Իրանահայ բանաստեղծ Վարանդի յիշողութիւնները Ցեղասպանութիւնը ապրած իր հարազատների մասին

«Նահատակների մարմիններն ու ոսկորները Ասածոյ տաճար են»:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈ Ս

1- Մօրս գերդաստանը

Իմ մօր լուսահոգի Պերճուհի Կիրակոսեան-Քիւրքչեանի (1934-Ահուազ իրան, 1990 (Թեհրան) մայրը՝ վիկթորի Նալպանտեան (Նագաշքարեան…) ծնուել է 1908 թ.

կարին-Էրզրում քաղաքում՝. Ընտանիքը (մայր հայր, մէկ եղբայր, ինքն ու փոքր քոյրը Հերմինէն (Պերճուհին), ապրում էին էրզրումում, մեծ եղբայրը Փարիզում ուսանող էր բժշկագիտական ֆակուլտետում՝, կոտորածը (1915 թ.-ի) սկսուելուն պէս թուրք զինուոր-ասկեարները խուժում են նաեւ նրանց բնակարանը, հօրն ու Փարիզից արձակուրդ եկած եղբօրը քաշում տնից դուրս, անմիջապէս գնդակահարում են պատի տակ, կորչում է փոքր եղբայրը Օննիկը, իսկ 7-ամեայ վիկթորիան նորածին քրոջը գիրկն         առած, միւս գաղթականների հետ քայլում-

թափառում է անապատ հասնելով, սակայն ճամբին յոգնում, պարուրուած քրոջը դնում է մի աչքառու ծառի տակ, շուրջը քար շարում, որ վերադառնայ, կրկին իր հետ վերցնի, գնայ. Շատ չանցած զղջում է, վերադառնում, սակայն… քոյրը արդէն չկար.

Սա ողջ կեանքում մղձաւանջ է դառնում նրա համար, խորհելով, որ ի’ր պատճառով է կործանուել նորածինի կեանքը. Տարիներ,- յիշում եմ,- ընկած էր անկողնում՝ սառած աչքերով. Միշտ ասել է. եարապ, քուրիկս քուրդը-թուրքը տարաւ, գէ՛լր կերաւ :

… Իրաքում հանդիպում է տարեկից մօրաքրոջ աղջկան վերգինէին (Վիրքին մօրքուր էր մեզ համար). Իրար վերստին գտած հարազատները (հանդիպել էին “Սաբունչի” վայրի մէջ), մնում են անբաժան, հետագային Պարսկաստանում (Նոր Ջուղա) յայտնւում- գտնւում է Շերամը մէկ այլ հարազատ, որի դուստր Մարոն այժմ բնակւում է (Թեհրանում մեր տան մօտակայքում. Իսկ մեծ մօրս կորած եղբայր Օննիկը, 1988-89 թթ. գտնւում է մերոնց միջոցով Կլենտէլում, ալեւոյթի հասակի մէջ իր չամուսնացած որդու եւ դստեր հետ.

Մօրս հայրը (բնիկ բասենդի) Ալեքսան (Աղասար) (1907-1965), քոյրը Սալբի

(Uալուինազ), Մանկասար եղբայրը, վերացնում են գերդաստանի ողջ անդամներին։ Մանկասարից էլ լուր չի լինում։ Աղասարն ու Սալբին հասնում են Իրաք {Մուսուլ -Բասրա). Որբանոցներում ամուսնացնում են վիկթորիային ու Աղասարին… (Նահրումար, 1921 թ., Փետր. 21)։ Սալբիին պսակում են կարնեցի որբ Գէորգ Հարունեանի հետ։ Վերգինէն ամուսնանում է համաքաղաքացի Մ. Խումանեանի հետ, կնքահայր քաւորը (մեր գերդաստանի) էրզրումցի խաչիկ Յունանեան։ Նորակազմ ընտանիքները, Շաթուլարաբն անցնել-կտրելով, մտնում են Պարսկաստան՝ Խոռամշահը-Աբադան։

Մօրս ծնողները Աղասարն ու վիկթորիան, միառժամանակ ապրում են նահանգի կեդրոն Ահուազ քաղաքում, ուր ծնուում է մայրս Պերճուհին (1934), հետագային հաստատւում Քերմանշահ քաղաքում ուր կազմւում-կայանում է ընտանիքը։ Վերքինի եւ Աղասարի ընտանիքները մնում են Աբադանում։

