Կուզենամ տեսնել անկախ Հայաստանի ապագան 10, 20 տարի յետոյ, ինձ` այդ Հայաստանում

Սեպտեմբերի 2-ը ՀՀ ժողովրդական արտիստուհի Յասմիկ Պապեանի ծննդեան օրն է: Աշխարհահռչակ երգչուհու մեծագոյն երազանքն իր հայրենիքի բարօրութիւնն է:

Ստորեւ ներկայացնում ենք «Ազգ» օրաթերթի գերմանաբնակ թղթակից Անահիտ Յովսէփեանի հարցազրոյցն անուանի երգչուհու հետ, որը տպագրուել է թերթի ս.թ. սեպտեմբերի 2-ի համարում:

– Ձեր կեանքում առաջին անգամ երգեցիք Արցախում` տեղի պետական կամերային նուագախմբի հետ: Բացառիկ համերգ, որ արցախցիների կեանքում էլ առաջին անգամ էր: Ձեզ պիտի խնդրեմ պատմել դրա մասին:

– Կէս տարի առաջ ինձ զանգահարեց Գէորգ Մուրադեանը, հրաւիրեց Արցախ, ուր երբեք չէի եղել. չէի ուզում գնալ որպէս զբօսաշրջիկ: Շատ նպատակայարմար էր իմ համերգով գնալը, սիրով համաձայնեցի: Այնտեղի կամերային նուագախումբը շատ փոքր կազմ ունի, բայց կարողացան նուագակցել իմ մեծ դերերգերը, որոնք երգում եմ ամէնուրեք: Գործիքների պակասը լրացրեց հրաշալի դաշնակահար Սիմոնը, որ աւարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան, Էդուարդ Միրզոյեանի դասարանը եւ հրաշալի երաժիշտ է: Սա ինձ համար շատ մեծ իրադարձութիւն էր: Առաջին ծանօթութիւնը տեղի ունեցաւ, Ստեփանակերտի մշակոյթի տան դահլիճը լեփ- լեցուն էր, շատ լաւ ընդունեցին. շատ մտերմիկ, ջերմ, պատրաստուած հանդիսատես էր: Պարտք ունէի արցախցիներին. դեռ 5 տարի առաջ Հրաչեայ Մաթեւոսեանին տուած հարցազրոյցում ասել էի դրա մասին: «Եթէ մէկ էլ հարցնեն`  որտե՞ղ չէք երգել, պիտի պատասխանեմ` միայն Արցախում: Բայց պիտի երգեմ: Ես պարտք ունեմ»: Մեր հարցազրոյցի այս հատուածը նա իր պատմուածքներից մէկում է զետեղել:

– Ձեզ ճանաչողները կարող են հաստատել`  խոստումը կատարում էք: Այդուհանդերձ,  կա՞յ դեռեւս չիրականացած խոստում, ցանկութիւն, երազ:

– Երազում էի Իզոլդա երգել («Տրիստան եւ Իզոլդա»), արդէն կայ պայմանաւորուածութիւն. 2013 թուականին պիտի երգեմ:

– Վերջին համահայկական խաղերին առաջին անգամ երգեցիք ՀՀ օրհներգը: Ին՞չ զգացողութիւններ ունեցաք:

– Երեւի շատերը զարմացան, որ երգեցի մանկական երգչախմբի հետ, բայց ինձ համար առաջարկը շատ պատուաբեր էր, ի հարկէ որոշ մտորումների տեղիք տուեց, բայց յետոյ մտածեցի` իսկ ինչու՞ ոչ, պիտի կանգնեմ մանուկների հետ` որպէս աւագ սերնդի ներկայացուցիչ, երգեմ նրանց հետ իմ ժողովրդի, իմ պետութեան հիմնը: Դա ինձ շատ ոգեւորեց: Բացման արարողութիւնը շատ լաւ էր կազմակերպուած, որեւէ երկրի համար դա կազմակերպելը պիտի որ շատ դժուար լինի, հպարտ եմ, որ այդ ձեւով կարողացանք համախմբուել: Սա ինձ համար ամենակարեւորն է, եւ այդ համախմբման մէջ կայ նաեւ իմ մասնիկը: Դուստրս նկատեց`  մամաբ, սա չէիր երգել, սա էլ երգեցիր:

– Յասմի՛կ, համախմբման մասին խօսելիս հպարտ բառը գործածեցիք: Մեզ համար հպարտութիւն է, երբ լաւագոյն բեմերում փայլուն ներկայացման շողշողուն աստղը քո հայրենակիցն է, Ձեր շնորհիւ Հայաստան անունը անընդհատ շեշտւում է միջազգային մամուլում: Հպարտանալու ի՞նչ առիթ է տալիս Ձեզ Հայաստանն այսօր,  եւ ի՞նչն է Ձեր ուսերը մի փոքր կախ պահում:

– Երբ խօսքը վերաբերում է ինձ, հպարտանալ բառը ընդհանրապէս չեմ գործածում, ինքս ինձնով երբեք հպարտ չեմ: Հպարտ եմ Սերգեյ Խաչատրեանով, Նարեկ Հախնազարեանով, հպարտ եմ մեր պայծառ սերնդակիցներով, մեր շախմատիստներով, հպարտ եմ այսօրուայ Հայաստանի հողը պահող, պաշտպանող զինուորով: Ես ինձ այդ շարքին չեմ դասում: Անում եմ մի գործ, որ իւրաքանչիւրը կարող էր անել, աշխատում եմ լաւագոյնս կատարել իմ կարողութիւնների սահմանում եւ գտնում եմ, որ այն երջանիկների թուին եմ պատկանում, որոնց բախտ է վիճակուել զբաղուել սիրած մասնագիտութեամբ:

– Հայաստանի Հանրապետութիւնը  տալի՞ս է հպարտ լինելու իրաւունք,  20 տարին տալի՞ս է այդ յոյսը:

-Անպայման այդ յոյսը կայ, եւ այն չի մեռնում: Մի բան վստահ գիտեմ. չենք կարող յանձնուել: 20 տարին ոչինչ է պետութեան կայացման համար: Երեւոյթներ կան, որոնց համար կարմրում ես, բայց յոյս ունեմ, որ մօտ ապագայում դրանք պիտի վերանան:

– Պետութեան կայացման համար 20 տարին կարճ է, իսկ մի երգչուհու համար, որպիսին Դուք էք, 25-ամեայ բեմական գործունէութիւնը կայանալու առումով ինչպէ՞ս կը գնահատէիք:

– Երգչի կեանքն ընդհանրապէս կարճ է բեմում, կարող է ընդհատուել, շարունակութիւն չունենալ: Ուրեմն 25 տարի բեմում լինելն ինձ համար մեծ երջանկութիւն է, եւ կայանալու համար` բաւականին: Նոյնիսկ կարելի է եզրափակել: Իմ երջանկայիշատակ ուսուցչուհին` Տաթեւիկ Սազանդարեանն ասում էր`  աւելի լաւ է 5 տարի շուտ հեռանալ բեմից, քան 5 րոպէ ուշ:

– Դուք փայլեցնում էք նրա անունն օտար բեմերում: Սազանդարեա՞նն էր, որ ջութակահար Յասմիկի մէջ յայտնաբերեց երգչուհուն: Եթէ նա չլինէր, ինչպէ՞ս կը լինէր այդ ընթացքը:

– Եթէ ինքը չլինէր, ես 2-րդ անգամ չպիտի հարցնէի` ձայն ունե՞մ, արժէ՞, որ ես երգեցողութեամբ զբաղուեմ: Ինքը շատ հմուտ մանկավարժի խորաթափանցութեամբ անմիջապէս նկատեց իմ տուեալները: Նա միշտ հաւատում էր, որ պիտի երգեմ, եւ հէնց սկզբից ասում էր` դու ունես մեծ օպերային ձայն եւ անպայման պիտի երգես: Նրան եմ պարտական:

– Դուք ոչ միայն լաւ երգչուհի էք, այլեւ լաւ դերասանուհի, դրա մասին անընդհատ շեշտւում է: Դերասանական տաղա՞նդն էլ նրա ձեռագիրն է:

– Ընդհանրապէս բեմն արտացոլում է բոլոր թերութիւններն ու առաւելութիւնները, կրկնապատկում, հարիւրապատկում է երկուսն էլ: Բեմական վարպետութիւնը կարելի է սովորել, յետոյ արդէն ըստ փորձառութեան կարելի է կատարելագործել: Բայց բեմում երեւալը, բեմում կանգնելը միանշանակ բնական օժտուածութիւն է:

– 25 տարի առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ ամենամեծ բեմերում էք երգելու, ամենաջերմ քննադատականներն են գրուելու համաշխարհային մամուլում, ամենամեծ ճանաչումն էք բերելու անկախ Հայաստանին:

– Ունէի այդպիսի նպատակասլացութիւն` պէտք է երգեմ միայն առաջնային դերեր: Իհարկէ վստահ չէի` կը կարողանա՞մ, թէ՞  ոչ:

– Ձեր սկիզբն արդէն շատ փորձութիւն  էր. Ձեզ յանձնարարում էին դերեր, որ ամէն մէկը չէր կարող արագ  իւրացնել: Շատ են դէպքերը, երբ Դուք արագ փոխարինել էք ուրիշին: Բնական ընդունակութիւններն անպայման դեր ունեցել են Ձեր կարիերայում: 2011-ին մասնաւորապէս երկու մեծ դերեգերով հանդէս եկաք` «Ֆրանչեսկայ Դա Ռիմինի» եւ «Ջոկոնդա»: Կուզենայի`  խոսէինք Ձեր 40-ին մօտ կամ աւելի դերերգերի, ընդհանրապէս սովորելու մասին:

– Ակադեմիական երգչախումբ ընդունուեցի այն ժամանակ, երբ դեռ ջութակ էի նուագում, պարզապէս ուզում էի ազատ ժամանակս նաեւ երգել: Շատ շուտով հասկացայ, որ չեմ ուզում զինուորի նման շարքում կանգնել, ուզում եմ մի քայլ առաջ գալ: Ի հարկէ առաջինը լինելու ձգտումն էր դա, եւ ինչ-որ տեղ նաեւ չենթարկուելու կոլեկտիւ ռեժիմին, կարգապահութեանը: Բոլոր մեծ երգիչներն ունեն հարուստ խաղացանկ, աշխատում են դա կատարելագործել, ամենաճիշտ ձեւը միշտ նոր դերերգեր փնտրելը, խաղացանկը փոխել-թարմացնելն է` հները կրկնելով: Ինչ վերաբերում է վերջին վայրկեանին փոխարինելուն, դա  որոշակի յատկութիւն է, որ, ի հարկէ, բոլորը չունեն: Ես կարող եմ կարճ ժամանակում ունեցածս մտային, ֆիզիկական ուժերը կենտրոնացնել, տուեալ պահին ցատկել եւ փրկել ներկայացումը: Դա ինձ ինչ-որ ձեւով օգնել է նաեւ, շատ դռներ է բաց արել: Դա իմ միտքն արթուն է պահում: Ի հարկէ շատ յոգնեցուցիչ է, եւ մեծ պատասխանատուութիւն ես կրում, բայց կայ նաեւ մեծ բաւարարուածութիւն, որովհետեւ դու 3000 ունկնդրի տուն ուղարկելու փոխարէն պահում ես դահլիճում, ներկայացումը տեղի է ունենում: Մի յատկութիւն է, որը չեմ ուզում երբեք կորցնել:

– Հասմի´կ, ովքե՞ր են Ձեր թիկունքն ամրացնում:
– Երգչի համար շատ կարեւոր է հոգեկան հաւասարակշռութիւնը: Երգելն ընդհանրապէս ֆիզիկական եւ հոգեկան առողջութիւն է: Եւ դրանում օգնում է իմ ընտանիքը. մայրս, որը ինձ փոխարինում է միշտ, ամուսինս, որն ինձ շատ լաւ հասկանում է, եւ աղջիկս, որ ինձ ուժ է տալիս: Սիրանոյշն ուզում է ինձ մի քանի տարի եւս տեսնել բեմում:

– Ասում են` Նորման Ձեր ձեռագիրն է: Դուք շատ կանանց էք մարմնաւորել` թագուհիների, առաջնորդների, սիրահար հերոսուհիների: Որ՞ն է այն կերպարը, որից սովորել էք, եւ դա ուղեկցել է Ձեզ ողջ կեանքում:

– Նորման ամենապահանջուած դերերգն է եղել ինձ համար: Դա երաժշտական իմաստով չափազանց հազուագիւտ դեր է, որը սկսել եւ վերջացնել բոլորին չի տրւում: Ինձ օրհնուած եմ համարում, որ կարողացել եմ այդ դերերգը երգել բազմիցս` մօտ 26-27 տարբեր բեմադրութիւններում: Նորման թեբ վոկալ, թեբ դրամատիկ իմաստով շատ մեծ հնարաւորութիւն է տալիս, բայց ինձ համար ամենափայփայած դերը, ամենայուզիչը, որ, ցաւօք սրտի, մէկ անգամ եմ երգել, Չիոյ Չիոյ Սանն է, որ 15 տարեկանում ստիպուած էր ճանաչել կեանքի բոլոր դառնութիւնները: Սա ինձ համար չգերազանցուած կանացի կերպար է:

– Դուք Ձեր լեռը բարձրացել էք թե´ տարիքի իմաստով, թե´ յաջողութիւնների, հիմա գագաթին էք: Յասմի՛կ, երբ գա իջնելու ժամանակը, կարծում էք`  կը լինի՞ մի չհասցրած բան, որի համար այսօր ափսոսալու հիմքեր կան:

– Ափսոսանք  չեմ ունեցել եւ չունեմ. ինչ կարող էի, արել եմ անկողմնակալ, անմնացորդ, իմ հնարաւորութեան սահմաններում: Ինձ այսքանն էր վիճակուած: Ի հարկէ, աւելի շատ ձայնագրութիւններ կարող էի անել, աւելի յաճախ կարող էի երեւալ հեռուստաէկրանին, աւելի յաճախ կարող էի լինել դեղին մամուլի էջերում, որպէսզի շատ մարդկանց պատկերացմամբ` լինէի իսկապէս յայտնի, բայց դա չի եղել իմ նպատակը: Ես չեմ եղել մակերեսային, չեմ եղել հասանելի շատերի համար: Սա իմ տեսակն է, եւ ուրախ եմ, որ այդ տեսակը կարողացել է առանց կողմնակի օգնութեան, խնամակալութեան, յենակների տեղ հասնել: Բայց երբեմն մտածել եմ` աբյ, եթէ լինէի այդպիսին, հետաքրքիր է` մինչեւ ու՞ր պիտի հասնէի: Բայց հաստատ` ոչ աւելի հեռու, քան եմ:

– Եղե՞լ են փոխզիջումներ:

– Անշուշտ, եղել են եւ կան: Ունեմ անսահման համբերութիւն, որը միշտ զարմացնում է իմ խաղընկերներին եւ իմ գործընկերներին: Կարող եմ ատամներս սեղմել` դիմանալով ռեժիսորների բոլոր տեսակի քմահաճոյքներին, դիրիժորների տրամադրութիւններին, փորձում եմ նրանց հասկանալ եւ երբեք չեմ սիրել աղմկարար պատմութիւններ կամ իմ պատճառով խեղաթիւրուած իրադրութիւններ:

– Պապեան ազգանունը հաստատուն տեղ ունի աշխարհի տարբեր թատրոնների ազդագրերում: Բացի Սազանդարեանից ուրիշ, ու՞մ էք պարտական դրա համար:

