Աստված պահի՛ դպրոցս հայկական

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս  Սարգսյանը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներից մեկն էր: Նա իր գործուն մասնակցությունն ունեցավ մի շարք քննարկումներին, խոսեց արտագաղթի և լեզվի պահպանման խնդիրների մասին:

«Հայերն այսօրի» խնդրանքով Սրբազան հայրը խոսեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցների և հայեցի կրթության խնդիրների մասին:

Տարիների նւիրական աւանդութեան համաձայն՝ այս տարի եւս դպրոցական 2011-2012 տարեշրջանի վերամուտի առիթով այցելեցի մեր դպրոցները, խօսեցի մեր աշակերտ-աշակերտուհիներին ու հանդիպեցի տեսուչների եւ ծնողական խորհուրդների հետ: Խիստ շահեկան եւ միաժամանակ ներշնչող ու յուսադրիչ այս այցելութիւնները ինձ համար աւանդական ու սովորութենական լինելուց աւելի են, որովհետեւ երբ իբրեւ առաջնորդ կանգնում եմ հարիւրաւոր աշակերտների ու աշակերտուհիների դիմաց, ինքս ինձ ե՛ւ հպարտ, ե՛ւ երջանիկ եմ զգում, քանի որ իմ դէմ կանգնած պատանիների ու պարմանուհիների աչքերի մէջ տեսնում եւ պատկերացնում եմ իմ ապագայ գաղութը՝ իր տեսիլքներով եւ երազներով: Այցելութիւնների վերջին օրն էր. կանգնած եմ Մարիամ հաստատութեան քոյրերի մանկապարտէզի բալիկների առաջ: Անհանգստութեանս բերումով ձայնս մի քիչ խռպոտ է. «Շատ ուրախ եմ, սիրելի՛ փոքրիկներ, որ ձեզ հետ եմ, թէեւ մի քիչ տկար եմ, սակայն ձեզմով ուրախ եմ. խնդրում եմ, ինձ համար էլ աղօթեցէ՛ք»: Եւ ասացի, որ Տէրունական աղօթքով սկսեն իրենց յայտագրին: Տէրունական աղօթքից եւ բարեմաղթութիւններից յետոյ լսեցի նրանց ոտանաւորներն ու երգերը, եւ ապա տեսչութիւնը խնդրեց, որ խօսեմ: Սկսեցի մի քիչ զւարճախօսութեամբ. յանկարծ փոքրիկներից մին՝ Սեփաստիա անունով, ասաց. «Սրբազա՛ն, քեզ համար աղօթեցինք, եւ արդէն առողջացար»: Ինչպիսի երկնաբոյր ու անմեղ արտայայտութիւն:

Իրօ՛ք այդ պահին ինքզինքս աւելի լաւ էի զգում եւ շնորհակալութիւն յայտնեցի փոքրիկ
Սեփաստիային: Մանկապարտէզները մեր հրեշտակատիպ մանուկների ճիչերով, «ճռւողիւնով» իրօք վերածւում են «հրեշտակաց բնակարանին», եւ ամէն անգամ, երբ այդ «բնակարանից» ներս եմ մտնում, Աստծուց հայցում եմ օրհնութիւնն ու պահպանութիւնը մեր բալիկներին համար: Այս տարեշրջանի մեր երեք օղակների՝ տարրական, ուղեցոյց եւ միջնակարգ, աշակերտների մօտ նկատեցի առաւել կարգապահութիւն, զգաստութիւն եւ մանաւանդ ինձ լրջօրէն լսելու իւրայատուկ վիճակ, եւ սա ինձ մեծապէս ուրախացրեց: Իսկ Ծնողական Խորհուրդների եւ տեսուչների մօտ նկատելի էր անդորրիչ գոհունակութիւն աշակերտութեան ուսումնառութեան եւ պարտաճանաչութեան գծով: Աշակերտութեան հետ խօսելիս ամէն մի օղակի յատուկ լեզւով փորձեցի  փոխանցել նաեւ իմ սէրն ու գուրգուրանքը իրենց եւ ապա պատգամը, որ էր լինել լաւ հայ աշակերտ, տէր կանգնել իր լեզւին, հաւատին ու պատմութեանը, որպէսզի մեծանալիս կարողանան լաւ հայորդիներ, ապագայ հայրեր ու մայրեր եւ յանձնառու երիտասարդներ լինել:

Կարեւորութեամբ շեշտում էի հայ դպրոցի ինքնուրոյն առաքելութիւնն ու կոչումը՝ յիշեցնելով բոլորին, որ հայ դպրոցը մեր գոյութեան ու յարատեւութեան միջնաբերդն է, որ հայ դպրոցը տաքուկ մի օճախ, այլեւ հոգեւոր հայրենիք է, որտեղ մտնելիս հայ աշակերտը ինքն իրեն հարազատ է զգում:
Այսօր կարող է պատահել,որ մեր դպրոցները մի քիչ տարբերւում են իրարից իրենց աշխուժութեամբ, ջանասիրութեամբ, սակայն խորապէս համոզւած եմ,որ հայ դպրոցը ինչ պարագայի մէջ էլ որ լինի, անփոխարինելի է: Անփոխարինելի է իր հայկականութեամբ, մթնոլորտով, դաստիարակութեամբ եւ հայ աշակերտի հոգեմտաւոր զարգացման նկատմամբ իր ունեցած նախանձախնդրութեամբ:

Հայ դպրոցը մի ընտանիք է, որտեղ թրծւում է վաղւան հայը. անցեալ տասնեակ տարիներին մեր ժողովրդի մտաւորական դասը, ղեկավարն ու առաջնորդը նոյն այդ հայ դպրոցից է շրջանաւարտ եղել եւ այնուհետեւ շարունակել է իր կեանքի ընթացքը:

Հայ մարդը իր ազգային արժէքների նկատմամբ հաւատարմութեամբ պիտի գործի, հաւատարմութեամբ տիրութիւն պիտի անի իր սեփական արժէքներին, որովհետեւ առանց այդ հաւատարմութեան նա՝ հայ մարդը, սկսելու է նահանջել եւ իր նահանջը արդարացնելու համար շատ հեշտութեամբ կարողանում է ինքն իրեն արդարացնել: Հայ մարդու նկարագրի բացասական երեւոյթներից է իր օտարամոլութիւնը: Զգոյշ՝ այլասիրութիւնը չշփոթենք օտարամոլութեան հետ: Օտարամոլութեան ախտով վարակւածը չի կարող տեսնել եւ գնահատել իր ունեցած արժէքները:

Օտարամոլութեան հետեւանքով մենք մեր երեխաներին օտարացնում ենք՝ նրանց տալով այլանդակ եւ յաճախ անիմաստ անուններ, նոյն այդ օտարամոլութիւնից մղւած՝ մեր զաւակներին առաջնորդում ենք օտար դպրոցներ, եւ սա միայն մեր գաղութին յատուկ երեւոյթ չէ, այլ մի քիչ ամէն տեղ: Հայրենիքի մէջ հայը գերադասում է «օտար լեզու դպրոցներ» իր հայերէն լեզուի դպրոցներից: Սփիւռքում հայը անարդարանալի պատրւակներով իր զաւակը օտար դպրոց է առաջնորդում:

Եթէ մեր լեզուն, հաւատն ու պատմութիւնը մեր ինքնութիւնը բնորոշող ազդակներ են, եթէ նրանցով հայը պիտի կարողանայ իր ինքնութիւնը պահել այսօրւայ համաշխարհայնացած ընկերութիւնում, հապա ի՞նչ տրամաբանութեամբ մեր երեխաներին զրկում ենք ինքնապաշտպանութեան այդ անփոխարինելի միջոցներից:

Հայ ծնողքի աւագ պարտականութիւնն է իր զաւակին տալ հայեցի անհրաժեշտ գիտութիւն, դասատիարակութիւն, յարատեւօրէն հետեւել իր ուսման ընթացքին: Ուշիմ, աշխատասէր աշակերտն ու աշակերտուհին, որտեղ էլ որ լինեն, աշխատասէր են ու ժրաջան. մեզ մնում է միայն ուշադիր հետեւել իրենց ուսումնառութեան ընթացքին: Իսկ եթէ մեր դպրոցներում բացթողումներ կան, եւ բնական է, որ լինելու են, այդ բոլորին պատասխանատուն մենք ենք: Հայ դպրոցի նկատմամբ իմ պարտականութիւնների ու պարտաւորութիւնների մէջ թերանում եմ, իսկ իմ զաւակը օտար դպրոց ղրկելով՝նրանց դարձնում եմ նաեւ «գերին» այդ դպրոցի: Որտե՞ղ ես, Խաչատուր Աբովեա՛ն…….: Արի՛ ու տես՛, թէ ինչ ենք անում յանուն «գիտութեան»:

Մեր բոլոր դպրոցներն այցելելիս մի անգամ եւս համոզւեցի, որ հայ դպրոցը յատկապէս սփիւռքեան իրականութեան մէջ մեր փրկութեան Նոյան տապանն է: Հետեւաբար բոլորիս պարտականութիւնն է տէր կանգնել հայ դպրոցին, կրթութեան այդ օճախին՝ ի սէր վաղւայ պայծառ ապագային: Այս մտածումներից առաջնորդւած՝ կոչ եմ անում Իրանահայ, բայց յատկապէս Թեհրանահայ մեր համայնքի զաւակներին, որ այսուհետ մտածեն իրենց զաւակներին նախ տալ հայկական օրինակելի անուններ, անունները մեր հերոսների, սուրբերի, գրողների, որպէսզի անունով խորհրդանշւած տիպարը լինի օրինակ մեր զաւակներին: Երկրորդ՝ կոչ եմ անում քեզ, սիրելի՛ ժողովուրդ հայոց, որ վերականգնես քո ազգային եւ կրօնական ինքնութիւնդ պատւանդանող արժէքները: Մի՛ մոռացիր, որ հայ դպրոցը քո տունն է, որտեղ մտնելիս դու ինքդ քեզ տանտէր ես զգում եւ տանտէրի իրաւունքով էլ գործելու իրաւունք ունես:

Պատրաստեց Լևոն Մութաֆյանը

Scroll Up