Մօրս ընտանիքը երկար տարիներ Խոռամշահ քաղաքում մնալուց յետոյ գալիս հաստատւում են նախ Սուլթան-աբադում (Արաք) եւ ապա Թեհրանում։

Համբարձում (1924-1975), Պերճուհի, Տիգրան (1928-1961), Քնար Յասմիկ։

Ունեցել են նաեւ մի տղայ երեխայ, որը վախճանուել է Քերմանշահում։

Վիկթորիա տատս մի մանուկ վիժելուց յետոյ ունենում է բուռն արնահոսութիւն, որով ամբողջութեամբ կորցնում է հոգեկան եւ ֆիզիկական հաւասարակշռութիւն-առողջութիւնը. քայքայուած ընտանիք էր։ Նրա որդիները մեկնում են Քուէյթ աշխատանքի։ Քոյրերից մեծը Պերճուհին պսակւում է հօրս հետ (1953), Քնարը Սուրէնի հետ (անուանի կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի եղբայրը Պիթլիսի կոտորածից հազիւ փրկուած ազգային կուսակցական գործիչ Արսէն Խաչիկեանի որդին…), փոքր քոյրը Յասմիկը, այդ քաոսային ու անտէր կացութիւնից խոյս տալու նպատակով ամուսնանում է կանուխ եւ շտապ։

Յաջող կեանք չէր սպասում նրան։ Քուէյթից վերադառնալով Համբարձումն ու Տիգրանը նոյնպէս դառնում են բեռնատարի վարորդներ։

Բնակարան կոչուածի մթնոլորտում տիրում էր տխրութիւն, թախիծ, բարկութիւն եւ զայրոյթ։

Համբարձումը չամուսնացաւ, Տիգրանը ոչ յաջող ամուսնութիւն ունենալով տուայտանքից մենութեան, զայրոյթի, անհանգստութեան ու վշտի վայրկեաններին

կեանքի թելը “կտրուեց” 1961-ին՝ 33-ամեայ “ջահէլ-ջիւան հասակ”-ում:

Չնայած մօրը չէին ասում երիտասարդ որդու մահուան մասին       Քուէյթում

է’ ասելով, սակայն երեւի ինչ-որ մայրական կռահումով զգացականութեամբ, նաեւ երկար տարիներ սնունդ չընդունելու չուտելու պատճառով կմախքացած նա էլ վախճանուեց 1961 թ-ի Սեպտեմբերին։

Համբարձումը մօր եւ երիտասարդ եղբօր յանկարծական իրարայաջորդ կորստեան ահաւոր ծանրութեան անհանգստութիւնից դիմում է օղու-խմիչքի օգնութեանը, խմում է տանը կամ էլ բանուորական միջավայրում, եւ չնայած բոլորն էլ փարուած էին ՀՅԴ գաղափարականութեան,- նոյնիսկ կուսակցական յուղարկաւորութիւն-թաղում եղաւ նուիրական մարտական Տիգրան Կիրակոսեանի համար, սակայն բոլշեւիկեան “Թեքում” ունեցող հայ բանուոր-վարորդները մի օր հարբեցնում են Համբոյին, որն էլ դրդուած-խռովայոյզ մտնում է մօտակայ ոստիկանական կայան կեդրոնը, խստաոճ հայհոյում շահին ու Փահլաւի արքայատոհմին, գահաժառանգին ու թագուհուն …, որով բռնւում, ծեծահարւում է խիստ կերպով, կալանաւորուում եւ ապա դատապարտւում երեք տարուայ ազատազրկման “անվտանգութեան մութ կալանավայրեր”-ի մէջ:

Հարցը կայանում է նաեւ դրանում, որ երբ վերադառնում է հայրական գրեթէ թափուր օջախը,- իսկ մենք “փլաւով” գնացել էինք նրան կրկին ողջունելու հանդիպմանը,- մերոնք անդրադառնում են, որ մի բան փոխուած է…։ Բժշկական զննումները փաստում են, որ Համբարձումը կալանքի ժամանակ, գիշերային գաղտնի սրսկումներով վերածուել է անխօս մի կոյտի։

Նա 1975-ի աշնանը մեռաւ մեր ոչ-ընդարձակ բակի իրեն յատկադուած նկուղի մէջ՝ աչքերում մռայլանք ու անխօս բողոք’.

