Առանց հետախուզութեան` ոչ մի քայլ…

Զօրապետների համար չափազանց կարեւոր են յարձակուող հակառակորդի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, մտադրութիւնների, շարժման հնարաւոր ուղղութիւնների մասին ժամանակին ստացուած տեղեկութիւնները: Դրանք օգնում են նրանց մարտավարութեան ընտրութեան, սեփական ուժերի դասաւորման, մի խօսքով` պաշտպանութիւնը ճիշտ կազմակերպելու ու թշնամուն ջախջախելու հարցերում: Չնայած այն իրողութեանը, որ գիտատեխնիկական առաջընթացի մեր ժամանակներում հետախուզութիւնն աւելի շատ կատարւում է արբանեակային կապի, ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով, չի նուազում սակայն մարդու, իր հայրենիքին նուիրուած զինուորի բերած տեղեկութիւնների արժէքը: Ընդհակառակը, գնալով աւելանում են հետախուզական ստորաբաժանումների առջեւ դրուող խնդիրները, որոնց իրականացման համար նրանք պէտք է ունենան մարտավարամասնագիտական չափազանց բարձր պատրաստականութիւն: Ազգային բանակի հետախուզական զօրամասերի ու առանձին ստորաբաժանումների մասնագիտական պատրաստականութիւնը քննարկման ենթակայ չէ, այն շատ բարձր է բոլոր առումներով, իսկ զօրային հետախոյզների ունակութիւններին ծանօթանալու համար պատահական ընտրութեամբ այցելեցինք գնդապետ Ա. Տօնոյեանի մոտոհրաձգային զօրամաս:

Զօրանոցը, որը յատկացուած էր հետախուզական վաշտին, ձեւաւորուած էր մասնագիտական տեսողական նիւթերով, լուսանկարներով, կարգախօսներով, որոնց մէջ առանձնանում էր` «առանց հետախուզութեան` ոչ մի քայլ…» նշանաբանով պաստառը:

-Ամբողջ զօրամասին է վերաբերում, մենք պէտք է իրավիճակը ճշտենք, զեկուցենք, որից յետոյ հրամանատարութիւնը կ’որոշի` պէտք է առաջ շարժուել, թէ` ոչ,- պարզաբանեց ծառայութեան պետ, մայոր Ա. Սահակեանը:

Այնուհետեւ նա ներկայացրեց վաշտի վերջին տարիների ձեռքբերումները, նուաճած գաւաթը, պատուոգրերը: Պարզուեց` երկու տարի անընդմէջ վաշտն առաջին տեղն է գրաւել հետախոյզների համար նախատեսուած համար 27 վարժաձեւի համաբանակային մրցումներում եւ եթէ այս տարի էլ յաղթի` «կսեփականացնի» գաւաթը: Միաժամանակ, հոկտեմբերի 16-ին, ուսումնական կենտրոնում անցկացուած «լաւագոյն հետախուզական խումբէ մրցոյթում վաշտը զիջել է միայն առաջին զօրամիաւորման հետախուզական խմբին եւ վարչութեան պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետեանի կողմից պարգեւատրուել պատուոգրով, որի վրայ գրուած է. «…տրւում է N զօրամասի վաշտին համաբանակային մրցոյթում ուժի, ճարպկութեան եւ դիմացկունութեան լաւագոյն արդիւնք ցոյց տալու համար»:

-Այստեղ էլ ենք երկրորդ անգամ նոյն արդիւնքը ցոյց տալիս,- ասաց մայոր Ա. Սահակեանը եւ մեր խնդրանքով ներկայացրեց մրցոյթի մանրամասները:- Առաջին տեղ ենք գրաւել հետախոյզի արահետի անցումից, հինգ հազար մետր վազքից, արգելագօտու յաղթահարումից, ռազմերթից, երկրորդ արդիւնքն ենք ցոյց տուել ռազմական տեղագրութիւնից, խարոյկ վառելուց, բազաւորումից եւ առաջին բուժօգնութիւնից:

-Անդրադառնալով ուսումնական գործընթացին` նա նշեց, որ տարուայ ընթացքում երկու անգամ վաշտը տեղափոխւում է ուսումնական կենտրոն եւ յատուկ պայմաններում մասնագիտական պարապմունքներ անցկացնում, դրանից բացի, մասնակցում զօրամասի մոտոհրաձգային գումարտակների դաշտային ելքերին, ճամբարային հաւաքներին ու զօրավարժութիւններին, անցկացնում առանձին զօրավարժութիւն:

Քանի որ վաշտը նախապատրաստւում էր համար 27 վարժաձեւի առաջիկայ մրցումներին, մայոր Ա. Սահակեանը եւ վաշտի հրամանատար, կապիտան Վ. Քոչարեանն առաջարկեցին ներկայ գտնուել անցկացուող նախապատրաստական պարապմունքին:

Զէնքով երեք հազար մետր վազքի ուղին դուրս էր գալիս զօրամասի տարածքից, ինչի համար էլ նախ ձեռնարկուեցին անվտանգութեան ապահովման միջոցառումները, որից յետոյ ծառայութեան պետն ու վաշտի հրամանատարը կատարեցին անհրաժեշտ հրահանգաւորումը եւ անձնակազմին ոգեւորելով` տրամադրեցին անզիջում մրցակցութեան: Մեկնարկից տասնվեց րոպէ անց, առաջատարները տեղ հասնելով, սկսեցին արգելագօտու յաղթահարումը, վայրկեաններ անց երեւաց վաշտի հիմնական կորիզը:

Կապիտան Վ. Քոչարեանն ամփոփելով արդիւնքները` նշեց, որ ամենաարագը կրտսեր սերժանտ Գեւորգ Սարգսեանն է, նրան յաջորդում են շարքայիններ Մխիթար Վելիցեանը, Վանիկ Վարդանեանը, Գեւորգ Գեւորգեանը, Արթուր Արզումանեանը եւ Աւետիս Աւետիսեանը:

-Առաջինների եւ վերջինների միջեւ տարբերութիւնը շատ չէ, ընդամէնը տասը-տասներկու վայրկեան, որը պէտք է յաղթահարենք եւ մեր ուժերին վստահ` մեկնենք մրցումների, իսկ այժմ յանձնում ենք զէնքը, հակագազը եւ լուացուելով-մաքրուելով` պատրաստւում ճաշի:

ԱՐԱՄ Ներսիսեան
փոխգնդապետ

hayzinvor.am

Scroll Up