Համահայկական կրթական խորհրդաժողովը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի բանաձեւ է ընդունել

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդիւնքների հիման վրայ ընդունուել է բանաձեւ, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համար` մօտակայ երկու տարիների համար: Համաձայն բանաձեւի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ կրթութեան ոլորտում միասնական գիտակցութեամբ գործելու, Հայաստան-սփիւռք կրթական յարաբերութիւններն ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերում եւ 4 մասնախմբերում կազմակերպուած համատեղ քննարկումների ընթացքում հնչած առաջարկութիւնների հիման վրայ որոշուեց.

1.Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած աշխատանքների ուղղութեամբ`  Սփիւռքի, Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կրթութեան բոլոր օղակներում կարեւորել Հայոց ցեղասպանութեան եւ Հայ դատի վերաբերեալ աճող սերնդի կողմից ճշմարիտ պատմական գիտելիքների ձեռքբերումը եւ մշտապէս պահանջատէր լինելու դիրքորոշումը` գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման եւ հատուցման ուղենիշը:

2.Հայոց ցեղասպանութեան հարցերին անդրադառնալ հայագիտական դասընթացներում` կարեւորելով ցեղասպանութեան պատճառները, նախապատմութիւնը, ընթացքը, հետեւանքները, ինչպէս նաեւ բացասական ազդեցութիւնների վերացման, դատապարտման եւ հատուցման գիտակցման ձեւաւորումը. Հայոց ցեղասպանութեան պատմական իրողութիւնն ու դրա իրաւական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած եւ ճանաչում ստացած ցեղասպանութիւնների համատեքստում:

3.Ստեղծել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնաօժանդակ տարատեսակ նիւթեր` հաշուի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնայատկութիւնները:

4.Քաջալերել Հայոց ցեղասպանութեան մասին եւ նրան առնչուող գեղարուեստական, վաւերագրական, ճանաչողական հայերէն եւ օտարալեզու գրականութեան հրատարակումն ու տարածումը:

5.Ուսուցիչների, մանկավարժական որակաւորում տուող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նիւթեր Հայոց ցեղասպանութեան մասին, ծանօթացնել համապատասխան միջազգային պայմանագրերին, կոնուենցիաներին եւ դրանց իրաւական բովանդակութեանը:

6.Նպաստել Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների կրած հոգեբանական վնասուածքների ուսումնասիրութեանը եւ հետեւանքների վերացմանն ուղղուած աշխատանքներին:

7.2015թ. իրականացուելիք կրթամշակութային միջոցառումները նուիրել Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին:

8. Մշակել եւ ուսուցիչներին տրամադրել բազմաբնոյթ նիւթեր Հայոց հերոսամարտերի, մասնաւորապէս Արցախեան ազատամարտի դրուագների եւ հերոսների մասին:

Scroll Up