Յաճախ քնի մէջ խնդրում էր չտանջել իրեն։ Յասմիկի կեանքը վերջ գտաւ 1978-ի մարտի 3-ին, երիտասարդ հասակում (շուրջ 30 տարեկան էր)’. Չափից աւելի քնաբեր “օգտագործած” մահացել էր մերոնց խորհրդաւոր “վերջին ընթրիքի” հրաւիրելու գիշեր..:

Նրան մեծացրած մայրս տաժանօրէն ծանր տարաւ երկրորդ անգամ ամուսնութեան պատրաստուող, բայց յանկարծ մերժուած թողլքուած քրոջ՝ երիտասարդ Յասմիկի վախճանման բօթը. Մօրս պնդումով նրան թաղեցինք հարսի շորով…։

Դրանից ոչ-երկար ժամանակներ անց այլեւս չվերականգնուեց մօրս տարիներ առաջուանից խարխլուած ներուային համակարգը, աւելի քան 10 երկար ու ձիգ տարիներ հոգեկան անկայուն վիճակով պայքարեց կեանքի լաւ կողմերը զատորոշելու համար, սակայն կարծես թէ նրա տանջանքը եւ անզօրութիւնը յաղթեց, ողնածուծի չարորակ ուռուցը յառաջացաւ զգացական որոշ զօրեղ-տմարդ զարկերից յետոյ, որով չարչարալից մահով վախճանուեց 1990 թուականի Օգոստոսին’ իմ թեւերի մէջ։  Նա դեռ կարող էր շա՛տ ապրել 56 տարեկան էր։

Քնարիկի մահով (2008 թ. Լոս Անճելէս) փակուեցին կիրակոսեանների ազգատոհմի պատմութեան այրող ելեւէջները։

Այո , մօրս արեւմտահայ գերդաստանը…։

Յուշերս ինձ վերցնում տանում են ինչ-որ հին հիւանդանոց, ուր… ապակով կտրուած ձեռքերի երակների վրայ փաթաթուած լաթեր կան կամ էլ Սրբուն մայրիկը, մեղմ ու խեղճ, կարճահասակ ու գէրլիկ պառաւը, հետը քայլող, արդէն ծերացող, մունջ ու անխօս դուստրը, ասում են բռնաբարուած քուրդ-թուրքի պտուղ էր, Կարապետ քեռին, ով սիրում էր պատմել Ցեղասպանութեան շաւիղներում տեսած քահանաների մորթուած դիակների մասին, որոնց… արնանդամները կտրում, բերանն էին խոթում… սպանելուց առաջ։

կարօ Լազարեանը (դալի կարօն), որ սպանդին մայրը խելագարուած երկու քոյրերին ու եղբօրը յափշատակում է Եփրատն է գցում, իսկ կարոն փախչում է, սակայն երդւում վրիժառու լինել։ Հասակն առած, սակայն առոյգ եւ ժրաջան, մեկնում է Փարիզ,- Գ Եանիկեանից էլ առաջ,- տաճիկ դեսպանին ահաբեկելու, սակայն մատնւում է եւ իրեն հրկիզում Զօր. Անդրանիկի շիըիմի կողքին։ Իր վերջին երկարաշունչ նամակը… ինձ մօտ է։

2- Հօրս գերդաստանը

450 տարիներ Կարին-էրզրումի մօտակայքում գտնուող Շիբեկ (Շիպեակ) գիւղում հաստատուելուց առաջ Մելիքեանները (Պոնտոսից) Անին լքելով մեկնում են Համշէն, իսկ այնտեղից Շիբեկ (Շիբեկի մասին,- նոյն անուան տակ,- կարելի է իմանալ Հայկական սովետ, հանրագիտարանից մանրամասնօրէն)։ Կայ նաեւ վարկած, որ նրանք գաղթել են Պոնտոս՝ Ղարաբաղ Արցախից, եղել “Խամսայի մելիքներ”-ի շառաւիղներից (Մելիքեան), դրանից էլ Վարանդայի (Շուշի մելիքութիւնից) իմ գրչանունը-. Վարանդ։

Մելիքեանները սերնդէսերունդ մուշտակ (թուրք.՝ քիւրք) պատրաստելով թուրք տեղացիների կողմից կոչուել են “Քիւրքչօղլի”, “’քիւրքչի”, որով էլ դառել ենք Քիւրքչեան։

