Համաժողովը` մասնակիցների գնահատմամբ

Ներկայացնում ենք Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի մի խումբ մասնակիցների կարծիքները համաժողովի աշխատանքների մասին` քաղուած «Հայերն այսօր»-ում տպագրուած նիւթերից:

Անահիտ Բոստանջեան- Թբիլիսի, բանաստեղծուհի, թարգմանչուհի

Թբիլիսիից Երեւան ճանապարհը շատ կարճ է, այդ պատճառով էլ ես շատ յաճախ եմ լինում Հայաստանում, սակայն մասնակցութիւնս համաժողովին նոր որակ է եւ նոր իրադարձութիւն իմ կեանքում: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այս հրաշալի նախաձեռնութեան համար, որը ոչ միայն նպաստում է բոլորիս հետաքրքրող խնդիրների արծարծումին, այլեւ առիթ է տալիս ծանօթանալու յատկապէս հեռաւոր Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին, շփուելու նրանց հետ, առաւել խորքով տեղեկանալու այն խնդիրներին, որոնք առկայ են:

Մեր համայնքը, որը հնագոյններից մէկն է, բազում խնդիրներ եւ հոգսեր, անհանգստութիւններ ունի: Որոշ բանէր լուծում ենք մեր սեփական ուժերով, սակայն կարիք ունենք նաեւ Հայրենիքի աջակցութեան: Ու այս համաժողովն արդէն ուրուագծում է այն ուղիները, որոնք նպաստելու են մեր կապերի ամրապնդմանը, խնդիրների լուծմանը:

Ես մեծ ուշադրութեամբ լսեցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին կաթողիկոսի ելոյթները եւ համոզուեցի, որ այս համաժողովը նպատակ չունի քօղարկելու խնդիրները, ձեւական բնոյթ կրելու: Հէնց դա էլ ինձ ոգեւորում է:

Արամայիս Միրզախանեան – Շուէդիայ, բարերար

Շուէդիայի համայնքը համեմատաբար նոր է` ձեւաւորուած վերջին տասնամեակների ընթացքում: Մեծ թիւ են կազմում Հայաստանից եկածները: Ես էլ տեւական ժամանակ ապրել եմ Երեւանում, այստեղ ստացել կրթութիւն, չնայած բնիկ սփիւռքահայ եմ: Ցանկացած նախաձեռնութիւն, որը կեանքի է կոչւում Սփիւռքի անունից եւ յանուն Սփիւռքի, դրուատելի է շատ: Հիմա էլ գիտեմ, որ հաւաքուել ենք մի լաւ գործ անելու ակնկալութեամբ: Շատ եմ ուզում, որ մեր Սփիւռքի նախարարութիւնը, որը կոչուած է Հայաստանի ներկայութիւնը հաստատելու Սփիւռքում եւ ձեւաւորելու առողջ կամուրջներ, այս համաժողովն առիթ օգտագործելով, կատարի աշխատանքների ինքնատիպ բաժանում, յանձնարարութիւններ տա Սփիւռքի համայնքներին: Այս ձեւով մենք կը կարողանանք հայութեան առջեւ կանգնած խնդիրները լուծել: Հասկանում եմ, որ ոչինչ կարճ ժամանակամիջոցում չի լինում, կարճ ժամանակամիջոցում չեն լուծուի բոլոր խնդիրները, սակայն Երեւանից մեկնելիս մենք արդէն պիտի իմանանք, թէ յետագայում ինչ ենք անելու: Իսկապէս հայութեան համար պատասխանատու ժամանակաշրջան է սկսւում, եւ այդ ժամանակաշրջանը մենք պիտի օգտագործենք յանուն Հայաստանի եւ Սփիւռքի իսկական միաւորման:

Վարուժան Ոսկանեան – Ռումինիայի Հանրապետութեան խորհրդարանի անդամ

Երջանիկ առիթ է Երեւանում` Հայաստանի երկնքի տակ, տեսնելու Սփիւռքի բազմաթիւ կառոյցների եւ համայնքների ղեկավարներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր այստեղ են եկել որոշակի տրամադրութիւններով եւ տեսլականներով, նպատակներով եւ խնդիրներով: Պիտի շնորհակալութիւնս յայտնեմ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին` այս հրաշալի նախաձեռնութեան համար: Շատ վաղուց մենք զգացել ենք նման համահաւաքի անհրաժեշտութիւնը, որպէսզի կարողանանք մեր հարցերը բարձրացնել եւ քննարկել պետական հովանաւորութեամբ եւ պաշտօնական գետնի վրայ: Ինձ համար համաժողովը հրաշալի առիթ է ծանօթութիւն հաստատելու Սփիւռքի տարբեր կառոյցների ղեկավարների հետ, մօտիկից ճանաչելու այն հիմնախնդիրները, որոնք կան տարբեր համայնքներում: Կարծում եմ` ժամանակն է, որ Սփիւռքն ինքն էլ պատասխանատուութիւն զգա համագործակցութեան համար եւ սկսի համագործակցել Հայրենիքի հետ` վստահելով եւ հաւատալով: Շատ հարցեր կան, որոնք կարօտ են քննարկումների. ուրեմն այս համաժողովի ընթացքում պիտի ջանանք այդ հարցերից ամենակարեւորներն ու գլխաւորները առանձնացնել, որպէսզի յետագայում դիւրին լինի մեր գործունէութիւնը: Իբրեւ Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր` ես էլ ինձ համար յստակեցնելու որոշ հարցեր ունեմ, որպէսզի կարողանամ յետագայում օգտակար լինել Հայրենիքիս եւ Սփիւռքին:

Գուրգէն Հէյրանով -Թբիլիսիի «Համահայկական խաղերի եւ այլ ֆորումների մասնակիցների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ 

Այս երկու օրերի ընթացքում մենք տեսանք, որ համաժողովը շատ բարձր մակարդակով է կազմակերպուած: Համոզուած եմ, որ համաժողովի ընթացքում լաւ գործընկերներ կը գտնենք: Հրաւիրուած են կոնկրէտ կազմակերպութիւնների  ղեկավարներ, կոնկրէտ հարցեր են բարձրացւում, եւ արդէն սկսուած են քննարկումները, որոնց, բնականաբար,  մեր պատուիրակութիւնն էլ մասնակցում է ակտիւօրէն: Հրաւիրուած կազմակերպութիւնները  աշխատող կազմակերպութիւններ են. վստահ եմ` բոլոր որոշումներն  իրականութիւն կը դառնան:

Իւջին Քարաջեան եւ  էդի Խունկանեան- Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ 

Իւջին Քարաջեան-Եվ ասելիք կայ, եւբ առաջարկ, եւ սպասելիք: Ամենակարեւորն այն է, որ այդ բոլորը կոնկրէտացուի, որ խօսքը գործ դառնա:

էդի Խունկանեան-այս համաժողովը, անշուշտ, առաւել կը սերտացնի, կաշխուժացնի  Հայրենիք-Սփիւռք կապերը, համագործակցութիւնը, որը կայ, իրագործւում է, սակայն մի քիչ դանդաղ ընթացքով: Ժամանակ է պէտք:

Արա Աբրահամեան- Ռուսաստանի հայերի միութեան նախագահ 

Այս համաժողովը յաղթանակ է: Վերջին տասը տարուայ մէջ տարբերութիւնները շատ մեծ են, իսկ 3 տարում գրանցուած արդիւնքները’ շօշափելի: Մենք հաւատով ենք լցուած, կարեւոր է, որ սփիւռքի եւ Հայաստանի կապը լինի անմիջական: Մտածել ենք տնտեսական համահայկական ֆորումի ստեղծման մասին. տարին մէկ անգամ աշխարհի բոլոր հայ գործարարներին կը հրաւիրենք Հայաստան: Մեր ունեցած հնարաւորութիւնները եթէ միաւորենք, աշխատանքները ոչ թէ կը գումարուեն, այլ կը բազմապատկուեն: եկէք գործենք. չի եղել մի դէպք, որ մենք դիմենք ՀՀ սփիւռքի նախարարութեանը, եւ չկատարուի: Այսօր կայ Սփիւռքի նախարարութիւն, որը մեր տունն է:

Կան նաեւ խնդիրներ. մենք դրանք պէտք է լուծենք միասնաբար, այլ ոչ թէ խնդիրների վրայ ուշադրութիւն հրաւիրենք ու ոչինչ չանենք:  ՀՀ նախագահը կախարդական փայտիկ չունի, որ  բոլոր հարցերը միանգամից լուծի: Կախարդական փայտիկը մենք ենք, ողջ հայ ժողովուրդն է:

Յարութ Բեդիրեան-քոււեյթի եւ Արաբական Ծոցի երկրների թեմական խորհրդի ատենապետ 

Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել ՀՀ սփիւռքի նախարարութեանը, որ այսքան բծախնդիր կարողացել է կազմակերպել այսքան գեղեցիկ հանդիպում:

Այն, ինչ այսօր խօսեց ՀՀ սփիւռքի սիրելի նախարար Հրանոյշ Յակոբեանը, շատ յուսադրող է: Շատ տպաւորուած եմ եւ շատ զգացուած, որ տեսայ այն ոգին, որը առկայ էր նրա խօսքում. յստակ է, որ քսանամեակը Հայրենիք-սփիւռք համագործակցութեան նոր անկիւնադարձ է: Սփիւռքը աւելի մեծ է տարիքով, Սփիւռքը կազմակերպուած է, եւ մենք Սփիւռքի նախարարութիւն չունէինք: Իսկ այսօր կը նշանակէ, որ Սփիւռքն արդէն ներկայութիւն է, կը նշանակէ, որ այսօրուայ խօսքերը, ինչը որ մենք լսեցինք, նոր յոյս կը բերեն մեզի: Սփիւռքը իր կարգին, եւ Հայաստանը իր կարգին, պէտք է համադրեն այն մեծ ծրագրերը, որ մենք իսկապէս կարողանանք զգալ եւ ապրել  մէկ ազգ, մէկ ժողովուրդ սկզբունքն ու զգացումը:

Այն առաջարկները, ծրագրերը, որոնք պէտք է դուրս գան այս ժողովից, անհրաժեշտ է փաթեթի վերածել. երբ յաջորդ անգամ վերստին հաւաքուենք, կարող ենք տեսնել, թէ ինչ գործեր արուեցին եւ ինչեր տակաւին չենք կարողացել անել:

հսկայական գործ կայ անելու. ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, Հայաստանի պետութիւնը առանձին չեն կարող անել, իսկ Սփիւռքը եւ Հայրենիքը միասին կը կարողանան այդ ծրագրերն իրագործել:

Պատրիկ Աղաբեան-իրաւաբան  Փարիզից

«Ամեն բան լաւ է, շատ մեծ եւ կազմակերպուած միջոցառում է: Աշխատանքները պէտք է կոնկրէտացնել: Հայրենիք- Սփիւռք համագործակցութիւնը հրաշալի կամուրջ է հայապահպանութեան գործում: Այս հարցում Սփիւռքի նախարարութիւնը անգնահատելի, մեծ գործ է անում»:

Վրէժ Սապունճեան- Լիբանանի արդիւնաբերութեան նախարար

Համաժողովը շատ լաւ ընթացաւ, բաւականին նոր գաղափարներ, առաջարկներ ծնուեցին, եւ նոր ցանկութիւններ առաջացան: Կը յուսանք, որ համաժողովի աւարտից յետոյ բոլորս քաջալերուած մեր երկրներ կը վերադառնանք, բոլորս գործի կանցնենք եւ կօգնենք մեր սիրելի նախարարուհի Հրանոյշ Յակոբեանին, ով, իմ կարծիքով, շատ կարեւոր եւ աղուոր գործ է անում, եւ արտասահմանի հայերը հետաքրքրուած են նրա դինամիկ շարժումներով: Մենք բոլորս ՀՀ սփիւռքի նարարար Հրանոյշ Յակոբեանի կողքին ենք, ինչպէս որ Հայաստանի կողքին ենք:

Հայաստան-սփիւռք համաժողովները շատ կարեւոր են, օգտակար, որովհետեւ ամէնքս քով-քով կը լինենք եւ գաղափարներ կառաջադրենք, բոլոր գաղափարները միատեղ կը լսուեն, կը քննարկուեն, ամէն ինչ աւելի թափանցիկ կը լինի եւ արդիւնքում ծնուած գաղափարները, գործերն աւելի արագ կը կատարուեն: Կը քաջալերեմ, որ յաճախ այս տեսակ համաժողովներ ունենանք եւ միասին ժողովուենք  մայր հայրենիքում:

Hամաժողովի ընաթացքում քննարկուեց նաեւ Ցեղասպանութեան հարցը: Միասնաբար պէտք է ուսումնասիրենք այդ ամէնը, եւ ինչ որ լաւ է մեր ժողովրդին, միասնաբար պէտք է կարողանանք իրագործել: Մենք միշտ պահանջատէր ենք եղել ու մինչեւ վերջ էլ պէտք է պահանջատէր մնանք, որ մեր իրաւունքներուն հասնենք: Այս գործունէութիւնը երբ որ կը լինի Հայաստանի եւ արտասահմանի ամբողջ հայութեան միասնական օգնութեամբ, վստահ եմ, որ օր մը անպայման կը հասնենք մեր նպատակներին:

Սարօ Նագգաշեան-ռամկավար ազատական կուսակցութեան Երուսաղէմի կենտրոնական վարչութեան փոխատենադպիր

Ես մասնակցել եմ եւ՛ 1999 թուականի, եւ՛ 2002-ի համաժողովներին: Կը խորհեմ, որ ամէնից առաջ համաժողովն ամենամեծ փորձն է Սփիւռքը քով քովի բերելու, Սփիւռքի տարբեր ցաւերն առանձնացնելու եւ ներկայացնելու:

1999 թուականի համաժողովն առաջինն էր, եւ անմիջական արդիւնքն այն էր, որ Սփիւռքի կազմակերպութիւնները գոնէ ունեցան իրենց ցանկը հայրենիքի մէջ: Այն աւելի ճանաչողական էր, իսկ այս համաժողովը շատ  գործնական է: Եթէ նախորդ համաժողովնրին թերեւս յայտնի չէր, թէ ով էր տէրը, հիմա յայտնի է:

Ամէնից կարեւոր հարցերից մէկը  հայ լեզուի դասաւանդումն ու պահպանումն է: Եւ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը սկսել է այդ գործն անել. համաժողովի ընթացքում յայտնի եղաւ, թէ դա ինչ կենսական նշանակութիւն ունի:

Երկրորդը Ցեղասպանութեան հարցն է, որը Սփիւռքի համար շատ կարեւոր է: Սփիւռքի ժողովուրդը ոչ միայն Ցեղասպանութեան ճանաչման, այլեւ պահանջատիրութեան մասին է խօսում: Ցեղասպանութեան ճանաչումը վերջիվերջոյ կը լինի, այն ընդամէնը ժամանակի հարց է, բայց պահանջատիրութիւնն աւելի դժուար է:

Երրորդ կենսական հարցն այն էր, թէ մենք ինչպէս պէտք է կարողանանք Սփիւռքի եւ Հայրենիքի միջեւ գործնական
կառոյցնէր կազմել: Այս ուղղութեամբ շատ առաջարկներ կային:

Իսկ ամէնից կարեւորը վստահութիւնն է: Պէտք է վստահութիւն ստեղծուի երկու կողմերի` Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ:

