Այս մեծ, փառահեղ Հայը …

Օրերս Հայաստանում էր գտնւում մոսկուաբնակ յայտնի քանդակագործ, մեր հայրենակից Ֆրիդ Սողոյեանը, ով հիւրընկալուել էր ՀՀ սփիւռքի նախարարութիւնում: Ներկայացնում ենք անուանի քանդակագործի հետ «Հայերն այսօր»-ի թղթակիցի հարցազրոյցը:
-Շնորհակալութիւն իմ բոլոր հայրենակիցներին ջերմ վերաբերմունքի համար: Աշունն, իրօք, տաք է, սակայն ես նպատակադրուած չեմ եկել. Արցախի կառավարութեան կողմից հրաւէր ունէի` մասնակցելու այդ չքնաղ երկրի անկախացման 20-րդ տարեդարձին: Մասնակցեցի տօնակատարութեանը, եկայ Երեւան, վաղը մեկնում եմ: Շատ տխուր եմ. չհասցրեցի լինել իմ հարազատ օրրանում` Գիւմրիում: Թերեւս կարող էի կարճ ժամանակով Գիւմրի այցելել, բայց դա, իրօք, ընդամէնն այցելութիւն կը լինէր: Ես կ’ուզէի երկար մնալ այնտեղ, շփուել իմ հարազատների, ընկերների, ծանօթների հետ: Այսպէս ստացուեց:
-Պարո´ն Սողոյեան, ասացեբք, խնդրեմ, քանի՞ քանդակի, արձանի, յուշարձանի հեղինակ էք:
-Օ՜, շատ դժուար է թուել…շատ գործեր ունեմ, չեմ էլ կարող դրանք առանձնացնել, բոլորն իմ զաւակներն են… Ուղղակի թուարկեմ մի քանիսը` Երեւանում Ստեփան Շահումեանի կիսանդրին` Մալաթիա-սեբաստիայ թաղապետարանի վարչական շէնքի մօտ, Մերգելեանի ինստիտուտի սրահի ամբողջ պատի երկայնքով արուած քանդակաշարը, «Կժերով աղջիկը» ` այժմեան «Շողակաթ» հեռուստաստուդիայի շէնքի առաջին հարկի սրահում, Ոստիկանութեան քաղաքային վարչութեան շէնքի ճակատային մասի բարձրաքանդակը: Կառուցել եմ նաեւ Գեղարուեստաթատերական ինստիտուտի բակի ցայտաղբիւրը, Էջմիածնում անցեալ տարուայ նոյեմբերին դրուել է իմ սիրելի գործերից մէկը` Վազգէն Առաջինի յուշարձանը, Վաշինգտօնում 1991-ին Սպիտակ տան հարեւանութեամբ տեղադրուած է իմ գործերից մէկը` Սպիտակի եւ Լենինականի երկրաշարժի զոհերի յիշատակին: Գիւմրիում եւս կառուցել եմ նոյնանուն յուշարձան-կոթող` «Անմեղ զոհերին» վերնագրով: Գիւմրիում ունեմ Հայրենական մեծ պատերազմում զոհուած` Գուլպայագործութեան ֆաբրիկայի աշխատողների յիշատակին նուիրուած յուշարձան, որը երկրաշարժից խարխլուել է, սակայն միտումնաւոր չենք ուզում վերանորոգել, որ այդ տեսքով մնա` իբրեւ լուռ վկայ ահեղ երկրաշարժի: Կիեւում ունեմ բանուորի բրոնզաձոյլ արձան, Արխանգելսկում , Մոսկուայում ունեմ աշխատանքներ…արթիկ քաղաքի մուտքի մօտ` բանուորի յուշարձանը, Ախուրեանի մուտքի մօտ եւս: Մի շատ տպաւորիչ քանդակ ունեմ Գիւմրիում,որի մասին առանձնակի սիրով եմ խօսում. այն պատկերում է գիւմրեցի հին դուդուկահարին` շուրջը բոլորուած թոռներով: Այդ աշխատանքը երկու տղաներիս հետ եմ իրագործել եւ նուիրել իմ հայրենի եզերքին` Շիրակին: Արցախի Մարտակերտի Թալիշ գիւղում ունեմ յուշարձան` նուիրուած Հայրենական պատերազմում զոհուածներին, Շահումեանի շրջանի Չայլու գիւղում…այս վերջին գործերը ստեղծել եմ երիտասարդ տարիներիս:
-Ովքե՞ր են եղել Ձեր առաջին ուսուցիչները:
-Առաջին ուսուցիչներս եղել են Գիւմրուայ քարտաշ- վարպետները, որոնցից շատ բան եմ սովորել: Կանգնում էի նրանց կողքին, նայում, քարը տալիս էին ձեռքս եւ սովորեցնում աշխատել:Ի հարկէ, արուեստը նաեւ մեր տանն էր. մայրս` Ելիզաւէտ Ստեմպելը, Լենինականի առաջին թատրոնի տնօրէնն էր, հայրս ` Մկրտիչ Սողոյեանը, կապաւոր էր եւ արուեստի մեծ սիրահար: Գիտէք` Գիւմրին արհեստների եւ արուեստների մեծ շտեմարան է:
