Հրատապ կոչ Սիրիայում արդար խաղաղութեան հաստատման

Յունուարի 15-17-ը Ժնեւում` Էկումենիկ կենտրոնում, տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցութիւն Սիրիայի վերաբերեալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ եւ ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցութեանն Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի անդամ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արեւելեան թեմ):

Խորհրդակցութեան արդիւնքում մասնակիցները հանդէս եկան յայտարարութեամբ` ուղղուած առաջիկայում Սիրիայի վերաբերեալ կայանալիք «Ժնեւ II» համագումարին, որում մասնաւորապէս ասուած է.

«Քրիստոնեաները Քրիստոնութեան տարածումից ի վեր շարունակ ներկայութիւն են պահպանել Սիրիայի երկրում: Այսօր,  որպէս Եկեղեցիներ եւ Եկեղեցուն առնչուող մարդասիրական կառոյցներ, մենք ամէն օր Սիրիայի ժողովրդի հետ ենք եւ՛ երկրի ներսում, եւ՛ փախստականների հետ: Այստեղ մենք ուղիներ ենք փնտրում բարձրացնելու նրանց ձայնը:

Մենք անյանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնայ բռնութեան եւ մարդկային աղէտի պատճառով: Անհամար թուով անմեղ երեխաներ, կանայք եւ տղամարդիկ են սպանւում, վիրաւորւում եւ հեռացւում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մէկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):

Երկրում տիրող ճգնաժամին ոչ մի ռազմական լուծում չի լինի: Ջանալով հաւատարիմ լինել բոլոր մարդ արարածների հանդէպ Աստծոյ սիրուն եւ նաեւ միջազգային հումանիտար իրաւունքի համատեքստում՝ մենք ներկայացնում ենք խաղաղութիւն հաստատմանն ուղղուած գործողութիւնների եւ ուղենիշերի այս պահանջը:

Մենք կոչ ենք անում ձեզ, որպէս «Ժնեւ II» համագումարի մասնակիցների`

1.  հետապնդել բոլոր զինուած հակամարտութիւնների եւ թշնամութեան անմիջապէս դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտութեան բոլոր կողմերին ազատ արձակել ձեռբակալուած եւ առեւանգուած անձանց: Յորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զէնքի եւ օտարերկրեայ զինուորների հոսքին:

2. Ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները եւ հարեւան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնութիւն ստանան: Այնտեղ, որտեղ այսպիսի մեծաքանակ բնակչութիւն լուրջ վտանգի մէջ է, ամբողջական մարդասիրական մուտքը կարեւոր է` համաձայն միջազգային իրաւունքի եւ Պաշտպանութեան պատասխանատուութեան:

3. Զարգացնել բազմակողմանի եւ ընդգրկուն գործընթաց արդար խաղաղութեան հաստատման եւ Սիրիայի վերակառուցման համար: Հասարակութեան բոլոր հատուածները (ներառեալ կառավարութիւն, ընդդիմութիւն եւ քաղաքացիական հասարակութիւն) պէտք է ներառուեն սիրական խնդրի լուծման մէջ Սիրիայի ժողովրդի համար: Մենք գիտակցում ենք կանանց եւ երիտասարդներին այս գործընթացներում ներգրաւերու անհրաժեշտութիւնը:

«Ժնեւ II»-ը պէտք է ձեւափոխուի խաղաղութիւն կառուցող գործընթացի` արձագանքելով Սիրիայի ողջ ժողովրդի օրինաւոր սպասումներին: Մենք առաջարկում ենք հետեւեալ ուղինիշերը`

– Խաղաղութեան հաստատմանն ուղղուած որեւէ գործընթաց պէտք է Սիրիայից առաջնորդուի: Այն պէտք է լինի թափանցիկ եւ վստահելի, որպէսզի սիրիացիները կարողանան վճռել իրենց երկրի ճակատագիրը: Նման գործընթացը պահանջում է Արաբական Լիգայի, ՄԱԿ-ի եւ ներկայ ճգնաժամում ներգրաւուած բոլոր կողմերի կառուցողական ներգրաւուածութիւն,

– Բոլոր ջանքերը պէտք է գործադրուեն` ապահովագրելու Սիրիայի խաղաղութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը

– Սիրիայի հասարակութեան բազմաէթնիկ, բազմակրօն եւ բազմադաւան բնոյթը եւ աւանդոյթը պէտք է պահպանուի: Սիրիական հասարակութեան վառ խճանկարը պահանջում է հաւասար իրաւունքներ իր բոլոր քաղաքացիների համար: Մարդու իրաւունքները, արժանապատուութիւնը եւ կրօնական ազատութիւնը ամէնքի համար պէտք է խթանուեն եւ պաշտպանուեն միջազգային նորմերին համապատասխան:

Որպէս քրիստոնեաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրայում արդար խաղաղութեան հաստատման համար: Այս խաղաղութեանը հասնելու նպատակով մենք պէտք է միասին աշխատենք մեր մահմեդական քոյրերի եւ եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմութիւն, ինչպէս նաեւ հոգեւոր եւ սոցիալական արժէքներ: Մենք վստահութեան կառուցման միջոցով ենք ջանում աշխատել յանուն ազգային հաշտութեան եւ ապաքինման: «Երանի խաղաղարարներին» (Մատթ. 5:9)»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին     Տեղեկատուական համակարգ

Scroll Up