Նորաբաց «Հայարտուն» մշակոյթի կենտրոնում սաների պակաս չկայ

Անկախութիւն  ձեռք բերելուց յետոյ Վրաստանում, յատկապէս  Թբիլիսիում բնակուող  հայի  համար ամենամեծ նուէրը «հայարտունէ  մշակոյթի կենտրոնի  նորակառոյց  շէնքն է, որը  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի,  նրա  առաջնորդ  տէր  Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի  նախաձեռնութեամբ  եւ անդուլ ջանքերի  շնորհիւ,  ռուսաստանաբնակ մեր  հայրենակիցնէր Սաակովների ընտանիքի հովանաւորութեամբ  եւ  մի շարք  բարեգործական  հիմնադրամների եւ  անհատ բարերարների  աջակցութեամբ  նուիրուեց  Վրաստանի հայ համայնքին`  հայապահպանութեան, ազգապահպանութեան եւ  հայեցի դաստիարակութեան վեհ գործին ծառայելու պատգամով:

Ընդամէնը մէկ ամիս է անցել  «Հայարտուն» մշակոյթի  կենտրոնի  հանդիսաւոր  բացումից, բայց   արդէն  համալրուած են  այստեղ  գործող բոլոր խմբակները: Օրուայ ընթացքում 10 աշխատանքային ժամ  գործող  կենտրոնի  բոլոր երեք սրահներում  եռում է  աշխատանքը, չի դադարում  մարդկանց  հոսքը. գալիս են  տարբեր տարիքի  եւ  տարբեր  հակումների մարդիկ, գալիս են իրենցը, մայրենին ստանալու,  ազգայինը պահպանելու,  լեզուն սովորելու,  պատմութեանը ծանօթանալու,  հաւատքին մօտենալու, երգն ու երաժշտութիւնը ըմբոշխնելու:  Գալիս են  թոթովախօս  մանկան  ճանաչողական աշխարհը  հայերէնի միջոցով  բացելու,  նրան հայկական  շունչ եւ ոգի հաղորդելու:  Գալիս են  ծնողների  բաց թողածն ու  վրիպումը  լրացնելու,  շտկելու համար, գալիս են ազգի պատմութիւնը սովորելու,  հաւատքին մերձենալու, աւանդոյթները  պահպանելու,  գիտեցածը  ճշգրտելու համար: Ու մինչեւ  օրս չի դադարում  այդ  հոսքը, քանզի  գոհ են  տեսածից  ու  զգացածից, քանզի  օր օրի  աւելանում է ցանկացողների թիւը, քանզի  «նախակրթարանի» մէկ խումբը արդէն  չի կարող  տեղաւորել բոլոր երեխաներին,  քանզի մայրենիից կտրուած  պատանիներն ու աղջնակները  շատ  են ցանկանում  սովորել  մեր  մեսրոպատառ  հայերէնը, բնագրով կարդալ մեր  հարուստ գրականութիւնն ու  պատմութիւնը, մայրենիով  լսել մեր  եկեղեցական քարոզները,   աղօթել  նախնիների լեզուով:

Ուստի միանգամայն  տեղին էր  տէր  Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի  առաջարկութիւնը` «Հայարտան» ցանցը էլ աւելի  ընդարձակելու  ու յագեցնելու վերաբերեալ, որը  միւսներին եւս իրենց արմատներին էլ աւելի մօտեցնելու գրաւականն է: Հային  յատուկ սովորելու եւ սովորեցնելու  եռուզեռը, ստեղծուած  ջերմ  մթնոլորտը ոգեւորում է այստեղ ոտք  դրած թէ՛ մեծին եւ թէ՛  փոքրին, թէ՛  աշակերտներին եւ  թէ՛ ուսուցիչներին:   Ահա  այդ  խանդավառութեամբ  որոշուեց բացել «նախակրթարանի» եւս մէկ խումբ, որն  արդէն  կը գործի  երկրորդ հերթով, ժամը 15-ից  19-ը,  որտեղ  4-ից 6 տարեկան երեխաները  կը սովորեն երգ-երաժշտութիւն,  գրաճանաչութիւն, նկարչութիւն, ձեռքի աշխատանք, ինչպէս նաեւ  կը դիտեն  մուլտֆիլմեր: Նախակրթարանը  տալիս է  նաեւ վկայական  նախակրթական դասընթաց անցնելու մասին:

Ժամանակին Ստեփան Զօրեանն ասել է. «Իր  մայրենին  չիմացող մարդը  ծառից պոկուած աշնան տերեւի է նման, որ  տարուբերւում է անգամ թեթեւ քամուցէ: «Հայարտուն» մշակոյթի կենտրոնը հնարաւորութիւն է  ընձեռում  մեր ոսկեղենիկ լեզուն սովորելու  նաեւ հայերէն չիմացող  մեր հայրենակիցներին: Այստեղ գործում են  ս. Գրիգոր  Նարեկացու  անուան (մինչեւ 15 տարեկան  պատանիների համար) շաբաթօրեայ եւ  ս. Եղիա Մարգարէի  անուան  մեծահասակների  կիրակնօրեայ  դպրոցները:  Այս  դասընթացներում  սաները  սովորում են հայոց լեզու եւ գրականութիւն, հայոց  պատմութիւն եւ  եկեղեցագիտութիւն: Ծրագիրը, ճիշտ է,  միամեայ է,  բայց  այն շարունակական է` ստացած գիտելիքները  յաջորդ  տարիներին  էլ աւելի  խորացնելու  միտումով: Ասենք, որ դասընթացն աւարտելուց յետոյ  հանդիսաւոր  պայմաններում  շրջանաւարտներին տրուելու է վկայական:

Արդէն  երկու տարուց աւելի է`  նախ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ  եկեղեցում, իսկ այժմ արդէն  «Հայարտուն»  մշակոյթի կենտրոնի Գալուստ Գիւլբենկեան  սրահում, կիրակնօրեայ Սուրբ պատարագից յետոյ ցուցադրւում են  հայոց պատմութեանը, Հայ Առաքելական  Ուղղափառ  Սուրբ Եկեղեցուն նուիրուած  տեսաֆիլմեր, որոնց ժամանակ դահլիճում  ազատ տեղ չի մնում:

Շուտով  մշակոյթի կենտրոնում կը բացուի  է նաեւ  վիրտուալ համալսարանի   լսարան, որտեղ ցանկացած  տարիքի  մարդ համակարգչի օգնութեամբ  կարող  է ստանալ  հայեցի գիտելիքներ,  անգամ հայերէն ոչ մի բառ  չիմացող  անձը կարող է սովորել մեր  լեզուն, գրականութիւնը, պատմութիւնը,  տեղեկանալ աշխարհասփիւռ  հայութեան  կեանքի նորութիւններին,  ծանօթանալ, շփուել եւ նորանոր  ընկերներ  ձեռք բերել Սփիւռքի  մեր հայրենակիցների  շրջանում:

Աւելացնենք, որ  «Հայարտուն»  մշակոյթի  կենտրոնը  նաեւ  հայ  դասական երգի  դասեր է մատուցում Ներսէս Շնորհալի  եկեղեցական երգչախմբում  երգել ցանկացողների  համար, իսկ «Ջեյրան»  եւ  «Նաիրի» պարի համոյթներում  սովորեցնում են հայկական  ժողովրդական  պարի արհեստավարժ եւ սիրողական կատարումներ:  Ցանկացողները  կարող են յաճախել նաեւ  լուսանկարչութեան   դասընթացների,  իսկ մայրիկների համար  կազմակերպւում են զրոյցնէր  եկեղեցական եւ այլ  թեմաներով:

Այնպէս որ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  Վիրահայոց  թեմին կից  գործող «Հայարտուն» մշակոյթի կենտրոնի դռները բաց են բոլորի առջեւ: Հայեցի դաստիարակութեան   բազմաճիւղ այս  օջախը  սպասում է  իր սաներին:

Սուսաննա Խաչատրեան
Թբիլիսի

Scroll Up