Շատ կարեւոր է, որ Սփիւռքի նախարարութիւնն արդէն վերլուծում է, թէ Սփիւռքն ի՞նչ է մտածում, ինչպէ՞ս է նայում կարգ մը բաներուն: Շատ կարեւոր է վիճակագրութիւնը, ինչը ՀՀ սփիւռքի նախարարութիւնն արդէն սկսել է անել, եւ համաժողովին Հրանոյշ Յակոբեանը ներկայացրեց այդ ամէնը:

Այսօր աշխարհում այնպիսի մարտահրաւէրներ կան, որ ժամանակն է համաշխարհային հայութեան ցաւը նկատի առնել, այլ ոչ թէ միայն առանձին համայնքների ցաւը կարեւորել: Ժամանակն է, որ միասնական պայքարենք:

Սարգիս Նաջարյան- Լիբանան, «Մասիս» շաբաթաթերթի պատասխանատու տնօրեն

Համախմբվածությունը, սփյուռքահայ կառույցների և կազմակերպությունների առաջնորդների, ղեկավարների այսքան բազմաթիվ մասնակցությունը վկայությունն է սփյուռքահայության, համայն Սփյուռքի՝ հայրենիքի հանդեպ տածած սիրույն և հայկական պետականությունը հզորացած տեսնելու նախանձախնդրության: Եթե այդ սերը և նախանձախնդրությունը չլիներ, այս մարդիկ հոս ի՞նչ գործ ունեին:

Ասիկա վկայությունն է նաև համահայկական հիմնախնդիրները միասնական ճիգերով լուծելու պատրաստակամության: Հիմնախնդիրները միայն Սփյուռքինը, Հայաստանինը կամ Արցախինը չեն, այլ համայն հայությանն են, համայն ազգինն են, հետևաբար համայն ազգը միայն միաբռունցք, միասնական, միաբերան կկարողանա այդ խնդիրները լուծելու աշխատանքները սկսել: Եվ հուսամ, որ այս համաժողովը այդ աշխատանքների մեկնակետը կդառա:

Խորհրդանշական է, որ մենք հայրենիքում ենք հավաքվել Անկախության տոնին: Անկախությունը որևէ երկրի, որևէ ժողովրդի համար բարիք պետք է դառնա, ժողովուրդը անկախության բարիքը պետք է վայելի, որովհետև անկախության համար պայքարած կըլլա, քանզի անկախությունը հենց այնպես չի տրվում. այն պայքարի, տոկունության, զրկանքի արդյունք է: Այնուհետև, երբ անկախությունը ձեռք է բերվում, պետք է անկախությունը ժողովուրդը վարձատրե: Այսօր, շատ անկեղծ կասեմ, դժբախտաբար, վարձատրությունը առավել կամ նվազ համեմատությամբ իրականացած չէ: Ժողովուրդը այդ անկախության բարիքն ամբողջությամբ չի վայելեր: Մաղթանքս, ցանկությունս է, որ իշխանությունները անկախությունը ժողովրդի համար բարիք դարձնելու աշխատանքին լծվեն:

Նորատ Տէր-գրիգորեանց- Ռուսաստանի հայերի միութեան խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ

Ինձ գոհացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատանքը:  Միայն այն փաստը, որ համաժողովին մասնակցեցին 46 երկրների աւելի քան 550 մեր հայրենակիցները, արդէն խօսում է համաժողովի դերի եւ նշանակութեան մասին:  Այն հիանալի հնարաւորութիւն էր հայերիս համար միմեանց ճանաչելու եւ յարաբերութիւնները մերձեցնելու տեսանկիւնից` ոչ միայն Հայրենիքի, այլեւ` Սփիւռքի տարբեր հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Կարէն Մկրտչեան-հայ Առաքելական եկեղեցու ատենապետ,  Սանկտ-պետերբուրգ քաղաքի հայկական ազգային մշակութային ինքնավարութեան նախագահ,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հոգով ու սրտով կազմակերպուած համաժողով էր: Ի թիւս այլ ելոյթների` ինձ շատ դուր եկան յատկապէս ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի եւ ՀՅԴ բիւրոյի անդամ Հրանտ Մարգարեանի ելոյթները: Գիտեմ, թէ ինչպիսի ջանքեր են պահանջուել տիկին Յակոբեանից ՀՀ սփիւռքի նախարարութիւնը կազմաւորելու եւ 3-ամեայ ակտիւ գործունէութիւն իրականացնելու համար, ուստի շատ կուզեմ, որ տպագրուի իմ շնորհակալական խօսքը` ուղղուած նախարարութեան ողջ աշխատակազմին եւ յատկապէս տիկին Յակոբեանին:

Շատ կուզեմ, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան ջանքերով իրականութիւն դառնա հայկական համաշխարհային ազգային կոմիտէ` որպէս խորհրդակցական մարմին ստեղծելու գաղափարը:

Պօղոս Կիւպելեան-արձակագիր, Լոս Անջելեսի հայ գրողների միութեան փոխնախագահ

Տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, որ մենք թէկուզ եօթը տարին մէկ, բայց Հայաստան պէտք է գանք. ես կուզեմ ամէն տարի գալ, ու եթէ կարելիութիւն լինի` այստեղ հաստատուել: Նախարարուհին նաեւ Հայաստանում ներդրումներ անելու առաջարկ արեց. շատ տեղին էր, ուղղակի հիացայ նրա խօսքերից:

Մէկ ընտանիքի պէս լինենք. չասենք` հին ուղղագրութիւն, նոր ուղղագրութիւն: Մեր բոլոր տարբերութիւնները մէկ կողմ դնենք, իրարու ամրանանք, իրարոց զօրանանք: Ես շատ լաւատես եմ Հայաստանի ապագայի համար: Միայն թէ Սփիւռքի երիտասարդութեանն էլ պէտք է կարողանանք հոս բերել, ինչպէս մանչս եկաւ եւ իմ երազս կապրի: Սփիւռքահայ երիտասարդները պէտք է հայրենիքի համը առնեն:

Սմբատ Մարիտիրոսեան – Նիդեռլանդների Թագաւորութեան հայկական համայնքներում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական, Նիդեռլանդների Թագաւորութիւնում Հայակական կազմակերպութիւնները համակարգող միութեան նախագահ

Համաժողովը շատ կարեւոր է երկու տեսանկիւնից. առաջին` մենք ծանօթութիւն ձեռք բերեցինք հայկական այլ համայնքների հետ, եւ երկրորդ` նպաստում է փոխադարձ ծրագրերի, գաղափարների իրականացմանը: Կարծում եմ, որ նման համաժողովներ կազմակերպելը շատ էական եւ օգտակար է: Իւրաքանչիւր սփիւռքահայ, գալով Հայաստան եւ տեսնելով նման համագործակցութիւն, համայնքներում կը փորձի առաւել համախմբուած աշխատել եւ օգտակար լինել Մայր հայրենիքին:

Զարկ են տրւում ոչ միայն Հայաստան-Սփիւռք, այլեւ Սփիւռք-Սփիւռք յարաբերութիւններին:

Սփիւռքում վտանգուած է մայրենի լեզուն. կարելի է խօսել տուեալ երկրի պետական լեզուով, բայց չպէտք է մոռանալ քո մայրենին: Որպէս ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական` ինձ համար առաջնային է Սփիւռքում աջակցել եւ նպաստել հայապահպանութեանը, զարգացնել մեր մշակոյթը օտար պետութեան մէջ:

Միաժամանակ համագործակցում ենք եւրոպական երկրների հայ համայնքների հետ: Առաջին համագործակցութիւնը սկսուեց Իսպանիայի հետ, առաջին համաձայնութիւնը ձեռք բերուեց, որ աջակցենք մէկս միւսին, նպաստենք հայկական դպրոցների բացմանն ու զարգացմանը, որ ունենանք կայուն, գործող դպրոց: Երբ ունենանք կայուն դպրոց, այնժամ կ’ունենանք նաեւ կայուն Սփիւռք եւ աւելի ամուր կը լինենք:

Շատ ուրախ եմ, որ յատկապէս տօնական այս օրերին ենք գտնւում Հայաստանում. ցանկանում եմ, որ զարկ տանք մեր միասնականութեանը եւ ցոյց տանք, որ հայ ազգը կարող է միասնական լինել:

Դաւիթ Մատնիշեան – Իսպանիայ, Իսպանիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդ

Առաջին անգամ ենք մասնակցում նմանատիպ համաժողովի. այնքանով է օգտակար, որ Սփիւռքի կառոյցները կարողանում են ծանօթանալ, շփուել միմեանց հետ, բարեկամական, ընկերական կապեր են ստեղծւում ասոցիացիաների եւ կենտրոնների միջեւ, եւ այսուհետ մեր գործն առաւել կոորդինացուած կը լինի: Օրինակ` մենք ներկայացնում ենք Եւրոպան եւ արդէն եւրոպական մի քանի երկրների հետ համատեղ միասնական ծրագրեր ենք իրականացրել:

Առաջիկայում նախատեսում ենք Բարսելոնում եւրոպական համայնքների ֆորում անցկացնել:

Իսպանիայի հայկական համայնքը երիտասարդ համայնք է, խնդիրներ ունենք, քանի որ դեռեւս Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ թոյլ են դիւանագիտական յարաբերութիւնները, ինչն էլ ազդում է այնտեղ բնակուող հայերի վրայ: Յուսով ենք, որ նաեւ հայ համայնքի միջոցով կ’ակտիւանան այդ կապերը, եւ հայ-իսպանական յարաբերութիւնները նոր հարթակ կը տեղափոխուեն:

Զոհրաբ Միրզոյան- Սամարայի տարածաշրջանային կրթամշակութային հայկական ինքնավարութեան նախագահ

Համաժողովի նպատակներից մէկը` հայկական ուժերի համախմբումը, կատարուեց 100 տոկոսով: Այն մասնակիցներին մեծ ուժ ներշնչեց, որ շարունակեն հայապահպան աշխատանքները Սփիւռքում, տուեց մեր աշխատանքի գնահատականը: Աշխարհն իմացաւ, որ Սփիւռքը Հայաստանի շարունակութիւնն է: Համաժողովում որոշուեց Հայաստանի ազգային ժողովում Սփիւռքի ներկայացուցիչներ ունենալու հարցը, ինչը երկկողմանի կապ կը ստեղծի:

Ուզում եմ, որ բոլորը կառուցողական, լաւատեսօրէն մտածեն ու ապրեն, որովհետեւ Հայաստանը մենք ենք, մեզնից իւրաքանչիւրը: Եթէ ուզում ենք լաւ ապրել, պէտք է ձգտենք դրան: Ուզում եմ` երեխաներս մեծանան Հայաստանում, կրթուեն ու մնան այստեղ…