– Պարտական եմ իմ արմատներին, նախ եւ առաջ ինձ ծնած հողին, որ ինձ միշտ յուշել է ճիշտ քայլ անել, իմ ինտուիցիային: Սազանդարեանը եղել է  երգչուհի դառնալուս պատճառը, բազմաթիւ են այն անունները, որոնցից սովորել եմ ու սովորում եմ մինչեւ հիմա: Երգել եմ մեծանուն դիրիժորների, երգիչ-երգչուհիների կողքին, աշխատել մեծ ռեժիսորների հետ եւ իւրաքանչիւրից ինչ-որ բան սովորել եմ, շարունակում եմ սովորել: Պարտական եմ այն միջավայրին, որտեղ մեծացել եմ, դպրոցին, որ ինձ կրթել է, իմ ուսուցչուհիներին, որ ինձ սովորեցրել են գեղեցիկ գրել, մաքուր հայերէնով խօսել, իմ ընտանիքին, որ չափազանց ազնիւ ու կարգապահ է եղել ու է: Այդ բոլոր գործօնները ձեւաւորել են ինձ եւ տուել առիթներ երգելու: Սա շատ կարեւոր յատկութիւն է, մեր գործում յաջողակութեան գործօն, երբ առիթն իսկապէս ժամանակին ես օգտագործումՙ չյետաձգելով վաղուան, առանց մտածելու կրակի մէջ նետւում, մի յատկութիւն, որը չգիտեմ որտեղից եմ ժառանգել:

– Երբ Դուք Ֆրանսիայում Մանսուրեան էիք երգել, տեղի թերթերից մէկ Ձեր ձայնի մէջ նկատել էր  Հայաստանի արեւը: Ընդհանրապէս Հայաստանի էներգետիկա՞ն է մեծ դերակատար, հայոց լեզուի ու՞ժն է, թէ՞ երաժշտական տեքստին տիրապետելու մասնագիտական վարպետութիւնն է, որ հնարաւորութիւն է տալիս օտար երաժշտական քննադատին դա շեշտել:

– Նորից եմ ասում` պարտական եմ իմ արմատներին, այն հողին, որն ինձ ծնել է: Լեզուն նաեւ մտածողութիւն է, բնաւորութիւն է, մարդու նկարագիր է, դրա կրողն եմ ես: Երգելիս դա գիտակցաբար չեմ շեշտում, պարզապէս իմ անբաժան մասնիկն է, որը մարդիկ զգում են: Ես անսահման ուրախ եմ, որ սա հասնում է ունկնդրին: Սա ինձ համար ամենամեծ երջանկութիւնն է: Արուեստին ծառայող մարդու միակ ցանկութիւնն է, որ իր ձայնը լսուի, իր երգը տեղ հասնի:

– «Նուիրում Կոմիտասին» Ձեր ձայնասկաւառակը բացառիկ թողարկում եղաւ, որ մաեստրոյ Չէքիջեանի գնահատականով, բաղդատելով կոմիտասեան ուրիշ մեկնաբանութիւնների հետ, ամենամերձն է բնագրին: Համերգային բեմից հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններին անդրադարձել էք յաճախ, բայց հայեացքը Կոմիտասին անշեղ է եղել:

– Մեզ համար սրբութիւն է Կոմիտասը: Ժամանակ, տարածութիւն չճանաչող երաժշտութիւն է եւ համամարդկային: Ցանկութիւնս այն էր, որ Կոմիտասը ներկայացուէր հնարաւորինս մաքուր, դասական եւ հասկանալի օտար ունկնդրին: Կոմիտասը կայ իւրաքանչիւր հայի սրտում, իսկ նրան երգել կարողանալը, պատկերացրեբք, ի՛նչ մեծ օրհնութիւն է: Ես իմ փոքրիկ լուման դրեցի այն բոլոր արուած գործերի կողքին, որոնք կային եւ դեռ պիտի արուեն:

– Դուք այսօր շատ բարեմաղթանքներ էք լսելու: Իսկ Ձեր ցանկութիւնը՞:

– Ամենամեծ ցանկութիւնս` պատերազմներ չլինեն: Եթէ ինձ հարցնեն` ինչից եմ վախենում, կասեմ` պատերազմից: Կուզենամ տեսնել անկախ Հայաստանի ապագան 10, 20 տարի յետոյ, ինձ`  այդ Հայաստանում:

Զրուցեց Անահիտ Յովսէփեանը
Գերմանիա
«Ազգ» օրաթերթ

Հ.Գ. Անահիտ Յովսէփեանի այս հարցազրուցը «Հայերն այսօր»-ում թիւրիմացաբար տեղադրուած է եղել այլ հեղինակի ստորագրութեամբ, ինչի համար խմբագրութիւնը ներողութիւն է հայցում հեղինակից եւ մեր ընթերցողներից:

Scroll Up