-Ի՞նչ էք սովորել Ձեր ընտանիքից, գիւմրեցիներից:
-Սովորել եմ մարդկութիւն: Յիշումեմ` Հայրենական մեծ պատերազմից յետոյ Լենինական եկան շատ փախստականներ: Մենք 3 սենեակ ունէինք, երկուսը տուեցինք նրանց ու մեր ընտանիքով տեղաւորուեցինք մէկում: Ամէն առաւօտ հարեւաններից մէկը ճաշ էր պատրաստում` հերթով, ու բոլորս միասին, հաշտ ու համերաշխ ուտում էինք, ապրում նոյնկերպ: Այդպիսի անկեղծ, ջերմ մթնոլորտում եմ մեծացել:
-Պարո´ն Սողոյեան, ինչը՞ առիթ դարձաւ, որ հաստատուեցիք Ռուսաստանում` Մոսկուայում:
-Ինձ հրաւիրեցին Կիեւ` աշխատելու Հայրենական պատերազմում զոհուած զինուորների յուշահամալիրի վրայ: Դա հսկայական, մեծածաւալ աշխատանք էր, ժամանակատար: Ես հեղինակ էի եւ պէտք է մի մեծ, կարեւոր հատուած ինքս քանդակէի: Երեւանից հրաւիրեցի երիտասարդ քանդակագործ Ալիկ Աւետիսեանին`ինձ օգնելու: Տարիներ տեւեց, բայց իմ վաստակը բարձր գնահատուեց, եւ արժանացայ Լենինեան մրցանակի: Ի հարկէ, մինչ այդ էլ ստացել եմ շատ պատուոգրեր, շքանշաններ, մեդալներ:
-Պատմե´ք, խնդրեմ , Ձեր ընտանիքի մասին:
-Երկու տղաներ ունեմ` Վահէն եւ Միքայէլը: Քանդակագործներ են: Կինս մահացաւ1981-ին, երեխաներս դպրոցականներ էին, որոշ ժամանակ մնացինք Կիեւում, յետոյ տեղափոխուեցինք Մոսկուա: Տղաներս կայացած մարդիկ են: Միքայէլը ստացել է ՀՀ վաստակաւոր քանդակագործի կոչում, որը Մոսկուայի հայկական դեսպանատանը նրան է յանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, իսկ միւս տղաս` Վահէն, արժանացել է Ռդ-ի վաստակաւոր քանդակագործի կոչման:Այսպիսին է իմ ընտանիքը, ուր աւանդոյթները շարունակում են թոռնիկներս.նրանք նկարում են, ստեղծագործում:
-Քանդակագործների սիմպոզիումների մասնակցե՞լ եք…
-Ո´չ, պարզապէս Իջեւանում կայացած սիմպոզիումի յանձնաժողովի նախագահն եմ եղել:
-Արտերկրում մշտապէս ապրելու եւ աշխատելու հրաւէր ունեցե՞լ էք:
_Այո´, սակայն հրաժարուել եմ,որովհետեւ իմ գործերի մեծ մասը Հայաստանում եւ Ռուսաստանում են, ես չեմ կարող եւ չեմ ուզում նրանցից հեռու ապրել:
-Հնարաւո՞ր է, որ վերահաստատուէք եւ ստեղծագործէք Ձեր հայրենի Գիւմրիում:
-Չի բացառւում: Վերանորոգում ենք իմ հայրական տունը Գիւմրիում, որը երկրաշարժից քանդուել էր: Շատ կուզենայի Գիւմրիում ունենալ թանգարան:
-Ձեր մեծ փորձն ու մասնագիտական հմտութիւնը փոխանցու՞մ էք երիտասարդներին, դասաւանդու՞մ էք որեւէ բուհում:
-Չեմ դասաւանդում, սակայն միշտ օգնում եմ ինձ դիմող երիտասարդներին: Իմ արուեստանոցը Մոսկուայի կենտրոնում է, մօտակայքում խուլ-համրերի դպրոց կայ, կապուած եմ այդ դպրոցի երեխաների հետ, ներկայ եմ լինում նրանց նկարչութեան դասերին, խորհուրդներ եմ տալիս:
-Պարո´ն Սողոյեան, ինչպէս տեսնում էք, Երեւանում շատ յուշարձաններ, քանդակներ կան, շատ քանդակագործներ ունենք…Նրանցից ու՞մ էք տեսնում առաջատարի դերում…