Մեծ հօրս Սուքիաս Քիւրքչեանի (որը իմ կնունք-մկրտութեան անունն է)

մեծ հայրը կոչուել է Գրիգոր (1895 թ-ի կոտորածին խփել են գլխից)՝ Գրիգորի որդին է Յակոբը, ուսուցիչ էր (1845-1908, Շիբեկ)։ Յակոբի որդիներն էին Վահանը եւ Սուքիասը։ Վերջինս ծնուել էր 1884-ին, վախճանուել 1947-ի Յունիսի 16-ին՝ Թեհրանում։ 1915-ին Ապրիլին նրանց 21- հոգանոց գերդաստանից մէկ օրուայ

ընթացքում կոտորուեցին 18 հոգի։ “Քանդել էին նոյն իսկ տան պատուհաններն ու դռները”,- ասել է մեծ հայրս: Սուքիասի մօր անունը Իսկուհի էր, կնոջը Աքաբիա, երեխաները Լուսիկ (3 տարեկան) եւ Լեւոն (1 տարեկան) բոլորն նախճիրուած արնաշաղախօրէն’.

Այդ չարաբաստիկ եւ զարզանդական օրը Շիբեկից դուրս լինելու պատճառով՝ բախտի բերմամբ փրկուել են գերդաստանից երեք հոգի՝ Վահանը, Սուքիասը եւ Իրենց հօրեղբօր որդի Համազասպը։

Սուքիաս պապս կոտորածից առաջ եւ յետոյ հացագործ է եղել Քութայիսիում (Վրաստան) եւ Լիպեցկում (Ռուսաստան)։ Լիպեցկից մեկնում է Խարկով (Ուկրայինա)։ 1917 -ին երկրորդ անգամ ամուսնանում է Վարվառա (Վարիա), Նաբոյչինկայի հետ (հայրը յոյն, մայրը ռուս), որը ծնուել է 1900 թ. Ղրիմի կարասու-բազար շրջանի Ժեմրիկ գիւղում (թաթարաբնակ)։

Յանկարծամահ դարձաւ մեծ մայրս Վարիան 1963 թ. Յունիսի 6-ին, Թեհրանում։

Նրանց անդրանիկ որդին Անդրանիկը մահացաւ դիֆտերիայից 1921 թ.։ Թաղուած է Խարկովի Խալոդնագարա գերեզմանատանը։ Սուքիաս պապս, որ երկարատեւ չարչարալից աշխատանքից յետոյ բարւօք վիճակի էր հասել կազմել ընտանիք-, կնոջ Վարիայի հետ, արդէն ունէին չորս երեխայ Լուսիկ (1921-1995), Լեւոն’ հայրս (1923-2005), Յակոբ (Եաշա) (1925-2009) եւ Անդրանիկ (կրկին անդամ’ 1927-2012):

Պոլշեւիկեան կարմիր յեղափոխութիւնից յետոյ, մեծ հօրս ձերբակալում են, իբրեւ «սեփականատէր», նետում բանտ, ենթարկում անլուր չարչարանք- տառապանքների, կորզում ողջ ունեցուածքը, եւ նրանք 1933 թ. Պաքուի վրայով նաւով Պարսկաստան են գաղթում՝ Էնզելի նաւահանգիստ, եւ յետոյ հաստատւում Թեհրանում’ ծայրաստիճան ընչազուրկ եւ տաժանական պայմաններում։ Մեծ հայրս ճարահատուած անցնում է իր վաղեմի աշխատանքին գործում հացթխարանի փռում։ Եղբօր՝ Վահանի ընտանիքը մնում է Խարկովում. նրա 19- ամեայ որդին’ Գրիգորը, սպանւում է 2-րդ պատերազմին։

