Ի պաշտպանութիւն մեր հայրենակցի

Ռուսաստանի հիւսիսային մայրաքաղաքում բնակուող հայերը շարժում են նախաձեռնել, որի նպատակն է ցուցաբերել աջակցութիւն այստեղ դանակահարուած ադրբեջանցու պատճառով ձերբակալբած եւ մինչեւ օրս յայտնի «Կրեստի» քննչական մեկուսարանում անօրինական պահուող հայ եղբայրներ Ալիւորեաններին:
Անդրադառնալով կատարուած փաստին` Ռուսաստանի յայտնի «Կոմսոմոլսկայայ պրաւդա» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում յունիսի 4-ին Հայաստանի եւ Ռուսաստանի հաւաքականների միջեւ տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից յետոյ ադրբեջանցիներին պատկանող «Նատալի» սրճարանը լցուեց այցելուներով: Սրճարանում ներկայ էին նաեւ հայեր: Տեղի ունեցաւ վիճաբանութիւն: Ինչ–որ մէկը միւսին «թարս» նայեց: Վիճաբանողները դուրս եկան փողոց: Երեք մարդ շրջապատեցին 22-ամեայ ադրբեջանցի Ֆարիդ Նախմետովին եւ նրան դանակահարելով` դիմեցին փախուստի, որից յետոյ ադրբեջանցին դէպքի վայրից տեղափոխուել է հիւանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնութիւն: Իսկ դէպքի առնչութեամբ քրգործ է յարուցուել, իրաւապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ Գարիկ եւ Գեւորգ Ալիւորեաններին: Դէպքից 4 օր անց իրաւապահները ներխուժել են Ալիւորեանների բնակարանն ու ձերբակալել եղբայրներին: Ըստ նրանց տեղեկութիւնների` ադրբեջանցուն դանակահարել է 28-ամեայ Գեւորգը: Եղբայրներին ձերբակալելուց յետոյ տարան ոստիկանական բաժանմունք, որտեղ ողջ գիշեր հարցաքննեցին առանց թարգմանչի, իսկ հարցաքննութիւնն ուղեկցւում էր դաժան ծեծով եւ սեռական խոշտանգման սպառնալիքներով: Եղբայրները բռնութիւնների արդիւնքում ստիպուած են եղել ստորագրել ինչ–որ թղթեր»:
«Ես դա արել եմ միայն այն բանի համար, որ դադարեցնեն խոշտանգումները»,– ոստիկանների կողմից իրենց դէմ իրականացուած յանցագործութիւնների մասին իրաւապահ մարմիններին ուղղուած իր բողոք–նամակում պատմել է Գարիկ Ալիւորեանը:
Պարբերականը նշում է, որ պաշտպանական կողմը պահանջել է օտարերկրացիների գիշերային հարցաքննութիւնն անօրինական համարել: Սակայն եղբայրներից մէկին կալանաւորել եւ ուղարկել են «Կրեստի» քննչական մեկուսարան: Հայերը չեն հերքում, որ իրենք եղել են «Նատալի» սրճարանում, սակայն պնդում են, որ այնտեղից հեռացել են նախքան վէճը: Ըստ «Կոմսոմոլսկայայ պրաւդայի»` չնայած դանակահարուած ադրբեջանցին պնդում է, որ Ալիւորեանը որեւէ առնչութիւն չունի տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, մեղադրող կողմը շարունակում է պահանջել, որ Հայաստանի քաղաքացու կալանքը չվերացուի:
«Դանակահարութիւնից յետոյ Նախմետովը մեկնել էր Ադրբեջան: Մինչ իրաւապահները փնտրում էին ադրբեջանցուն, Ալիւորեանի կալանքի ժամկէտը երկարացուեց: Իսկ երբ Նախմետովը վերադարձաւ Սանկտ Պետերբուրգ, նրան կանչեցին ոստիկանական բաժանմունք` մեղադրեալին ճանաչելու համար»,- գրում է թերթը:
«Ինձ ցոյց տուեցին մի հայի անձնագիր եւ հարցրին` սա նա՞ է: Ես ասացի` ոչ, քանի որ շատ լաւ եմ յիշում այն 3 անձանց դէմքերը, որոնք յարձակուել էին ինձ վրայ: Ինձ ասացին. «Եթէ ձերբակալուած անձանց մէջ լինի այդ մարդը, կը մատնանշե՛ս հէնց նրանէ, եւ սպառնացին, որ քրէական գործ կը յարուցեն կեղծ ցուցմունք տալու համար»,– պատմել է Նախմետովը:
Նախմետովի առջեւ կանգնեցրին երեք հայերին: Նրանց մէջ էր նաեւ այն քաղաքացին, որի անձնագիրը ցոյց էին տուել ադրբեջանցուն: «Ես չտեսայ նրանց շարքում այն մարդկանց, ովքեր յարձակուել էին ինձ վրայ: Ես չեմ կարող մեղադրել անմեղին»,– «Կոմսոմոլսկայայ պրաւդային» ասել է Ֆարիդ Նախմետովը: «Անհրաժեշտ է սպասել դատաքրէական փորձաքննութեան արդիւնքներին, ճշտել յանցագործութեան վկաների եւ ականատեսների ինքնութիւնը եւ նրանց հարցաքննել որպէս վկաներ, ապա լուծել Ալիւորեանին մեղադրանքներ առաջադրելու հարցը: Այս ամէնի համար առնուազն 1 ամիս կը պահանջուի»,– ասել է ՌԴ ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը:
«Իմ պաշտպանեալին պահում են քննչական մեկուսարանում, որպէսզի յանցագործութիւնից 4 ամիս անց գտնեն ականատեսներին: Ներողութիւն, այդ դէպքում ինչո՞վ է նախկինում զբաղուած եղել հետաքննութիւնը: Ինչու՞ այսպէս կոչուած վկաների ինքնութիւնը չի ճշտուել հէնց յանցագործութեան վայրում: Ինչու՞ հետաքննութիւնը չի յիշել այդ վկաների մասին Ալիւորեանի կալանքի ժամկէտի երկարացման ժամանակ: Չէ՞ք կարծում, որ նման ձեւակերպումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ իմ պաշտպանեալի անօրինական կալանքն օրինականացնելու փորձ: Ճանաչման ժամանակ Նախմետովի խօսքերից յետոյ դատարանն այլեւս որեւէ հիմք չունի երկարաձգելու Ալիւորեանի կալանքի ժամկէտը: Պարզ երեւում է, որ իմ պաշտպանեալը որեւէ առնչութիւն չունի այդ յանցագործութեան հետ»,– ասել է փաստաբան Գաբրիէլեանը:
«Կոմսոմոլսկայայ պրաւդան» գրում է, որ Ալիւորեանի գործը քրէական սկանդալից վերածւում է միջազգային սկանդալի` տեղեկացնելով, որ գործին միջամտել է նաեւ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը:
Ինչպէս տեղեկացնում են Սանկտ-Պետերբուրգի մեր հայրենակիցները, իրաւապահները չեն կամենում ընդունել իրենց սխալներն ու ազատ արձակել միանգամայն անմեղ մարդկանց, ուստի հիմա էլ առաջ են քաշում այն վարկածը, որ, անկախ ամէն ինչից, Ալիւորեանը մեղաւոր է, որովհետեւ Ռուսաստանում ապրում է առանց որեւէ գրանցման:
Կատարուածը ցոյց է տալիս, որ Ռուսաստանում շարունակւում են օտարերկրացիների հանդէպ հալածանքները, որոնց վառ արտայայտութիւններից մէկն էլ ահա այս «սարքուածէ գործն է: Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ կատարուածը կը ստանայ իր իրաւական եւ քաղաքական գնահատականը, եւ ազատ կ’արձակուի այն անձը, ով որեւէ յանցանք չգործելով` դարձել է ռուսական իրաւապահ մարմինների պատանդը:
Պատրաստեց Լեւոն Մութաֆեանը