Նախագահ Սերժ Սարգսեանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանութեան թանգարանի հիմնարկեքի արարողութեանը

Յուլիսի 8-ին` Արգենտինայի Հանրապետութիւն պաշտօնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսեանը Բուենոս Այրես քաղաքային կառավարութեան նախարարների խորհրդի նախագահ Օռասիոյ Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկայ է գտնուել Բուենոս Այրեսի Պալերմօ թաղամասում Հայոց ցեղասպանութեան թանգարանի հիմնարկեքի արարողութեանը: Հիմնարկեքի յուշատախտակի օրհնութիւնից յետոյ Բուենոս Այրեսի քաղաքային կառավարութեան նախարարների խորհրդի նախագահ Օռասիոյ Լառետան եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը բացել են այն: Հայոց ցեղասպանութեան թանգարանի հիմնարկեքի կապակցութեամբ Նախագահն արարողութեան մասնակիցների առջեւ հանդէս է եկել ելոյթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտօնական կայքից:
***
Նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանութեան թանգարանի հիմնարկեքի արարողութեանը
Սիրելի՛ հայրենակիցնէր,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարութեան նախարարների խորհրդի յարգելի՛ Նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիւ է ինձ համար գտնուել այստեղ` Բուենոս Այրեսի սրտում, եւ ձեզ հետ միասին առաջին աղիւսը դնել Հայոց Ցեղասպանութեանը թանգարանի հիմքում:
Այս թանգարանը ստեղծւում է` լրացնելու Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած այն բազմաթիւ յուշակոթողների շարքը, որ սփռուած են արեւելքից արեւմուտք, հիւսիսից հարաւ` որպէս խօսուն վկայ, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք յիշելու ենք ու պահանջելու: Մարդկային յիշողութիւնը պատմութեան իւրայատուկ մաղն է, որն առանձնայատուկ երախտագիտութեամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապէս արդարութեան սերմեր են ցանում` առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժէքները:
Այդ լուսաւոր տեղանուններից մէկն էլ, ի հարկէ, Արգենտինան է, որն օգնութեան հասնելով մեր ժողովրդին արհաւիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարիւր հազարաւոր հայերի, այլեւ վերականգնեց մեր ժողովրդի սասանուած հաւատն առ այն, որ մարդը ստեղծուած է Աստծոյ նմանութեամբ, որ մարդու մէջ չի կարող մեռնել մարդը եւ կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը:
Յարգելի գործընկերնե՛ր,
Յաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը: Սակայն բոլորին է յայտնի` մարդկութեան դէմ ոճիրները վաղեմութեան ժամկէտ չունեն: Մեծ Եղեռնի հարիւրամեակն աւարտի սահմանագիծ չէ, այլ իւրատեսակ հանգրուան: Հարիւրամեակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ եւ ազդարարելու յանուն արդարութեան վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրուելու է ժխտողականութեան քաղաքականութեանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք աւելի հզօր, հզօր միջազգային հանրութեան հետ միասին, քանզի միասնութեան մէջ է ուժի գաղտնիքը եւ արդարութեան յաղթանակը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայ-արգենտինական բարեկամութեան դարաւոր պատմութիւնը ամբարում է էջեր, առանց որոնց հնարաւոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցութիւնը: Եւ այս օրը, անշուշտ, ոսկէ տառերով է գրուելու ոչ միայն հայ-արգենտինական պատմութեան մատեանում, այլեւ իր անջնջելի հետքն է թողնելու մարդկութեան դէմ երբեւէ գործուած ամենածանր ոճրի` ցեղասպանութեան դատապարտման եւ կանխարգելման գործում:
***
(Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարութեան 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ` մայրաքաղաքի Պալերմօ թաղամասում անվճար տարածք է յատկացուել Հայոց ցեղասպանութեան թանգարանի կառուցման համար: Յունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանութեան մասնակցութեամբ եւ Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքոյ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեան թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանութիւնների կողմից արգենտինահայ համայնքին անվճար յատկացուած հողատարածքի` իրաւական փաստաթղթերը փոխանցելու պաշտօնական արարողութիւնը):