Յամառ, գործուն էութեամբ ու նուիրումով քիչ-քիչ կայանում է նրանց կեանքը։ Նոյն իսկ նուաճումներ արձանագրում գիտութեանց համազգային կեանքի եւ սփորթի բնագաւառներում’ շնորհիւ տղաների բազմազան ունակութեանց եւ վեհ կեցուածքի, սակայն նրանց մօտ միշտ զգալի էր “կորցնելու կործանուելու թաքուն վախը”, որի նորագոյն (եւ յուսանք վերջին) զոհը դարձաւ հօրեղբօրս միակ տղայ որդին Կարէնը, որը հակառակ իր փարթամ արտաքինին, չափից աւելին կապուած հօր հետ, չդիմացաւ նրա յաւերժ բացակայութեան ու վախճանուեց յանկարծամահ եղաւ խիստ ջահէլ հասակում’ 2-3 տարի առաջ Զատիկի գիշեր…։ Քիչ չեն եղել, նոյնիսկ’ բազմաթիւ, մեր գերդաստանի չարչարանք-տուայտանքները յուսալքումներ, վախեր, սարսափ, վիշտ։

Կայծով-ելեկտրահոսանքով հանգստանալու փորձերից մինչեւ անիմանալի, անբացատրելի տխրութիւն։

Յետոյ, ի՛նչ է ելքը եւ ո՞վ է պատասխանատուն։

Մենք, մեր հերթին փորձեցինք լինել զուսպ։

հեռ ունենը բազում պատմելիքներ…։

2014 թ. Օգոստոս 31 Թեհրան

Ծանօթ.- Հօրս եւ հօրեղբօրս անունը’ պարսկական անձնագրերում գրուած է փոխուած:

Կենսագրութիւն

Իրանահայ նկարիչ, ասմունքող, բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդը (բուն անունով’ Սուքիաս Քիւրքչեան), ծնուել է 1954 թ. Թեհրանում’ Ցեղասպանութիւնից վերապրածների գերդաստանում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դւսւթեւսն» դպրոցում: 1978-79 թթ. եղել է Փարիզում եւ Անգլիայում, աշխատել եւ հետեւել արւեստի ու լեզւի դասընթացներին: Ուսանել է հայերէնագիտութիւն’ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասաւանդել է իբրեւ հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս:

Անց է կացրել նաեւ Արւեստից պատմութեան դասընթացների մագիստրական շրջանը: 2000 թ. էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանից արժանացել է դոկտորական կոչման:

Վարանքը նախ ընդունակութիւն է ցուցաբերել երաժշտութեան եւ կերպարւեստի մէջ, սովորել հայ եւ օտարազգի վարպետների մօտ, միջնակարգում շահել գեղանկարչական Ա ցիկլի մրցանակ’ բովանդակ մայրաքաղաքում, ապա իր գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում: Այնուհետեւ աշխատակցել է Հայաստանի եւ Սփիւռքի մի շարք հանդէսներին:

Նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն’ «Արեւի ճամբուէ», լոյս է տեսել 1972 թ.’ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծութիւնների ու պոէմների աւելի քան երեք տասնեակ հաւաքածոներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը», «Կրկներեւոյթը» (Միրաժ) եւ «Կարօտի նշխարներ»- ը շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բէյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները’ 1998-ին եւ 2012-ին’ (կրկնակի անգամ):                   1990        թլին       հայ      ժողովրդի վերջին 100-ամեայ զինեալ պայքարին նւիրւած բանաստեղծութեան համար’ արժանացել է առաջին մրցանակին:

Բազմաթիւ անգամներ բեմականացուել են նրա «Առիւծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերւիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործութիւները, ֆրանսիացի Ռոբեր Թոմայից թարգմանւած «Թակարդ»-ը պիէսան’ Թեհրանում եւ այլուր:

Վարանդը ընտրուել եւ պաշտօնապէս գրանցուել է իբրեւ Անգլիայի Միջազգային բանաստեղծների եւ երգահանների ընկերակցութեան մնայուն անդամ (The Guild of international songwriters and composers): Դեռ 90- ականների սկզբին, անուանի ճարտարապետ-յուշարձանագէտ դոքթոր Արմէն Հախնազարեանի միջոցով արձանագրւել է արձակագիրների եւ պոէտների «Pen» միջազգային կազմակերպութեանը:

Արժանացել է ՀՀ նախագահի կողմից տրուած «Մովսէս Խորենացի» շքանշանին եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան ոսկէ շքանշան-մեդալին

Նրա ստեղծագործութիւնները թարգմանուել են’ անգլերէնի, ֆրանսերէնի, իտալերէնի, ռուսերէնի, ռումիներէնի, պարսկերէնի եւ ճափոներէնի:

Ունի հրատարակուած աւելի քան երկու տասնեակ գիրքեր:

Scroll Up