Նամակ Ադրբեջանի նախագահ պրն. Իլհամ Ալիեւին

Պարո´ն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Աւագիմեանը:
Ես ծնուել եւ ապրում եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, որովհետեւ Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնուել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնուել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նոյնպէս այստեղ են ծնուել (երեւի գիտէք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մէկն էր, կոչւում էր Արցախ): Ես ունեմ շատ ընկերներ, եւ նրանք նոյնպէս սիրում են իրենց հայրենիքը… Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել:
Շատերի պէս ես էլ ունեմ խնդիրներ եւ փորձում եմ, որքան հնարաւոր է, լուծել դրանք: Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում` մարդկային կեանքի, երջանկութեան, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերուող նրանց երկրի մասին:
Գիշերը նայում եմ երկնքի աստղերին եւ մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞յ, թէ՞ ոչ, այնտեղ մարդի՞կ են ապրում, թէ՞ ոչ… Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին եւ նոյն բանը մտածում… Ես մտածում եմ նաեւ իմ հայրենակիցների մասին, յատկապէս նրանց մասին, ովքեր կեանքում աւելի շատ դառնութիւններ են տեսել, քան ուրախութիւն: Ես ուզում եմ, որ բոլորը լաւ ապրեն, պրոբլեմներ չունենան եւ երջանիկ լինեն…
Պարոբն նախագահ, ամէն անգամ հեռուստացոյց նայելիս, կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած: Դուք ամբողջ ժամանակ միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին էք խօսում: Ուրիշ ոչ մի բանի մասին չէք մտածում: Կարծես ուրիշ խնդիրներ չունէք: Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի յուզում:
Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում: Իմ ծնողները նոյնպէս Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում… Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ էք ուզում մեր երկրից: Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չէք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չէք տեսել, բայց շարունակ մտածում էք մեր երկիրը նուաճելու մասին: Չեմ հասկանում` Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պէտք Ղարաբաղը: Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նոյնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտէին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ: Դրա համար այստեղ գրեթէ ադրբեջանցիների գերեզմաններ չկան…
Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղեան պատերազմի մասնակից է: Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, եւ երբեք չէի ցանկանայ այն տեսնել: Համոզուած եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխայ նոյնպէս չի ցանկանայ պատերազմ տեսնել: Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթէ պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը: Իմ ընկերներից մէկն ասում է, որ եթէ չթողնեն` զէնք վերցնի, ինքը ֆրանսիացի Գաւրոշի պէս օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ես նոյնպէս, որքան հնարաւոր է, օգնելու եմ իմ ծնողներին…
Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիւ անգամ լսել եմ, թէ ինչպէս է ամէն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցոյցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանայ Մայր Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, եւ մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տուել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում եւ այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից: Դրանով չբաւարարուելով` Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դէմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինուորներ եւ տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտուել է:
Ես մեծերին հարցրել եմ, թէ ինչպէս է պատահել, որ այդքան ուժեղը պարտուել է, իսկ նրանք պատասխանել են` որովհետեւ մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները յարձակուել են մեր երկիրը նուաճելու, մեր կեանքը եւ ազատութիւնը խլելու համար…
Եթէ մեր երկիրը նուաճելու համար պատերազմ սկսէք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու: Բայց համոզուած եմ, որ եթէ պատերազմ սկսէք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին էք ուղարկելու մեր երկրի վրայ: Ես գիտեմ, որ եթէ պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհուեն կռուի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհուելու են նաեւ հազարաւոր ադրբեջանցի երիտասարդներ, եւ բազմաթիւ ադրբեջանցի երեխաներ նոյնպէս որբ են մնալու: Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր էք ամէն օր մտածում պատերազմի եւ Ղարաբաղը նուաճելու մասին…
Եթէ այդքան շատ փող ունէք, ինչու՞ էք շարունակ զէնք գնում, դրանով Դուք կարող էք այնպիսի կեանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (յատկապէս նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենայ: Դա՞ է լաւ, թէ՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը…
Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանէք իմ նամակին եւ անկեղծ ասէք, թէ ինչու էք ուզում նուաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ:
Ադելինա Աւագիմեան,
13 տարեկան, լղհ, Ստեփանակերտ