Ղարաբաղի զմրուխտ հաւքեր…
Ղարաբաղ. ասել է թէ Սեւ այգի: Այս տեղանունը տրուել է XIV-րդ դարում Կուրի աջ ափին փռուած Մեծ Հայքի երկու նահանգներին` Ուտիքին եւ Արցախին: Աւանդութիւնն ասում է, որ այդպիսի անուն է տրուել պատմական Արցախին կովկասեան թաթարների կողմից, քանի որ այդ երկրամասը յայտնի են եղել բերքառատ սեւ խաղողի այգիներով:
Եւ որտե˚ղ էր վերջը, ի˚նչն էր վերջը այս մարտակոչի… Գուցէ խորհրդային կարգերի հիմանահատակ փլուզու˚մը, գուցէ Հայաստանի անկախացո˚ւմը, գուցէ Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակո˚ւմը, գուցէ դեռ վերջը չէ˚, քանի դեռ չեն բռունցքուել աշխարհով մէկ սփռուած հայերը, քանի դեռ չի ընդունուել ողջ աշխարհում 1915թ հայերի Ցեղասպանութիւնը թուրք բարբարոսների կողմից, քանի դեռ հզօր տէրութիւնները հաւաքւում են կլոր սեղանների շուրջ եւ շահարկում «ղարաբաղեան կ’ոնֆլիկտէ, «ղարաբաղի հարցէ արտայայտութիւնները եւ բազմանշանակ լռում կամ դիւանագիտական յարաբերութիւնների խճճուած սարդոստայնում ագուցում այդ խնդիրը, որը, սակայն, խնդիր չէ, այլ դարակազմիկ մի ժողովուրդ, լեռնային մի ամրոց-երկիր, մի դրախտավայր, Աւետեաց երկիր, որն ունի շքեղ պատմութիւն եւ նոյնքան շքեղ բնութիւն, ուր ամէն ինչ խօսում է հայերէն, ուր հայոց տաճարների զանգերն ու խաչքարերը վկայում են նրա վաղեմութեան, լինելութեան եւ գոյատեւման յաւէրժի առեղծուածը:
Ղարաբաղն այլեւս Արցախ է` անկախ, ազատ: Թո՛ղ Աստուած եղածը պահի:
Ղարաբաղ,Մարտունու շրջան, գիւղ Ճարտար, Ղուզեշեն…
Այստեղ է անցել մանկութիւնս, թէեւ ծնունդով երեւանցի եմ, այստեղ եմ ճաշակել ամենաքաղցր խաղողը, թութը, ճղոպուրն (ընկոյզ) ու մոշը, հոնը … Այստեղ` այս ձորաբաժան թաղերում եմ կորել մի օր ու արցունքների միջից կանչել գունագեղ տարազով իմ ազնուատոհմիկ այային` «այա՛յ, հէ այա՛…: «հանէ՛ խոխաէ,- կանչել է այաս հարեւան կանանց, ու ես նետուել եմ նրա գիրկը` նրա ռըշկէտանից (գոգնոց) առնելով ինձ հարազատ բոյրը` անկրկնելի, գերող… Այաս (տատիկ) ինձ գուրգուրել է, եւ ես ննջել եմ նրա գրկում` ճակատնոցի փողերի զնգոցի անուշ ձայնն ականջներիս: Չգիտէի, թէ մի օր այդ ձայնին փոխարինելու է արկերի շաչիւնը , չգիտէի, որ մի օր մայրիկիս մանկութեան տունն աւերակ է դառնալու գրադի հարուածներից , չգիտէի, որ մի օր էլ Ղարաբաղը պիտի դիմաւորի սարսափի ու ցաւի առաւօտները, յաղթանակների բերկրանքը, իր քաջարի զաւակների մահուան բօթը եւ ազատութեան, անկախութեան մեծ աւետիսը:
..«ջի՛բ, ջի՛բ ջուջալարըմ, մանըմ քեօրրփայ ջուլալարըմ…է յիշողութիւններիս կծիկն ինձ դարձեալ տանում է մանկութեանս արահետներով, եւ ես, պառկած քեռուս պատշգամբում, տհաճութեամբ արթնանում եմ քնից` ամէն առաւօտ լսողութիւնս սղոցող այս երգից, յետոյ հաղորդավարը պիտի յայտարարի ` «դանըշըր Բաքի, սահաթ` օն պէշ դան, օխույըր Սառա Կ’ադիմովա…է, եւ պիտի ծորայ աշխարհին որուսեալ նինջ ու ծուլութիւն սփռող շիքեասթին, բայաթին, սիրտ խառնելու չափ քաղցր-շարբաթ մեղեդին…այդ պահերին ես անչափ կարօտում էի Երեւանը. այն ինձ թւում էր հեռու – հեռու եւ անհասանելի, լացս գալիս էր: Եւ միայն տեղացի ընկերներիս կանչն էր ինձ ուշքի բերում. «կարինա՛յ, հէ Կ’արինա՛յ, յէ՛ր կաց, ե՛կ խաղ անինքէ:
Ու խաղում էինք մինչեւ ուշ երեկոյ: Հարեւան Ելենի թոնրատնից բարակ ծուխ էր ելնում, սփռւում էր նոր թխած հացի բոյրը. ես այնտեղ էի` աչքս տաք-տաք հացերին, կաթնահունցին: Իրիկնադէմին մարդիկ, էշերին բարձաձ կժերը (խուրջինների հակերի մէջ), հեռու ջրատեղիներ էին գնում. ես այնտեղ էի, գնում էի` բազմած էշին, ու շատ երջանիկ էի. գնում էինք «վետաց ախպուրըէ:
Առաւօտները ծէգին մարդիկ մոշ հաւաքելու էին գնում. ես այնտեղ էի, գնում էինք Ղեշայ` Եղիշէի վանքը, գնում էինք «կեարմուր բազարէ, Շուշի, Սօս գիւղ, Գանձասար, Ստեփանակերտ… ու կեանքն ինձ դրախտ էր թւում: Այն ժամանակ չգիտէի, չէի հասկանում, որ դրախտը Ղարաբաղն է ու այդ չքնաղ երկրի դուստրը ` մայրիկս: Չգիտէի, որ այդ Դրախտավայր Երկրի համար բազում հայորդիներ պիտի նահատակուեն ու սրբանան, չէի էլ կարող ենթադրել, որ դրանք նաեւ իմ մանկութեան ընկերները պիտի լինէին ` Էռնեստը, Օլեգը, Սլաւիկը, Մաւրիկը, մոշի պէս սեւ ու փայլփլուն աչքերով Անդրեյը, չգիտէի, որ Սումգայիթից մազապուրծ պիտի փրկուէին Գիշի գիւղի մօրաքրոջս տղայի երեխաներն ու թոռները , որ Մարտունի քաղաքում, Սայաթ-նովայի անունը կրող փողոցի բակերից մէկում արկի բեկորներից պիտի մաս-մաս լինէր բարեկամույուս` Իրայի տղան, եւ մայրը պիտի խենթանար… Չգիտէի, թէ մայրս պիտի Ղարաբաղի ցաւից հիւանդանար եւ չհասցնէր տեսնել ազատ, անկախ Արցախ-տեսիլքը, ու էլ չեմ լսի նրա շուրթերից միշտ հնչող «ղարաբաղի զմրուխտ հաւքերէ երգի անուշ ելեւէջները:
Աստուած պահեց Ղարաբաղը` զօրութիւնների Սուրբ Երկիրը , պահեց բազում կեանքերի գնով նոր հայրացած, նոր ընչացքը սեւացած, նոր բողբոջած, սիրով լցուած , ալեզարդ ու իմաստնացած հայորդիների, հայուհիների սխրանքներով:
…եւ հիմա աղօթքով ու խնկարկումով պիտի շշնջանք, որ Աստուած եղածը պահի, քանզի ամէն մի թիզ հողը կեանքեր է խլել, ամէն մի թիզ հողը շահելու եւ պահպանելու համար շատ երեխաներ են որբացել, շատ հարսներ են սգացել, շատ ծնողներ են խենթացել:
Ու՛ժ ու կորո՛վ Արցախը պահող մեր զինուորներին, Աստծոյ օրհնութիւնը նրանց, որպէսզի Ղարաբաղի զմրուխտ հաւքերը արեւ, լոյս եւ ուրախ երգեր բերեն բոլորին:
Կարինէ Աւագեան
Լոյս մայրիկիս յիշատակին