սերգեյ Առուշանեանը. նա Թուրքմէնստանի եռակի չեմպիոն է ազատ ոճի ըմբշամարտի գծով:
-Հայկական դպրոց, եկեղեցի, թերթ ունի՞ համայնքը:
-Ունենք դպրոց, ուր դասաւանդել եմ ինքս, բայց համայնքային աշխատանքները շատ են, չեմ հասցնում, այժմ մայրս է դասաւանդում. նա մանկավարժ է : Դպրոցում դասաւանդւում են հայոց լեզու, գրականութիւն, հայոց պատմութիւն: Ես միշտ բացում էի Հայաստանի քարտէզը, պատմում մեր երկրի մասին, ներկայացնում հայոց պատմութեան կարեւոր դրուագները: Զարմացած լսում էին…գիտէ՞ք ինչու… Ընտանիքներում երբեւէ չէին լսել:
Սփիւռքում ազգային ինքնութիւնը պահպանելու համար շատ կարեւոր է ընտանիքի դերը: Կառուցում ենք մատուռ, եկեղեցի չունենք, մկրտութեան, հարսանեկան ծէսերի համար գնում ենք ռուսական եկեղեցի: Ընկերներով որոշեցինք ձեռնարկել այդ գործը, յետոյ մեզ միացան նաեւ ուրիշ հայ գործարարներ: Ուզում եմ Հայաստանից վարդագոյն տուֆ տանել երեսպատման աշխատանքների համար: Թերթ, ամսագիր չունենք: Տխուր փաստ է, սրա բացակայութիւնն էլ իր բացասական կնիքն է թողնում հայեցի դաստիարակման խնդրի վրայ:
-Ի՞նչ յաճախականութեամբ է հաւաքւում համայնքը:
-Վարչութեան անդամները հաւաքւում են երկու ամիսը մէկ, իսկ համայնքի անդամներով`աւելի յաճախակի: Նշում ենք հայկական աւանդական տօները, Հայ առաքելական եկեղեցու տօները, կազմակերպում ենք հայկական երեկոներ, որպէսզի տեղի հայերը ճանաչեն իրար, շփուեն, չմեկուսանան: Ունենք «Նաիրի» պարի խումբ, որն այդ առիթներով ներկայացնում է գեղեցիկ ազգային պարեր:
-Ինչը՞ Ձեր ընտանիքին տարաւ Թուրքմէնստան:
-Հայրս գործերով գնաց, յետոյ տարաւ մեզ. այդ ժամանակ ես 4-րդ դասարանի աշակերտ էի: Յետագայում եկայ եւ ուսում ստացայ Հայաստանում:
-Ձեր մասնագիտութեա՞մբ էք աշխատում:
-Ցաւօք սրտի` ոչ: Ես քաղաքագէտ եմ, իսկ Թուրքմէնստանում ուրիշ ազգեր այդ ոլորտում չեն աշխատում. ես Մարիի հայկական համայնքն եմ ղեկավարում եւ զբաղւում եմ բիզնեսով:
-Ձեր կարծիքով` ինչու՞ հայերը չեն վերադառնում Հայաստան:
-Թուրքմէնստանում կենցաղավարելը հեշտ է: Լոյսը, գազը, ջուրը անվճար են, աւելի ճիշտ` պետութիւնը բնակչութեանն այնքան շատ սպառողական անվճար քանակ է յատկացնում, որ նրանք չեն էլ կարողանում սպառել:
-Այսինքն` նիւթական ապահովուածութիւ՞նն է Հայրենիք չվերադառնալու պատճառը…
-Այո՛, նաեւ պիտի ասեմ, որ ցածր է Թուրքմէնստանի հայերի ազգային ինքնագիտակցութեան մակարդակը: Երբ դասաւանդում էի դպրոցում, պարզուեց, որ հայ երեխաները ծանօթ չեն Եղեռնի պատմութեանը,նրանցից շատերն անգամ չէին լսել Արարատի անունը, չէին ճանաչում հայոց մեծերին` գրողներին, ազգային ու պետական գործիչներին, երգահաններին, երաժիշտ-կատարողներին:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ համագործակցում էք Սփիւռքի նախարարութեան հետ:
-Երկու տարի է` այդ կապերը կան: Նախարարութիւնը մեծ օգնութիւն է ցուցաբերել` տրամադրելով դպրոցական դասագրքեր, գեղարուեստական գրքեր, խտասալիկներ:
-«Արի տուն» ծրագրին այս տարի Թուրքմէնստանից ընդամէնը մէկ հոգի մասնակցեց, ինչու՞…
-Պատճառներից մէկը ճանապարհածախսն է, երկար ճանապարհ գալը, միւսն այն է, որ աղջիկներին միայնակ թոյլ չեն տալիս դուրս գալ քաղաքից: Անցեալ տարի ծրագրին մասնակցեց չորս հոգի:
-Երբեւէ մտածե՞լ էք վերադառնալ Հայաստան:
-Այո՛, արդէն մտածել եմ, որոշել եմ նաեւ այստեղից աղջիկ ընտրել եւ ամուսնանալ:
Մեզ մնում է միայն ցանկալ Աշոտ Մարտիրոսեանին` երիտասարդ քաղաքագէտին եւ հայկական համայնքի ղեկավարին, երազանքների շուտափոյթ իրականացում:
Զրուցեց Կարինէ Աւագեանը