«Հայրենիքի հետ կապը վերադարձի ճանապարհն է»

Օրերես Հայաստանում  էրԱստրախանի   հայկական  համայնքի  վարչութեան անդամ   Սուրէն Աջամօղլեանը, ով հիւրընկալուել  էր Սփիւռքի նախարարութիւնում: Նրա հետ զրուցեց «Հայերն  այսօր»-ի   թղթակիցը:

-Բարով էք եկել Հայաստան:  Այցելութիւնը գործնակա՞ն է, թէ՞ Հայրենիքի կարօտն է Ձեզ այստեղ բերել: 

-Անձնական է եւ գործնական : Եկել եմ կարօտս առնելու հայրենիքիցս, վերանորոգելու Գիւմրիում իմ տունը եւ Սփիւռքի նախարարութիւն բերելու Աստրախանի հայկական համայնքի 20-ամեայ յոբելեանին նուիրուած մեծամասշտաբ միջոցառման հրաւիրատոմսերը:  20-ամեակի տօնակատարութիւնը տեղի կ’ունենայ սեպտեմբերի 18-ին :

-Մե՞ծ է Աստրախանի հայկական համայնքը: 

-Համեմատած ուրիշ շատ համայնքների հետ`փոքր համայնք է: Պատկերացրէք , որ Վոլգոգրադի միայն մի թաղամասում 30.000 հայ է ապրում , իսկ մեզ մօտ քիչ է հայերի թիւը:

-Պարո՛ն Աջամօղլեան, ձեր համայնքում հայերը կարողանու՞մ  են պահել հայ ինքնութիւնը` լեզուն, հաւատը, աւանդոյթները: 

-2001 թուականին համայնքը կառուցել է Սուրբ Հռիփսիմէ եկեղեցին, ունենք կիրակնօրեայ հայկական մէկ դպրոց, վերջերս ստեղծուեց եկեղեցական երգչախումբը, գործում է կանանց ակումբը: Մեր համայնքում ստեղծուել է «արեւիկէ երգի-պարի անսամբլը, որը մասնակցում է քաղաքի բոլոր միջոցառումներին :Ունենք ֆուտբոլի հրաշալի մինի-թիմ` «Արեւ անունով , որն արեւի պէս «վառում էէ. 42 խաղից   չի գրանցել ոչ մի պարտութիւն :
Եկեղեցում պատարագներ չեն մատուցւում , սակայն գործում են միւս հոգեւոր ծառայութիւնները`  մկրտութեան, պսակի  արարողութիւնները : Համայնքը նշում է հայկական բոլոր տօները, ընտանիքներում պահպանւում են հայկական աւանդոյթները:

-Ինչպիսի՞ յարաբերութիւններ են ձեւաւորուած Աստրախանում ապրող միւս ազգութիւնների հետ: 

-Բարիդրացիական յարաբերութիւններ ունենք շուրջ 30 համայնքների հետ: Տեղի իշխանութիւններն ամէն ինչ անում են, որ բոլոր համայնքներն ապրեն խաղաղ, եւ հակասութիւններ չլինեն:

-Ինչի՞ կարիք ունի այսօր Աստրախանի հայութիւնը: 

-Գրի, գրականութեան եւ Հայրենիքի հետ ամենասերտ կապերի` բոլոր առումներով: Մենք ուզում ենք,  որ մեզ ճանաչեն, յիշեն:

-Անվտանգ ու ապահո՞վ են ապրում հայերն Աստրախանում : Հիմնականում  ի՞նչ գործունէութիւն են ծաւալում, ո՞ր բնագաւառներում են աշխատում հայերը : 

-Աստրախանը բազմազգ քաղաք է: Մահմեդական տարրը երեւի կազմում է 40%: Ես չեմ յիշում, որ իմ` Աստրախանում ապրած 15 տարիների ընթացքում ազգամիջեան բախումներ եղած լինեն: Ապահով ենք ապրում: Հայերն աչքի են ընկնում բժշկութեան, երաժշտութեան, մանկավարժութեան, շինարարութեան բնագաւառներում: Բժշկութեան բնագաւառում ունենք 3 հանրաճանաչ պրոֆէսորներ: Սակայն վերին օղակներում` կառավարութիւնում, իշխանական ատեաններում,  հայեր չկան. խտրականութիւնը ինչ-որ առումով պահպանւում է: Հայեր չեն աշխատում նաեւ ուժային կառոյցներում:

-Տեղի բնակիչները գիտե՞ն հայերին, մեր պատմութիւնը: 

– Այո՛, նրանք գիտեն հայերի Մեծ եղեռնի պատմութիւնը, ճանաչում են հայ նշանաւոր անհատներին, գիտեն, որ Աստրախանի ճարտարապետական տեսքը պայմանաւորուած է հայ մեծահարուստների կողմից  արուած կառոյցներով: Ընդհանրապէս  Աստրախանի հին ճարտարապետութեան մէջ մեծ աւանդ ունեն հայերը:
– Դուք Հայաստան էք եկել Ձեր որդիների, հարսների, թոռների հետ . որտե՞ղ էք իջեւանել…
-Ամէն ամառ իմ թոռնիկները հանգստանում են Հայաստանում: Իջեւանել ենք իմ հարազատ Գիւմրիում, ուր ազգականներ ունեմ եւ թանկ յիշատակներ : Իմ աչքի առջեւ ամէն այցելութեանս Գիւմրին աւելի գեղեցկացած է լինում: Մենք էլ Գիւմրիում վերանորոգում ենք մեր տունը, ծիծեռնակի պէս մեր բոյնն ենք հիւսում, որ վերադարձին մնալու տեղ ունենանք : Մեր վերադարձը կիսով չափ կայացել է. տղայիս ընտանիքն արդէն ապրում է Երեւանում, թոռնիկս այստեղ է դպրոց յաճախելու:

-Պարո՛ն Աջամօղլեան, ես գիտեմ որ դուք Աստրախանի հայկական համայնքի վարչութեան նախագահի տեղակալն ու ծխական խորհրդի նախագահն էք եղել: Այժմ ի՞նչ աշխատանք էք տանում: 

-Ես միայն վարչութեան անդամ եմ եւ անհատ-գործարար. հնարաւորինս օգնում  եմ իմ  համայնքին , ակտիւօրէն մասնակցում եմ համայնքի կեանքին, բոլոր միջոցառումներին: Գիւմրիում ապրածս տարիներին զբաղուել են գիտամանկավարժական գործունէութեամբ, կը ցանկանայի հնարաւորութեան  դէպքում շարունակել իմ գործունէութիւնը այդ բնագաւառում:

-Ի՞նչ յիշարժան եւ հետաքրքիր գործեր են արուել համայնքում: 

-2005թ. 12 հոգով ուխտի գնացինք Երուսաղէմի հայ առաքելական եկեղեցի, տպագրել ենք Աստրախանի հայերի պատմութեան մասին գիրք , որի նիւթերը հաւաքուել են համայնքի ուժերով , ինքս էլ մեթոդական օգնութիւն եմ ցուցաբերել: Կառուցել ենք մի փոքրիկ յուշահամալիր-խաչքար` նուիրուած Աստրախանում հայկական համայնքի 300- ամեակին եւ Ռուսաստանում հայկական թեմի 290- ամեակին:

-Արդեօ՞ք ամուր թելերով է համայնքը կապուած  Հայրենիքին, Սփիւռքի նախարարութեանը:

-Նոր ենք սկսել կապուել Սփիւռքի նախարարութեանը եւ համագործակցել: Անցած տարի Աստրախանի հայկական համայնք էր եկել Սփիւռքի նախարարութեան աշատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը` ծանօթանալու համայնքի կեանքին: Կամուրջը գցուած է: Արդէն սկսուած է էլեկտրօնային նամակագրութիւնը, ունենք ինտերնետային կայք: Իսկ հայրենիքի հետ մենք կապուած ենք մեր արեան կանչով, եւ այդ կապը երբեք չի կտրուի. այն վերադարձի ճանապարհն է:

Զրուցեց Կարինէ Աւագեանը

Scroll Up