Հայ երգի թագուհին. Օֆելեայ Համբարձումեան

ՀՀ նախագահի հրամանագրով հայ երգարուեստում ունեցած մեծագոյն ծառայութիւնների համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելեայ Համբարձումեանը` հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանաւոր կատարողներից մէկը, ականաւոր արուեստագէտը, ում ստեղծագործական կենսագրութիւնը սկսուել է հեռաւոր 1940-ական թուականներին եւ շարունակուել մինչեւ 1990-ականների վերջերը` նրան պահելով մեր գեղարուեստական կեանքի կիզակենտրոնում:

Օֆելեայ Համբարձումեանը ծնուել է Երեւանում: Դեռեւս աղջնակ` մասնակցել է պիոնէր-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նուագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին: Ականաւոր երգչուհի Արաքսեայ Գիւրզադեանը պատմում էր, որ առաջիններից մէկը  ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մօտեցել ու գովեստի խօսքեր յղել, իսկ յետոյ էլ յորդորել է ստանալ երաժշտական կրթութիւն եւ ոտք դնել երգի արհեստավարժ բնագաւառ: Ապագա երգչուհին սովորել եւ աւարտել է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանն ու հրաւիրուել ռադոյի ժողովրդական նուագարանների անսամբլ` մի ամբողջ կեանք ապրելով այստեղ, մի ամբողջ կեանք նուիրելով Արամ Մերանգուլեանի գլխաւորած անսամբլին, որը միշտ հաւատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարուեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը: Ինչպէս մեր երգարուեստում շատերը, Օֆելեայ Համբարձումեանն էլ իր երգացանկը ձեւաւորեց ինչպէս հայ դասական, այնպէս էլ նորագոյն շրջանի աշուղների ստեղծագործութիւններով, հայեացք յառեց նաեւ կոմպոզիտորական երգին` մշտապէս ձգտելով ամէն մի ստեղծագործութեան ներարկել սեփական արտայայտչականութիւնը, ձայնածաւալի առանձնայատկութիւնները:

Երգչուհու ստեղծագործութեան մէջ առաջնային տեղ գրաւեցին ուշ միջնադարի նշանաւոր սիրերգակ Սայաթ-նովայի ստեղծագործութիւնները: Սովորաբար Սայաթ-նովայի ստեղծագործութիւնները կատարում էին տղամարդ երգիչները, որոնցից Վաղարշակ Սահակեանը, Գլախոյ Զաքարեանը սեփական դպրոց եւ հարուստ աւանդոյթներ էին ձեւաւորել: Օֆելեայ Համբարձումեանն ընդդիմացաւ այդ աւանդոյթին  եւ ունկնդրին ներկայացրեց «Ես կանչում եմ լալային» , «Չկայ քիզի նման» եւ այլ ստեղծագործութիւններ, որոնք պահանջում էին կատարողական մեծ վարպետութիւն, ձայնական հարուստ տուեալներ, տիրապետում կատարման աշուղական աւանդոյթների: Սայաթ-նովայի ստեղծագործութիւնների կողքին երգչուհին տեղ տուեց Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիւանու, Շերամի երգերին: Տարբեր իրենց դպրոցներով, սկզբունքներով` այս աշուղներից իւրաքանչիւրը պահանջում է հաւատարմութիւն մեղեդուն: Եւ Օֆելեայ Համբարձումեանը ցանկացած ստեղծագործութիւն կատարելիս հետեւում էր յատկապէս մելիզների արտաբերման եղանակներին, մեղեդու բազմազանութեանը:

Օֆելեայ Համբարձումեանի ստեղծագործական թռիչքները կապակցուեցին աշուղներ Հաւասու, Աշոտի եւ Շահէնի ստեղծագործութիւններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղաւ` իր կատարումներն ուղեցոյց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար: Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում» , «Դու ծաղկավառ  Զանգեզուրի»  եւ մի շարք այլ երգեր յօրինել է յատկապէս Օֆելեայ Համբարձումեանի համար: Շահէնն էլ իր «Էլինար» պօէմն է գրել Օֆելեայ Համբարձումեանի համար` ամէն ինչ կառուցելով երգչուհու ձայնական իւրայատկութիւնների վրայ: Շատ երգչուհիներ եւ անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումեանի կատարումը մնաց անգերազանցելի: Անգերազանցելի մնացին նաեւ Աւետիք Իսահակեանի բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձաւ բանաստեղծական սիւժէի ներքին ողբերգականութիւնը:

20-րդ դարի ազգային երգարուեստում երգչուհիների անունները քիչ չեն. Արաքսեայ Գիւրզադեան, Շողիկ Մկրտչեան, Լուսիկ Քօշեան, Վարդուհի Խաչատրեան, Եւգենիայ Բասեան, Աստղիկ Քամալեան, Ֆլորա Խորէնեան, Վալեայ Սամուէլեան, ուրիշներ, սակայն հէնց Արաքսեայ Գիւրզադեանն ու Օֆելեայ Համբարձումեանը դարձան իւրատեսակ գագաթներ, անմրցելի անհատականութիւններ, ովքեր հայ կատարողական արուեստը հասցրին նոր բարձունքների:

Իր կեանքի ութսուն տարին վաղուց բոլորած նշանաւոր երգչուհին, մեր ապրող դասականը իր ստեղծագործական կենսագրութիւնը իւրովի շարունակում է դստեր` Տաթեւիկ Յովհաննիսեանի կենսագրութեան մէջ, նրա յաջողութիւններով ուրախանում եւ հրճւում: Փոյթ չէ, որ նա մօտ 15 տարի հեռացել է բեմից. Նրա կատարումները հնչում են ռադիօյով եւ հեռուստատեսութեամբ, հասնում աշխարհի չորս ծագէր, ոգեշնչում եւ ապրեցնում, հեռուներում գտնուող հայերին հայ պահում:

Լեւոն Մութաֆեան

Scroll Up