-Ես այդ հարցին չեմ պատասխանի: Միայն կասեմ, որ ինձ շատ է դուր գալիս Քոչարի «Սասունցի Դաւիթը» եւ Արտաշէս Յովսէփեանի կառուցած Ալ. Թամանեանի արձանը: Շատ լաւ քանդակագործ եմ համարում Ղուկաս Չուբարեանին, բարձր եմ գնահատում Մատենադարանի բակում տեղադրուած նրա գործը` Մեսրոպ Մաշտոցի արձանը: Ես սովորել եմ Գեղարուեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում, ուր դասանանդում էին մեծերը` Արա Սարգսեանը, Գրիգորի Ահարոնեանը, Կարօ Մծատուրեանը, Շաքարեանը…Նրանք Գիւմրուայ իմ քարտաշ-վարպետներից յետոյ յաջորդ ուսուցիչներս էին:
-Պատուերով աշխատելը չի՞ խանգարում արուեստագէտին…
-Կարելի է աշխատել պատուերով, բայց արուեստագէտն ինքը պիտի որոշի կառուցուածքը, ոճը, ձեւը… Ցաւօք, այդ ամէնը յաճախ թելադրւում է:
-Ի՞նչ տպաւորութիւն ստացաք նորօրեայ Երեւանից:
-Չափից շատ ու խիտ են սրճարանները, շատ են եւ յոգնեցնող գովազդային վահանակները: Ժամանակիս սղութեան պատճառով քիչ եմ քայլել քաղաքում: Ցաւում եմ, որ մեր հայկական հին ճարտարապետութեան աւանդոյթները չեն պահպանւում: Ի հարկէ, Երեւանը շատ է փոխուել:
-Չէ՞ք զղջում, որ ընտրել էք արուեստագէտի ` արտաքուստ թուացեալ երջանիկ ուղին, մասնագիտութիւնը:
-Այո´, դժուար է արուեստի ճանապարհը: Արուեստագէտն ամենախոցելի եւ գերզգայուն մարդն է, բայց նաեւ` երջանիկ: Չեմ զղջում իմ ընտրութեան համար. ես իրականացրել եմ մօրս երազանքը : Երբեք չեմ յոգնում. դա իմ կեանքն է, իմ աշխարհը: Արուեստագէտը երբեք չպէտք է յոգնի. յոգնել` նշանակում է աւարտուել, վերջանալ:
-ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ Ձեր կապերը նո՞ր են ձեւաւորւում…
-Շատ ուրախ եմ, որ կայ այսպիսի նախարարութիւն` Սփիւռքի հայերի տուն: Շատ կուզենայի, որ Սփիւռքի նախարարութիւնը գտնի , յայտնաբերի եւ ուսումնասիրի օտարածին անուններով, ազգանուններով անուանի, մեծ հայերի արմատները:
-Ի՞նչ կը մաղթէք հայերին:
-Երբ աշխատում էի Սամարղանդում,ուր պատուիրել էին Արեւելքի 18 հին եւ 5 նոր մտածողների քանդակները կերտել, ես շատ հայերի հետ ծանօթացայ, ովքեր ոչ մի կապ չունէին Հայաստանի հետ…մեծ ցաւ ապրեցի: Ես հայերին մաղթում եմ լինել միաբան, միասնական, չմոռանալ մայրենի լեզուն, հաւատքը, իրենց Հայրենիքը: Ուզում եմ, որ հայերն ապրեն անվտանգ, ապահով , բարեկեցիկ կեանքով:
-Պարո´ն Սողոյեան, ինձ յուշեցին, որ հոկտեմբերի 2-ին Ձեր ծննդեան 75-ամեակն է, նշուելու է Մոսկուայում:
-Այո´, լսել եմ, որ Մոսկուայում որոշել են նշել մեծ մասշտաբներով, բայց միբ գրէք ` 75…
-Եկեբք թուերի տեղերը փոխենք`5 եւ 7…
Ի վերուստ արուեստագէտի դրոշմով, փառահեղ արտաքինով նշանաւոր, վաստակաշատ քանդակագործն իմ առաջարկից յետոյ լիաթոք ծիծաղում է, կատակում գիւմրեցիներին բնորոշ անուշ, դիպուկ բառերով, իսկ նրան ուղեկցող քրոջորդին` ճարտարապետ, երիտասարդ գիտնական Տիգրան Մանուկեանը, հաւելում է, որ քեռին` Ֆրիդ Սողոյեանը, մշտապէս կենսախինդ է, կատակասէր: Տիգրանն իր մասնագիտական կողմնորոշման համար երախտապարտ է քեռուն` նրա տուած անգնահատելի խորհուրդների համար:
Այս մեծ Հայը` մի կողմից լեհական, միւս կողմից հայկական ընդգծուած խառնուածքով, ի վերուստ տրուած մեծ շնորհով, մերթ սարոյանական, մերթ էլ ջրհեղեղից վերածնուած Նոյի կերպարով, ապրում ու արարում է գիւմրեցի հին վարպետների նման` յամառօրէն փափկացնելով քարը եւ ժպիտով նայելով աշխարհին ու մարդկանց:
Զրուցեց Կարինէ Աւագեանը