Ես չեմ պարծենում իմ ազգանունով. կարծում եմ` դա վուլգար է

«Ամենալաւ բանը, որն արել է ինձ համար հայրս, դա այն է, որ նա ինձ նուիրել է ազատութիւն»,- RFI–ին տուած հարցազրոյցում ասել է աշխարհահռչակ շանսոնյէ, Շուեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրի որդին` Միշա Ազնաւուրը:Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ:

-Ասացե´ք, Միշա´, ինչպէ՞ս էք ընկալում ձեր հօրը, եւ արդեօ՞ք Ազնաւուր ազգանունը օգնել է ձեզ դռներ բացել:

-Ես գիտակցում եմ, որ շատերն են սիրում նրան, հիանում են նրանով եւ երբեմն նրան կուռք են դարձնում: Հնարաւոր է` մի քիչ գոռոզութիւն կը լինի ասել, սակայն նա կուռք է, նա իր տեղն ունի: Նա նման չէ այս աշխարհի միւս դերասաններին: Նա իր աշխարհն ունի, նա շատ ընտանեկան մարդ է: Կարծում եմ, որ դա նրա հայկական արմատներից  է:

Սակայն, միեւնոյն ժամանակ, նա ընդգծուած անհատականութիւն է: Նրա համար առաջին տեղում կարիերան է: Եթէ նոյնիսկ նա այդ ամէնն անում է մեզ համար, նրա աշխատանքը մի աշխարհ է, որտեղ մեզ համար մուտքն արգելուած է, նա չի սիրում միջամտութիւն: Նա սիրում է ամէն ինչ ինքն անել: Այն, որ ես կրում եմ Ազնաւուր ազգանունը, չեմ կարող ասել, որ ինձ օգնել է դռներ բացել: Ես չեմ պարծենում իմ ազգանունով. կարծում եմ` դա վուլգար է: Ես անգամ նախընտրում եմ չասել մարդկանց, որ ես Ազնաւուրի որդին եմ:

-Իսկ եղե՞լ են պահէր, երբ Ձեզ օգնել է ազգանունը:

-Այո´, երբ ես եկայ Մոսկուա, գնացի Հայաստանի դեսպանատուն: Այնտեղ ինձ օգնեցին տեղաւորուել: Արդէն 4 տարի է` Մոսկուայում չեմ եղել, սակայն ցանկանում են վերադառնալ այնտեղ: Ռուսաստանն ինձ շատ բան տուեց: Այն ժամանակ իմ կեանքում անցումային շրջան էր, այն  ժամանակ ցանկանում էի ինչ–որ նոր բան փորձել եւ ինչ–որ բան ապացուցել ինքս ինձ:

-Ի՞ նչ տպաւորութիւններ ունէք Մոսկուայից:

-Յայտնուելը այնպիսի քաղաքում, ինչպիսին Մոսկուան է, որտեղ կեանքը շատ բարդ է, եւ որտեղ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր յամառօրէն աշխատում են նորմալ ապրելու համար, շատ օգտակար եղաւ յատկապէս 20 տարի Փարիզում անհոգ կեանքով ապրելուց յետոյ: Մոսկուա մեկնելուց առաջ ես մի տեսակ կարօտախտ ունէի, կարծես  երկար ժամանակ այնտեղ եմ ապրել: Ինձ շատ մօտ է ռուսական ոգին: Նոյնիսկ որոշ չափով աւելի շատ, քան հայկականը: Ռուսաստանը լի է հանելուկներով: Երբ մեքենայով գնում ես Մոսկուայից Սանկտ Պետերբուրգ եւ անցնում անտառներով եւ լայնարձակ տարածութիւններով, թւում է` դա հեքիաթային երկիր է:

-Ինչպէ՞ս էք Ձեզ զգում, երբ գնում էք Հայաստան:

-Երբ ես, օրինակ, գնում եմ Երեւան, չեմ կարող ասել, թէ ինձ զգում եմ ինչպէս տանը: Դա իմ երկիրը չէ: Հայաստանը դեռեւս կառուցուող երկիր է, այնտեղ շատ բանէր դեռ անկանոն վիճակում են: Ի հարկէ Ռուսաստանում նոյնպէս կայ այդ խնդիրը, բայց դրա հետ մէկտեղ այնտեղ ինչ–որ էներգիայ կայ: Երեւանում չկայ այդ խելագար էներգիան: Մոսկուան կարծես Նիւ Եորքը լինի: Այնտեղ մարդիկ աշխատում են, մշտապէս շարժման մէջ են: Մարդիկ երազում են յաջողութեան հասնել, աշխատել մեծ փողեր: Հայաստանում ինչ–որ մեկուսացուածութիւն կայ:

-Դուք Ձեր առաջին գիրքը հրատարակել էք Ռուսաստանում, այնուհետեւ` Ֆրանսիայում, սակայն Միշա Լեյվ կեղծանունով: Մոսկուայում գիրքը շատ աւելի յայտնի է, քան այստեղ: Դրանում ինչ–որ դերակատարութիւն ունեցե՞լ է ազգանունը:

-Իհարկէ, որոշ չափով ունեցել է: Սակայն այստեղ այն ընթերցողները, որոնք ցանկանում էին իմանալ, գիտէին, որ Միշա Լեյվն Ազնաւուրի որդին է: Սակայն կարծում եմ, որ Մոսկուայում յաջողութիւնը դրա հետ էր կապուած, ուղղակի այնտեղ աւելի լաւ էր կազմակերպուած պրոմոյ ակցիան:

-Ձեր հայրը Ձեզ ասե՞լ է` ինչով զբաղուել, արդեօ՞ք նա Ձեզ տուել է կեանքի ուղենիշներ:

-Ո´չ, նա ունի իր աշխարհը: Նա էգոիստ չէ, սակայն, եթէ կարելի է այսպէս ասել, նա ունի իր այգին: Եթէ ես ցանկանայի նոյնպէս երգել, նա չէր նախանձի եւ ինձ չէր արգելի դա անել: Նրա համար միեւնոյնն է` ինչով եմ ես զբաղւում, կարեւորը` ինձ համար լաւ եւ անվտանգ լինի:

Ես գրում եմ, չեմ երգում: Ընդհանրապէս  ես դիլետանտի կեանքով եմ ապրում. եթէ ցանկանում եմ գրել, գրում եմ, եթէ ցանկանում եմ լուսանկարել, լուսանկարում եմ: Բախտս շատ է բերել այդ ազատութիւնն ունենալու հարցում: Հայրս աշխատել է 60 տարի, եւ նա աշխատել է այն փողերը, որոնք ինձ ազատութիւն են շնորհել: Ես անում եմ այն ամէնը, ինչը ցանկանում եմ:

Ամէն մարդու մօտ կեանքը իւրովի է դասաւորւում: Կան ուրիշ յայտնի մարդկանց երեխաներ, օրինակ` Էնրիկէ Իգլեսիասը, որը իր հօր պէս նոյնպէս որոշեց փառահեղ կարիերա սարքել: Դա բնաւորութեան գիծ է: Ես նման բան չունեմ: Ես իմ աշխարհն ունեմ,  եւ ինձ աւելին պէտք չէ: Ես յաւակնութիւններ ունեմ` լինել երջանիկ եւ լաւ զգալ:

Scroll Up