Յոյսը զօրաւիգ…

Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ  կանադահայ գրող Մոնա-Մարիան Մարիկեանի «Յոյսը զօրաւիգ»  գրքի շնորհանդէսը: Ներկայացնում ենք«Հայերն այսօրի» թղթակցի հարցազրոյցը հեղինակի հետ:

– Տիկի´ն Մարիկեան, մի փոքր պատմե´ք Ձեր ընտանիքի մասին:

– Մեծ հայրս Եղեռնի զոհ է դարձել: Հայրս իր երկու եղբայրների եւ մօր հետ, բռնելով գաղթի ճամփան, հասել է Դեր Զօր, ապա հաստատուել Եգիպտոսում: 1946 թուականին հայրենադարձուել է Հայաստան: Սակայն 1975 թուականին նորից բռնել է գաղթի ճանապարհը, որն այս անգամ նրան տեղափոխել է Կանադա: Ես ծնուել եմ Բաթումում` ներգաղթի ճանապարհին: Աւարտել եմ Երեւանի պետական համալսարանը:

– Իսկ ինչպէ՞ս ծնուեց «Յոյսը զօրաւիգ» գիրքը:

– Այս գիրքն իմ ընտանիքի պատմութիւնն է: Իմ առաջին եւ հաւանաբար վերջին գիրքն է: Ես գրող չեմ,  եւ այս գիրքը շատ պատահաբար է ծնուել: Հայրս` Ժոզեֆ Մարիկեանը, մի քանի անգամ փորձել է գտնել մէկին, ով կ’ուզենար գրի առնել իր կեանքի պատմութիւնը, բայց չհանդիպելով նման անձնաւորութեան` հրաժարուել է այդ մտքից: Մի օր ես միտքս եկածները խզբզում էի թղթի վրայ,  քոյրս եւ ընկերուհիս կարդացին եւ ասացին, որ լաւ գրիչ, լեզու ունեմ եւ յորդորեցին գրել ծնողներիս պատմութիւնը: Իսկ երբ պատահաբար գտանք հօրս գրառումները, ես քաջալերուեցի, ու այսպէս ծնունդ առաւ այս գիրքը:

– Ինչի՞ մասին է գիրքը:

– Գրքի հիմնական պատմութիւնը հայրենդարձների կեանքն է Հայաստանում 1946-ից մինչեւ 1975 թուականը: Բոլոր իրադարձութիւնները, վայրերը, անձնաւորութիւնները վաւերական են: Իմ ընտանիքի պատմութեան շրջանակներում ես փորձել եմ ներկայացնել 1948-1975 թուականների այն մարդկանց ոդիսականը,  ովքեր ինքնակամ, յանուն հայրենիքի սիրոյ որոշել էին ապրել կոմունիստական վարչակարգի լծի ներքոյ: Բայց անկախ այս ամէնից` ներգաղթողները իւրացրին հանրային կեանքի երեք հիմնական սկզբունքները` սէրը, համակեցութիւնն ու երեւոյթները լաւ կողմերից դիտելու հրաշալի նախանձախնդրութիւնը: Կոմունիստական երկիրը նրանց համար դարձաւ «կեանքի համալսարանէ: Շատ դվարութիւններ են եղել, բայց յոյսը միշտ զօրաւիգ է եղել նրանց: Յոյս, որ ամէն ինչ լաւ է լինելու,  եւ այդ յոյսն է, որ նրանց պահել է:

– Իսկ միթէ՞ Սփիւռքում ապրելը դժուար չէ :

– Ի հարկէ, դժուարութիւններ կան. օտար երկիրն ամենեւին էլ դրախտ չէ: Կապուած  է նաեւ տարիքից. եթէ մեծ տարիքում ես յայտնւում Սփիւռքում, դժուար է ապրել, յարմարուել: Երիտասարդ տարիքում աւելի հեշտ է: Բայց օտար երկիրը մնում է օտար երկիր, որքան էլ այն լաւը լինի: Իսկ սէրը հայրենիքի նկատմամբ անշէջ է…

– Տիկի´ն Մարիկեան, ինչքա՞ն ժամանակ կարող է Սփիւռքում յոյսը զօրաւիգ լինել:

– Յոյս ունեմ, որ երկար, մինչեւ վերջ: Այս ուղղութեամբ շատ մեծ գործ են անում ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, Սփիւռքի դպրոցները, ակումբները, ընտանիքները: Սակայն ցաւալի է, որ շատ են խառնամուսնութիւնները: Եւ այս ուղղութեամբ պէտք շատ աշխատել:

Զրուցեց Լուսինէ Աբրահամեանը

Scroll Up