Հարցազրոյց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի հետ

Պատմական հայստանի տասնհինգ նահանգներից մէկը հանդիսացող արցախ աշխարհն իր հազարամեայ պատմութեան ողջ ընթացքում կարողացել է պահպանել իր անկախ կամ կիսանկախ վիճակը, որպէս հայկական ինքնուրոյն  թագաւորութիւն, իշխանութիւն,մելիքութիւն, մարզ եւ այլն: Մինչեւ բոլշեւիկների
կողմից  Ադրբեջան կոչուած հանրապետութեանը բռնակցուելը, այն ներառում էր վարանդայի, խաչենի, գիւլիստանի,Դիզակի, ջրաբերդի մելիքութիւնները  եւ գանձակի  հայաբնակ մասերը: խսհմ փլուզումից յետոյ` 1991 թ.սեպտեմբերի 2-ին,  ԼՂԻՄ-ի եւ շահումեանի շրջանի ժողովրդական պատգամաւորների միացեալ նիստում պատմական արցախի մի մասը հռչակուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:
Արդեն  20 տարի է, ինչ ապրում, բարգաւաճում, օր օրի աշխարհին իր միակ ճշմարտութիւնն է համոզում Լեռնային Ղարաբաղի ազատ, անկախ,
ժողովրդավարական  Հանրապետութիւնը, որը դեռեւս պաշտօնապէս ճանաչուած չէ  աշխարհի կողմից:

Անկախութեան տարեդարձի նախօրեակին մայրաքաղաք Ստեփանակերտում ԼՂՀ Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլեանի հետ հարցազրոյց է ունեցել «Խաչքար» ամսագրի թղթակից Երազիկ Յարութիւնեանը:

Ե. Հ. – Պարո´ն Ղուլեան, Դուք արդէն բաւականաչափ վաստակ ունէք այս պաշտօնում,  խնդրում եմ` պարզաբանէք, թէ այլ երկրների իր պաշտօնակիցներից տարբեր ի՞նչ զգացողութիւններով է առաջնորդւում  դէ ֆակտոյ կայացած, բայց միջազգային հանրութեան կողմից չճանաչուած պետութեան Ազգային ժողովի նախագահը:

Ա. Ղ. – Չեմ կարծում, որ արցախի ազգային ժողովը որեւէ բանով տարբերւում է այլ պետութիւնների նոյն կառոյցներից: Ամէն ինչ կախուած է լիազօրութիւնների այն շրջանակի, գործառոյթների այն ցանցի հետ, որը նախանշուած է օրէնսդրութեամբ: Ղարաբաղում ի սկզբանէ` դեռեւս 1991 թուականից, երբ ձեւաւորուել են իշխանութեան տարբեր թեւերը, առաջնորդուել են մի սկզբունքով` ամէն ինչ համապատասխանեցնել   միջազգային իրաւունքի շրջանակներում ընդունուած նորմերին ու կառոյցներին: Առաջին ամենակարեւոր գործառոյթը օրէնսդրական աշխատանքն է, եւ ինչպէս ցանկացած երկրի խորհրդարան, մերը նոյնպէս քաղաքական մարմին է: Այստեղ իրենց գործունէութիւնն են իրականացնում ԼՂՀ – ում առկայ քաղաքական ուժերը եւբ անհատ պատգամաւորների, եւբ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների միջոցով: Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը իր անցած ճանապարհով նոյնպէս ոչնչով չի զիջում նախկին Խորհրդային տարածքի եւ ոչ մի երկրի խորհրդարանի:

Անցեալ տարի կայացած ընտրութիւնների արդիւնքում մենք ձեւաւորեցինք հինգերորդ գումարման Ազգային ժողով: Մեր գոյութեան քսան տարիների ընթացքում հասցրել ենք ունենալ չորս գումարումների խորհրդարաններ, որոնցից իւրաքանչիւրը պատմական մի յուրայատուկ  շրջան է արտացոլել իր օրէնսդրական գործունէութեան միջոցով:

Ե. Հ. – Ճի՞շտ եմ նկատել, որ արցախի հանրապետութեան օրէնսդրական դաշտը եւ օրինաստեղծման գործընթացը այս երիտասարդ  պետութեան ամենախաղաղ ոլորտն է: Ազգային ժողովը իր իրաւասիութեան տակ գտնուող հարցերը լուծում է հանգիստ, հաւասարակշռուած մթնոլորտում, առանց այլ երկրների պառլամենտական կեանքին յատուկ աղմկոտ վէճերի եւ խժդժութիւնների:   Ինչո՞վ է պայմանաւորուած  խոր տարակարծութիւնների բացակայութիւնը. դարեր շարունակ թշնամիներով շրջապատուած արցախցու`  ինքնուրոյն քաղաքականութիւն վարելու գեներով հաղորդուած պատմական փորձո՞վ, ժողովրդի ընտրեալների քաղաքական բարձր պատրաստուածութեա՞մբ, պահի լրջութեան գիտակցմա՞մբ, թէ՞ մշակուող եւ ընդունուող օրէնքների անվիճելի թափանցիկութեամբ:

Ա. Ղ. – Այդ բոլոր Ձեր թուարկած հանգամանքներն էլ դեր խաղում են: Խոհրդարանի գործունէութեան «հանգստութիւնը» աւելի շատ կապուած է նրա` օրէնսդրօրէն սահմանուած լիազօրութիւններին անխախտ հետեւելու հետ: Եթէ նախորդ տարիներին աւելի սերտ առնչութիւն կար Խորհրդարանի եւ երկրում տեղի ունեցող գործընթացների միջեւ, ապա 2006թ. Սահմանադրութեան ընդունումից յետոյ Խորհրդարանի գործունէութիւնն  արդեն ընդգծուած ձեւով տարանջատուեց երկրի մնացած ոլորտներից: Այն ԼՂՀ Սահմանադրութեան կոնկրէտ դրոյթով ունի իր  կայուն, ամրագրուած դերը, որ է օրէնսդիր իշխանութիւնը: Եւ քանի որ Ազգային ժողովը իրականացնում է օրինաստեղծման գործընթաց, ապա այն իր մշտական մարմինների` յանձնաժողովների միջոցով մշտապէս կոնկրէտացուած է ընդունուող իրաւական ակտերի, օրէնքների նախագծերի մշակման  եւ քննարկման վրայ:  գուցէ արտաքին տպաւորութիւնը այնպիսին է, որ այստեղ չկան տարակարծութիւններ եւ կարծիքների բախումներ. դա, ի հարկէ, այդպէս չէ, բայց մենք աշխատում ենք այդ ամէնը չբերել Խորհրդարանի նիստերի դահլիճ: Բուռն քննարկումները, իրարամերժ տեսակէտների,  կարծիքների բախումն ու վէճերը հիմնականում տեղի են ունենում հէնց յանձնաժողովներում:

Խորհրդարանում իսկապէս տիրում է քաղաքակիրթ մթնոլորտ, քաղաքական համերաշխութեան իրավիճակ եւ փոխադարձ յարգանքի մթնոլորտում քաղաքական պարտականութիւնների լիարժէք կատարում:  Ես համարում եմ, որ մեր խորհրդարանում քաղաքակիրթ բանավէճի մշակոյթը ունի իր նախապատմութիւնը: Խորհրդարանի ձեւաւորման նախնական փուլը կապուած է եղել արցախեան տարեգրութեան շատ լուրջ ժամանակաշրջանի հետ: 90-ականների սկզբին մենք ստիպուած ենք եղել աշխատել մեզ պարտադրուած պատերազմի պայմաններում, որ ի հարկէ որոշակի զսպուածութիւն եւ լրջութիւն է հաղորդել իշխանութեան բոլոր թեւերի աշխատողներին: Եւ, կարծում եմ, դեռ շատ երկար  պահպանուելու են այդ առաջին փուլում հիմնադրուած աւանդոյթները:

Այսօր էլ Խորհրդարանի քաղաքական դասաւորութիւնը որոշակի հիմքեր է տալիս, որ հիմնական աշխատանքը տեղափոխուի մշտական մարմիններում ընթացող սուր քննարկումների ձեւաչափ:  Հենց այստեղ է որոշւում այս կամ այն օրէնքի շուրջ եւբ քաղաքական ուժերի, եւբ անհատ պատգամաւորի տեսակէտների նպատակայարմարութիւնը, առաջին հերթին այն պարագան, թէ այդ օրէնքները ինչքանով են այսօր համընթաց երկրի զարգացման ընդհանուր ուղեգծին: Դա է պայմանաւորում ոսկէ միջինի յայտնաբերումը, որը եւ հաշտեցնում է քաղաքական, սոցիալական, տնտեսական բոլոր բեւեռները:

Ե. Հ. – Օրինաստեղծման գործընթացը թերեւս առաջնային է կայացման ճանապարհին գտնուող երկրի համար, եւ Արցախում առայսօր ընդունուել են Հանրապետական Սահմանադրութեամբ ամրագրուած մարդասիրական եւ ժողովրդավարական միջազգայնօրէն երաշխաւորելի օրէնքներ:  Արդեօ՞ք նոյնքան խաղաղ եւ թափանցիկ է նաեւ օրէնքների կիրառման եւ կենցաղավարման յետագայ գործառոյթը:

Ա. Ղ. – Դժուարանում եմ ասել, որ դրանք լիարժէք ձեւով իրենց կիրարկումն են գտնում այսօր: Խնդիրներ ունենք ոչ թէ օրէնքների հանդէպ մարդկանց թերահաւատութեան, այլ  իրաւագիտակցութեան կողմով, նաեւ նրանով, թէ ինչքանով են իշխանութիւնները կարողանում բոլոր իրաւական ակտերը, կառավարութեան որոշումները, երկրի կենսագործունէութեանը վերաբերող այլեւայլ ուղղորդիչ փաստաթղթերը հասցնել մեր հեռաւոր գիւղերում ապրող մարդկանց: Այս խնդիրները առաջիկայ տարիներին կը ստանան իրենց լուծումները` հաշուի առնելով այն աշխատանքները, որոնք այսօր իրականացւում են երկրում կապի, հեռահաղորդակցութեան,   էլեկտրօնային կառավարման համակարգի  զարգացման ոլորտում: Ընդհանուր առմամբ արցախի հայութիւնը շատ օրինապաշտ է, միշտ էլ հետեւել է երկրում իշխանութիւններիկողմից իրականացուող քաղաքականութեանը, կարգադրութիւններին եւ ցուցումներին: Կարող եմ արձանագրել, որ մեր երկրում օրէնքների պահպանման եւ գերակայութեան հետ կապուած մենք շատ աւելի քիչ խնդիրներ ունենք, քան տարածաշրջանի միւս երկրները: Ամէն ինչ շատ փոխկապակցուած է եւ միայն որոշում ընդունելով եւ տեղ հասցնելով չէ, շարունակական կատարելագործման ճանապարհին են գտնւում կառավարական, տնտեսական եւ ընկերային բոլոր մեխանիզմները:

Ե. Հ. -Արցախը այնուամենայնիւ ագրարային երկիր է եւ առաջին հերթին պէտք է զարգանայ գիւղատնտեսութեան վերելքի շնորհիւ: Այդ ուղղութեամբ շօշափելի որոշումներ ընդունւու՞մ են: Արդեօ՞ք արցախցի գիւղացին իրեն ընկերային եւ իրաւական տեսանկիւնից պաշտպանուած է զգում իր հայրենիքում, ունի իր աշխատանքի՞ արդիւնքները վայելելու հնարաւորութիւն եւ ապագայի հաւատ: Որեւէ դեղատոմս ունէ՞ք գիւղացուն հողին կապելու համար:

Ա.Ղ. – Վերջին մի քանի տարիներին լուրջ տեղաշարժէր կան գիւղատնտեսութեան կազմակերպման ոլորտում` թարմացնելու, նորացնելու  ուղղութեամբ: Մենք այս ասպարէզում առայժմ գտնւում ենք որոնումների շրջափուլում: Ամեն տարի ինչ-որ մի բան փորձարկւում է, եւ այդ փորձարկումների արդիւնքում որոշակի հետեւութիւններ են արւում, թէ ինչպէս կարելի է գիւղատնտեսութիւնը դնել նորմալ հիմքերի, անհրաժեշտ մակարդակի  վրայ: Կարծում եմ`  մեր գիւղատնտեսութեան զարգացման հնարաւորութիւնները մինչեւ վերջ չեն բացայայտուել, եւ ճիշտ բացայայտելու դէպքում մենք կարող ենք ոչ միայն լիովին բաւարարել Ղարաբաղում ապրող ժողովրդի պարէնային խնդիրները, այլեւ արցախեան հողի բարիքները դարձնել մեր տնտեսութիւնը բնութագրող եւ դրսի հետ կապերը աշխուժացնող գործօններից մէկը: Ի հարկէ, որոշ առաջընթաց կայ, եւ բնակլիմայական բարենպաստ տարիներին բերքը ոչ միայն բաւականացնում է, այլեւ թոյլ է տալիս տնտեսական յարաբերութիւններ ստեղծել առաջին հերթի Հայաստանի Հանրապետութեան հետ: Ժամանակին համաքայլ` շուկայական տնտեսութեան կացութիւնները նորանոր պայմաններ են թելադրում: ՀՀ տնտեսական շուկան նոյնպէս գոյեանում է շատ սուր մրցակցութեան պայմաններում: Բնականաբար Ղարաբաղում արտադրուող գիւղատնտեսական ապրանքը որակական, էկոլոգիական եւ գնային ու համային ցուցիչների աւելի մրցունակ չափանիշներ ունի: Մենք պէտք է հասկանանք, որ աւանդականը, որի միջոցով մեր նախնիները բաւարարել են աւելի մեծաքանակ բնակչութեան պահանջմունքներ, այսօր կարող են ժամանակավրէպ լինել կամ ոչ բաւարար: Այսօր իրաւունք չունենք երկնքին նայել եւ բերք սպասել: Պէտք է ընտրողաբար մօտենալ բոլոր այն միջոցներին, որ դարերով կիրառուել են: Օրինակ, հիմա ընդունուած է քննադատաբար մօտենալ մեր խորհրդային անցեալին, սակայն տնտեսութիւնների կոլեկտիւ կազմակերպուածութիւնը ուներ իր դրական կողմերը եւ կարելի էր օգտագործել տնտեսվարման արդիւնաւէտ ձեւերը: Կտրտուած հողահանդակներում շատ աւելի դժուար է գիւղատնտեսութիւն վարել, որպէսզի նիւթապէս գիւղացին ի վիճակի լինի եւբ ճիշտ սերմացու ընտրել, եւբ մեքենաների հարց լուծել. այս ուղղութեամբ է պէտք կենտրոնանալ: Արցախցի գիւղացին միշտ էլ սիրել է հողը եւ տիրապետել հողի հետ աշխատելու բոլոր հմտութիւններին: Նրանց մեծ մասը այսօր էլ բարեկեցութիւն է որոնում քրտինքը պապենական հրաշագործ հողին խառնելու միջոցով: Դժբախտաբար մի մասն էլ հողի հետ աշխատելու փոխարէն աշխատատեղ է որոնում եւ անընդհատ դժգոհում անիմաստ ու անորոշ փնտրտուքներից: Այնուամենայնիւ, ելքը գիւղատնտեսական աշխատանքները հեշտացնելու, դրանց արդիւնաւէտութիւնը բարձրացնելու եւ սպառողական շուկաներ հայթայթելու ուղիների հարթեցումն է: Այս ուղղութեամբ շօշափելի աշխատանքներ, այո´, կատարւում են:

Ե. Հ. – Արցախը փոքր է իր տարածքով եւ իր ֆինանսատնտեսական հնարաւորութիւններով, սակայն մեծ է իր պատմութեամբ, բազմաթիւ չարիքնրի դիմակայելու փորձով եւ հոգեւոր ներուժով:  ձեր կարծիքով` որո՞նք պէտք է լինեն շահերի բախումների թատերաբեմ դարձած, անհանգիստ տարածաշրջանում նրա ազատ եւ անկախ գոյատեւելու եւ վերընթաց զարգացման կռուանները.  միջազգային մարդասիրական,ժողովրդավարական օրէնքների զարգացումները՞,  թէ՞ մեր ինքնութիւնը մեր իսկ ուժերով պաշտպանելու հազարամեա կարողութիւնը:

Ա. Ղ. – Այո´, այս հակասութիւնների կծիկ հանդիսացող տարածաշրջանում,  փոթորկուող, ծխացող բախումների ժամանակներում միշտ յաջողուել է պահել մեր ինքնութիւնն ու որպէս հայ գոյատեւելու կամքը: Եւ կարծում եմ, ինչպէս մեր պապերն են միշտ գտել ելքը հայութեան գոյատեւման համար իր պատմական տարածքների գոնէ այս փոքր մասում, նման լուծումներ կը գտնեն նաեւ ապագայ բոլոր սերունդները: Մենք այդ խնդրի մի մեծ մասը արդէն կատարել ենք` ստեղծելով լեռնային ղարաբաղի հանրապետութիւն, որը ոչ միայն արցախցիների հպարտութեան աղբիւրն է, այլեւ համայն հայութեան: Արցախի հանրապետութեան, որպէս երկրորդ հայկական պետութեան գոյութեան փաստը, ամենադիպուկ ձեւով արտացոլում է մեր ժամանակաշրջանի համար ազգային շահերի եւ ձգտումների մարմնաւորման լաւագոյն ձեւը: Արցախի միջազգային ճանաչման բացակայութեան պայմաններում դեռ որոշակի բարդ պարտականութիւններ ունենք իրականացնելու:  անհրաժեշտ է բոլորին ապացուցել, որ ԼՂՀ կայացումը չի վտանգում հարեւաններից որեւէ մէկի  գոյութիւնը: Իմ կարծիքով` դա է միջազգային ճանաչման հասնելու բանալին:

Հրադադարի հաստատումից յետոյ, այս 17 տարիների ընթացքում մասամբ կարողացել ենք աշխարհին համոզել, որ մեր պետութեան գոյութիւնը երբեք սպառնալիք չէ տարածաշրջանի կայունացման համար: արցախի անկախութեան իրողութիւնը այսօր հարաւային Կովկասում լուրջ ռազմաքաղաքական գործօն է եւ ինչ-որ տեղ` անգամ կայունութեան երաշխիք: Ինչպէս Եւրոպայում է մշակուել մէկ միասնական դիրքորոշմամբ հանդէս գալը` որպէս ընդհանուր գոյակցութեան ձեւ, այդպէս էլ` ապագայում Հարաւային Կովկասում նոյնպէս կարող է ստեղծուել նման մթնոլորտ: Մենք մեր մասնակցութիւնն արդէն բերել ենք այդ գործընթացին, մնում է, որ այստեղ ստեղծուի ուժերի նորմալ յարաբերակցութիւն, եւ ԼՂՀ-ն ճանաչուի որպէս ինքնուրոյն պետութիւն:

Ե. Հ. – Ինչպէ՞ս էք պատկերացնում Արցախեան խնդրի վերջնական լուծումը եւ արցախի ապագան` Հայաստանի հետ նոյն պետութեան կազմու՞մ, թէ՞ առանձին պետութեան կարգավիճակով:

Ա. Ղ. – Պատմութեան զարգացման այս շրջափուլում, արցախեան ժողովրդի կամքը որպէս  առանձին պետութիւն գոյատեւելն է: Որպէս ժողովրդի վստահութիւնը ստացած իշխանաւորներ, մենք պարտաւոր ենք առաջնորդուել ժողովրդի կամարտայայտութեամբ: Մենք երկու անգամ արդէն փորձարկել ենք ժողովրդի կամքը` 1991 թուականի հանրաքուէով եւ 2006 թուականի Սահմանադրութեան ընդունմամբ: Չեմ կարծում, որ այսօր առանց ԼՂՀ ճանաչման հարցը լուծելու մենք կարող ենք նոր իրաւական հիմքեր ստեղծել ՀՀ հետ վերամիաւորման համար: Ես հիանում եմ 1991-ի մեր քաղաքական գործիչների իմաստնութեամբ, որ խորհրդային Միութեան փլուզման օրերին ընդունել են պահի ամենաճիշտ որոշումը եւ հռչակել լեռնային ղարաբաղի հանրապետութիւն: ապագայում, ես խորապէս համոզուած եմ, որ հայկականայս միասնական հայրենիքի երկու առանձին մասերը  շատ հեշտ եւ ճիշտ լուծում կը գտնեն: Այն, ինչ որ այժմ ունենք` երկու հայկական հանրապետութիւն, բոլորս պարտաւոր ենք յարգել եւ պահպանել:

Ե. Հ. – ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից ի՞նչ ասելիքներ ունէք Ռուսաստանի Դաշնութիւնում ապրող արցախցիներին, ի՞նչ ցուցումներով կ’ուղղորդէիք նրանց եւ առհասարակ բոլոր հայրենասէր հայերի գործունէութիւնը: 

Ա. Ղ. – Սփիւռքում ապրող արցախցիները մի շատ ճիշտ ձեւ ունեն արցախի կեանքին մասնակցելու. դա նրանց վերադարձն է հայրենիք: Դա անկասկած կապուած է անհատական եւ հասարակական դժուարութիւնների հետ, մենք հասկանում ենք, որ այստեղ պէտք է ստեղծել բոլոր անհրաժեշտ գործօնները`  ապահովագրուած եւ երաշխաւորուած վերադարձի եւ հայրենիքում յետագայ արժանավայել գոյակերպի համար: Քանի որ հայրենադարձութեան կազմակերպուած ծրագիրը առայժմ բացակայում է, ուրեմն ամէն ինչ այս բնագաւառում առայժմ տարերային բնոյթ է կրում: Յամենայնդէպս, իւրաքանչիւր արցախցի հայ տարբեր թելերով կապուած պէտք է լինի Ղարաբաղին: Ի հարկէ հարազատներին եւ բարեկամներին օգնելը կամ պարբերական այցելութիւնը նոյնպէս հայրենիքի կեանքին մասնակից լինելու մի ձեւ է, բայց Ղարաբաղին այժմ ոչ այնքան օգնութիւն է պէտք, որքան որ այնպիսի օժանդակութիւն, որը ենթադրում է փոխշահաւէտ եւ արդիւնաւէտ գործարքներ:

Մի քանի գաղափարներ մենք կարող ենք տարածել արցախեան հայկական աշխարհում, որոնք պէտք է հետաքրքրեն եւ ձգեն, դա կարող է լինել իրենց հիմնական գործունէութեանը զուգահեռ  արցախում զբաղմունք ունենալու գաղափարը, կամ երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող միասնական բիզնես-ծրագրեր: Ուղղակի պէտք է որոնել ու գտնել հետաքրքրութիւնների այդ շրջանակը, կազմակերպել յստակ յարաբերութիւններ եւ մի ընդհանուր գաղափարով ապրելու մշակոյթ:

Արտերկրում ապրող արցախցիները պէտք է հասկանան, որ ինչքան էլ այստեղ բարդ իրավիճակ լինի, հայրենիքում ապրելը հասարակայնօրէն ամենաանվտանգն է, ամենաապահովն ու հանգիստը: Այսօր աշխարհի բոլոր տարածաշրջաններում անգամ շատ ունեւոր քաղաքացիներ հասարակայնօրէն խոցելի են: Այստեղ կարողացել ենք ապահովել հասարակական անվտանգութեան այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդ իրեն վստահ է զգում իր սերունդների անվտանգութեան հանդէպ:

Ինձ թւում է` ուծացումից խուսափելու միայն մի տարբերակ կայ. դա հայ երիտասարդի լեզուական, մշակութային հարազատ միջավայրում գտնուելն է: Իմ ցանկութիւնն ու մաղթանքն է Ռուսաստանում ապրող հայերին, որ իրենց կեանքի մի շատ կարեւոր պահի կարողանան ընդունել հայրենիք վերադառնալու որոշում եւ հասկանալ, որ այստեղ ապրելով մենք լուծում ենք մեր ժողովրդի համար ամենակարեւոր խնդիրը.  այս պատմական տարածքները, որ մեր հայրերը հազարամեակներ շարունակ պահել եւ սերնդից սերունդ են փոխանցել` որպէս հայկական հող, պէտք է պահենք եւ փոխանցենք նաեւ մենք: Ինչպէս ասել է տասներորդ դարի մեր յայտնի սպարապետ Գեւորգ Մարզպետունին, մեր նախնիները մեզ կտակել են հող եւ հայրենիք, եւ մենք իրաւունք չունենք այն ոչ ոքի զիջելու:

«Խաչքար»  

Scroll Up