Ֆելիքս Գեւորգեան-կալինինգրադի մարզի տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարութեան նախագահ

Այս համաժողովը ձեռքբերում էր: Աւելի գործնական, պրագմատիկ էր, եւ հարցերն աւելի իրատեսօրէն էին քննարկւում: Բարձրացուած  բոլոր հարցերն ու խնդիրները առաջադրւում էին հաւատով ու վստահութեամբ, որ կայ մի մեխանիզմ, մի պետական կառոյց, որն ի զօրու է աջակցել, օգնել բարձրացուած հարցերի լուծմանը:

Երկուստէք են հարցեր առաջադրուել, եւ արդէն սկսուել է երկխօսութիւն: Սկսուել է մի պրոցես, որն անընդհատ պիտի զարգանայ եւ շարունակուի: Կարեւոր է Սփիւռքի համակարգումը, հորիզոնական կապերի ստեղծումը: Շատ երկրներում գոյութիւն ունեցող համայնքներն ու ազգային կառոյցները կապ չունեն միւս երկրների նման կառոյցների հետ: Այժմ կայ կապող օղակ` Սփիւռքի նախարարութիւնը:

Յաջորդ քայլը միմեանց հետ կապելն է, տեղեկատուական շտեմարանի ստեղծումը: Համաժողովի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին առաջին հերթին այս տեղեկատուի ստեղծումը, որը պէտք է անընդհատ աճի, զարգանայ:
Հորիզոնական կապեր ստեղծելով` կ’ունենանք ամուր եւ միաձոյլ Սփիւռք, որը կը դառնայ Հայաստանի շարունակութիւնը: Հայաստանին պէտք է հզօր Սփիւռք, որ Հայաստանի հետ դառնա միասնական օրգանիզմ: Հիմքերը դրուած են, շատ լաւ են դրուած, եւ ես դա ասում եմ դրսի աչքով:

Տէր Վարուժան արք. Հերկելեան- Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսութեան Կիպրոսի թեմի առաջնորդ եւ Կաթողիկոսական փոխանորդ

Ուրախ եմ, որ այս անգամ համաժողովը շատ աւելի կազմակերպուած էր ու գործնական, կը գործէին մասնախմբեր, որոնք էլ նպաստեցին մի շարք խնդիրների համակողմանի քննարկումներին: Սակայն առաւել գործնական պիտի դարձնել այդ քննարկումները, որպէսզի արդիւնքները մեծ ու օգտակար լինեն: Կողջունեմ համաժողովի աւարտը, որն օգտակար էր: Պիտի յուսամ, որ յետագայում շատ աւելի նոր խնդիրներ պիտի շօշափուեն:
Ոչ միայն Հայաստան-սփիւռք, այլեւ` Սփիւռք-սփիւռք

Խաժակ արքեպիսկոպոս Յակոբեան-մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կանադայի թեմի առաջնորդ:

Գոհունակութեամբ պիտի նշեմ, որ Համահայկական այս հաւաքը հասաւ իր նպատակների իրագործումին: Շատ վաղուց կը փափագէինք ունենալ նման համազգային մի ժողով, որի ընթացքին պիտի քննարկման նիւթ դարձնէինք Սփիւռքի տարբեր գաղթավայրերի համայնքների խնդիրը: Կարեւոր եւ գործնական քայլեր կատարելու, Սփիւռք-հայաստան կապերն ամրապնդելու, միեւնոյն ժամանակ Սփիւռքի մէջ ակնյայտուող ընկերային եւ ազգային խնդիրների շօշափումների համար կարեւոր էին բոլորիս դիրքորոշումները եւ մօտեցումները: Յատկապէս մեծ ուշադրութեամբ հետեւեցի արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի միջեւ գոյութիւն ունեցող տարաձայնութիւնների մասին խօսակցութիւններին եւ քննարկումներին, որոնք, իմ համոզմամբ, չափազանց պէտքական էին եւ օգտակար: Կարծիքս այն է, որ չպէտք է ընթանալ առճակատումների ճանապարհով, այլ պէտք է հաշուի առնել արդի Սփիւռքի իրավիճակն ու հարցը կարգաւորել համակողմանի ուսումնասիրութիւնների հենքի վրայ:

Վերջին տարիներին գոհունակութեամբ կարձանագրենք այն հանգամանքը, որ Հայրենիքի նախաձեռնութիւնները ձեւական մօտեցումների շրջանակից դուրս գալով` ձեռք են բերում գործնական նշանակութիւն: Յատկապէս պիտի նշեմ Սփիւռքի նախարարութեան ջանքերը, որոնք դրուատելի են, եւ որոնց միջոցով սփիւռքահայերս անգամ սկսում ենք ճանաչել իրական Սփիւռքը: Այս համաժողովի գլխաւոր ձեռքբերումներից մէկն այն էր, որ ծանօթացանք իրար հետ աշխարհի տարբեր երկրներում ապրող սփիւռքահայերս, գիտեցանք այն խնդիրները, որոնք գոյութիւն ունեն, որոնց ներկայութեամբ փոքր-ինչ կը դժուարանան համայնքների գործունէութիւնն ու խնդիրների լուծման միջոցները: Ուրեմն, ոչ միայն Հայաստան-սփիւռք, այլեւ` Սփիւռք-սփիւռք. այս կապերն էլ պէտք է ամրապինդ լինեն:

Ցանկալի պիտի լինէր, որ քննարկումներին մասնակցէին առաւել մեծ թուով գիտակ մարդիկ, Ցեղասպանութեան քարոզչութեան խնդիրները քննարկուէին նաեւ Սփիւռքի ներկայացուցիչների ամենագործուն մասնակցութեամբ, նրանց առաջադրած հայեցակարգերի սեւեռումներով եւս:

Եւս մէկ անգամ կ’ողջունեմ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութիւնը եւ կը յուսամ, որ այն կամուրջը, որն արդէն առկայ է Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, առաւել ամրապինդ պիտի դառնայ:

Արա Գոչունեան- Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Ես մինչեւ այսօր կայացած Հայաստան-Սփիւռք բոլոր համաժողովներին ներկայ եմ գտնուել: Պէտք է ասեմ, որ նրանք, ովքեր խորքային չեն տիրապետում խնդրին, մակերեսային առումով են մօտենում, նրանց մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ բոլոր համաժողովները միմեանց կրկնութիւն են: Բայց դա այդպէս չէ: Նախ մենք պէտք է ընդունենք,որ այսօր Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները, համագործակցութիւնը  20 տարի առաջուանը չեն: Այն ժամանակ ուրիշ էր, այսօր ուրիշ  առաջնահերթութիւններ, նախապատուութիւն ներկայացնող խնդիրներ կան:

Իմ կարծիքով` իւրաքանչիւր համաժողով գալիս է ապացուցելու, որ Հայաստան-Սփիւռք համատեղ գործելու փորձն ամրանում է, մի քիչ աւելի է խորանում, եւ նրանք, ովքեր ուշադրութեամբ հետեւում են այս գործընթացին, պատկերացնում են, որ անկախ ձեռքբերումներից, բացթողումներից, որոնք միշտ էլ կարող են լինել, Հայաստան-Սփիւռք համագործակցութեան արդիւնաւէտութիւնը պատմութեան նժարի վրայ դնելը դեռեւս վաղաժամ է: Բայց մենք գոնէ կարող ենք վկայել, որ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններն ընթանում են նպատակասլաց: Վերջինս շատ կարեւոր է, որովհետեւ բոլորս տեղեակ ենք, թէ Անկախութիւնից յետոյ Սփիւռքի հետ յարաբերութիւններն ինչպիսի զգացմունքային հանգամանքով էին ծանրաբեռնուած. զգացմունքների խորութիւնն իր հետ բերում էր նաեւ իրար դժուար ընկալելու հանգամանքներ, բայց այսօր Հայաստանը եւ Սփիւռքը աստիճանաբար նպատակասլաց գործելու փորձը ամրապնդում, զարգացնում են:

Երիտասարդութեանը, կրթութեանը, լեզուին նուիրուած թեմատիկ քննարկումներն էին շատ կարեւոր:

Այս առաջնահերթութիւնները միշտ էլ մնում են, որովհետեւ Սփիւռքի մէջ հայապահպանութիւնը ինքնութեան խնդիր է, եւ լեզուն, այսպէս կոչուած, ռազմավարութիւն է` ինքնութեան, հայապահպանութեան խնդրի մէջ, հետեւաբար այժմէականութիւնը երբեք չկորցրած եւ երբեք չկորցնող նիւթ է: Եւ լեզուի նկատմամբ եղած ընկալումները, լեզուի խնդրի ներկայացրած հրատապ իմաստը` բազմակողմանի քննարկումների ծաւալման առիթ հանդիսացան:

Իւրաքանչիւր անգամ, երբ կազմակերպւում են Հայաստան-Սփիւռք համաժողովները,  մարդիկ, հեռուից նայելով, կարծում են, որ կրկնութիւն է: Բայց իւրաքանչիւր անգամ, պարբերաբար համագործակցութեան, միասնութեան, եղբայրութեան, զօրակցութեան կամքը թարմացնելը հայի պէս ամբողջ աշխարհում սփռուած ժողովրդի համար էական նշանակութիւն ունի:
Հայաստան-Սփիւռք համաժողովից հեռանում ենք բարձր տրամադրութեամբ:

Հերմինէ Դիւզեան- ՀԲԸՄ Հայաստանում եւ Եւրոպայում սփիւռքահայ երիտասարդաց ծրագրերի տնօրէն  

Համաժողովն ամենամեծ արդիւնաբեր նախաձեռնութիւնն է: Հայրենի հողի վրայ Սփիւռքին իրար հետ ծանօթացնելը, Հայաստան բերելը, համաժողովներ կազմակերպելը ճիշտ նոյն մտածելակերպն է, որ տարիներ շարունակ իրականացնում են ՀԲԸՄ-ն եւ ՀՀ սփիւռքի նախարարութունը:

Ես ներկայացրի մեր կազմակերպութեան, միութեան ծրագրերը: Առաջին մտահոգութիւնս խառնամուսնութիւններն էին եւ հայապահպանութիւնը: Շատ կարեւոր է, որ  կարողանանք երիտասարդներին հայրենիք բերել: Ինչպէս ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ասաց, երիտասարդները պէտք է գան ոչ թէ օգնելու, այլ պէտք է շահոյթ ունենան Հայաստանի մէջ, շահ փնտրեն, գործատեղեր հիմնեն, աշխատատեղեր բացէն:

Ամենադրական բանը, որ ես ընկալեցի համաժողովից, այն էր, որ ուղղութիւնը փոխուած է. մինչ այսօր  Սփիւռքը լացած է հայ ժողովրդի վրայ` ասելով` մեղք է, մեղք է, մեղք է, պէտք է օգնենք: Հիմա տեսակէտը, մօտեցումը փոխուել է: Հայաստան չպէտք է գանք օգնելու, Հայաստան պէտք է գանք` ինքներս մեզ օգնելու:

Համաժողովի մասնակիցների մեծամասնութիւնը տղամարդիկ էին` 50-60 տարեկան մարդիկ:  Բայց նրանք իրենց հետ պէտք է երիտասարդներ բերէին, որ այդ երիտասարդները կարողանան սովորել. մենք այսօր կանք, վաղը չկանք. իսկ ի՞նչ պէտք է լինի յետոյ: Ես իմ զեկոյցի ժամանակ էլ նշեցի, որ մեր ապագան երիտասարդներն են, իսկ ու՞ր էին այդ երիտասարդները: Կը ցանկանայի, որ համաժողովում նրանք շատ լինէին, որ յաջորդ համաժողովին նրանց ոտքը վարժուէր, եւ նրանք մասնակցէին քննարկումներին, կարողանային ժամերով նստել, լսել մեծերին եւ իրենց ստացածը գաղափարների վերածել:

Մաթօ Հախուերդեան – Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայի եւ «Աբովեան» մշակութային միութեան նախագահ 

Համաժողովի ընթացքում քննարկուող բոլոր հարցերն էլ ինձ հետաքրքիր էին, ուղղակի ֆիզիկապէս չկարողացայ բոլոր թեմատիկ քննարկումներին ներկայ լինել:
Առաւել մտահոգող է հայապահպանութեան խնդիրը: Եւրոպայում, մասնաւորաբար Հոլանդիայում ապրող հայը հեռանում է իր ինքնութիւնից, իր արմատներից: Վերջին տարիներին Հայաստանից ներգաղթած հայերն արդէն իրենց ընտանիքներում հայերէն չեն խօսում. զարմանալի է, որ նրանք աւելի շուտ են մոռանում մայրենի լեզուն: 1970-ական թուականներին համայնքում մեծ խանդավառութիւն կար, ծնողները հաճոյքով էին իրենց երեխաներին հայկական դպրոց բերում: Այժմ համայնքը մեծացել է, բայց հայկական դպրոց յաճախողների թիւն է նուազել: Սա շատ մեծ խնդիր է, ու պէտք է միասնաբար համապատասխան քայլեր ձեռնարկել:

Խաչիկ Մինասեան-Աբխազիայի հայկական համայնքի նախագահ

Ես 10 օր առաջ եմ նախագահ ընտրուել եւ ուրախ եմ, որ առաջին այցս այսքան խորհրդանշական է ու արդիւնաւէտ:
Համաժողովը հիասքանչ միջոցառում էր. մէկ դահլիճում էին հաւաքուել տարբեր երկրների պատուիրակներ, որոնց մտահոգութիւնը, խնդիրներն ու նպատակները ընդանուր էին:

Բոլորն էլ գոհ էին. հեռացան նոր մտորումներով, գաղափարներով, որոնք պէտք է իրագործեն: Հասկանում ենք, որ դժուար է լինելու, բայց եթէ մի մասը կարողանանք իրագործել, դա էլ մեծ յաղթանակ կը լինի:

Աբխազիայում մեր գերխնդիրը հային հայ պահելն է, որ համայնքի իւրաքանչիւր անդամ ապրի լիարժէք հայկական կեանքով: Աբխազիայում 32 հայկական պետական դպրոցնէր կան, բայց, ցաւօք, շատ ծնողներ նախընտրում են, որ իրենց երեխաները ռուսական դպրոցներում կրթութիւն ստանան: Ի հարկէ դպրոցներն էլ խնդիրներ ունեն, ուսուցիչների, դասագրքերի պակաս ունենք: Ուրախ ենք, որ կայ ՀՀ սփիւռքի նախարարութիւն, որին մենք կարող ենք դիմել ցանկացած հարցով: Իսկ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ում ոգեւորութիւնը, աշխատելու եռանդը վարակիչ է, հրաշալի նախարար է.  այս համաժողովը ոչ միայն Սփիւռքի, այլեւ առաջին հերթին նրա յաղթանակն է:

Անտուան Բաղդիկեան- Ֆրանսիայի Հայ նախկին ռազմիկների եւ դիմադրութեան շարժման  միութեան նախագահ

Համաժողովը շատ լաւ խրատ էր: Սփիւռքը չի կարող ապրել առանց Հայաստանի, առանց Արցախի: Ինչպէս համաժողովին ասուեց, Հայաստանը, Արցախը, Սփիւռքը միասին պէտք է գործեն ու միշտ համախմբուած լինեն:
Մեր երազն այն է, որ Հայաստանը մի իսկական օջախ դառնա, որ արտասահմանում ապրող բոլոր հայերը երազեն հոս գալ, հոս մնալ, հաստատուել այս երկրի մէջ:

Scroll Up