Չխոնարհուող հայուհիները. հայ «Ամազոնուհիները» ցնցել են թուրք գնդապետին

Թուրքական բանակի գնդապետը հիացել է հայ կանանց արիութեամբ, որոնք չեն զիջել տղամարդկանց Հայոց ցեղասպանութեան ժամանակ Մուսա լերան ինքնապաշտպանութեան ժամանակ:

Այդ մասին ժամանակին պատմել է ինքնապաշտպանութեան մասնակիցներից մէկը` Արտաշէս Բալաբանեանը, որը Հայաստան տեղափոխուելուց յետոյ դասաւանդել է Էջմիածնի ճեմարանում: Արդէն կեանքից հեռացած Բալաբանեանի պատմութեան ձայնագրութիւնը յայտնուել է Sputnik Արմէնիայի մօտ:

Նրա խօսքով` պատճառը, որ Մուսա լերան բնակիչները դիմել են ինքնապաշտպանութեան, թաքնուած է Զէյթունում քաղաքում: Տեղի իշխանութիւններին յաջողուել է համոզել հայերին, որոնց Ապտուլ Համիտը պարբերաբար կոտորել է 30 տարի շարունակ, որ ճանապարհին նրանց ոչինչ չի սպառնում: Արդիւնքում անապատի ճանապարհին սպանուել է 7 հազար մարդ:

«Երկու հոգի հրաշքով փախչել են Զէյթունից եւ պատմել, թէ ինչպէս են թուրքերը յարձակուել իրենց վրայ, երբ նրանք դուրս են եկել գիւղերից եւ բոլորին կոտորել»,- պատմել է Բալաբանեանը: Մի քանի օր անց Մուսա լերան բնակիչներին Անտիոքից նամակ է եկել, որում նրանց յանձնարարել են եօթ օրուայ ընթացքում լքել իրենց տները, դրանից առաջ նկարագրել ունեցուածքը` վերադառնալուց յետոյ այն հետ ստանալու համար:

Բալաբանեանի խօսքով` նամակում կոչ են արել «լիովին վստահել իշխանութիւններին»: Հայերը Անտիոք են ուղարկել իրենցից մէկին, որը տեղի թուրքերի շարքում մտերիմ մարդ ունէր: Նա հաղորդել է, որ հայ ժողովրդի վրայ կախուել է «դամոկլեան թուրը»: «Նրանք մի քանի օր խորհրդակցել են, որոշել, թէ ինչպէս վարուել` խոնարհեն գլուխը, որպէսզի նրանց մորթէն ոչխարների նման կամ զէնքը ձեռքներին պայքարել», — պատմել է Բալաբանեանը:

Նրա խօսքով` մնացել է լուծել զէնքի հարցը: Բայց պարզուել է, որ դեռ 1895թ-ին եւ 1908թ-ին (այդ ժամանակ երիտթուրքերը յեղաշրջում են կատարել) հնչակները գաղտնի զէնք են բերել եւ թաքցրել: Դրա մասին իմացել են միայն հոգեւոր առաջնորդը եւ գիւղերից մէկի գիւղապետը:

Նրանք լեռ են բարձրացել: Պարտականութիւնները կիսել են իրար մէջ: Ամենափոքր տղաներին թողել են կանանց խնամքի տակ, 10-13 տարեկան պատանիները հսկողութիւն են իրականացրել, 14-16 տարեկանները ներգրաւուել են ռազմիկներին մթերքով եւ զինամթերքով ապահովելու գործերում: Աւելի քան 15 կին պայքարել է տղամարդկանց հետ միասին, նրանցից մէկը, շրջափակման մէջ ընկնելով, խոստովանել է թուրքերին, որ 5 թուրք է սպանել:

«Նրանց հազարապետն ասել է իր զինուորներին. «եթէ իմ զօրքերը կռուեն հայերի նման, ապա ես կը նուաճեմ աշխարհը», — պատմում է Բալաբանեանը:

Մուսա լերան հայերը յետ են մղել թուրքական կանոնաւոր բանակի հինգ յարձակում: Ինքնապաշտպանութեան ընթացքում նրանք կարողացել են նամակ ուղարկել Հալէպում ֆրանսիական ներկայացուցչութիւն` օգնութիւն խնդրելով: Եւ այն հասել է:

Աւելի ուշ նրան յաճախ են հարցրել, թէ ինչպէս են կարողացել 600 գիւղացիներից բաղկացած խմբով, զէնքի եւ զինամթերքի անբաւարար քանակի պայմաններում յաղթել 10-հազարանոց կանոնաւոր բանակին:

«Մենք լեռ էինք բարձրացել խելայեղ մտքով: Կա՛մ կը մեռնենք զէնքը ձեռքերիս, կամ կ’ապրենք խաղաղ», — ասել է Բալաբանեանը:

Սուեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիւները Մուսա լերան վրայ (Հալէպի նահանգի Անտիոք գաւառում` Սուեդիա գիւղաքաղաքի մօտ) տեղի են ունեցել 1915թ-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Լերան շուրջը կար 6 հայկական գիւղ` Քեբուսիէ, Վագըֆ, Խդրբեկ, Եօղունօլուք, Հաճի Հապիպլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (աւելի քան 6 հազար մարդ) զբաղւում էին երկրագործութեամբ, շերամապահութեամբ, մեղուաբուծութեամբ, ունէին իրենց դպրոցները, եկեղեցիները:

Շրջափակման 53-րդ օրը երեւաց ֆրանսիական 2 ռազմանաւ: Նրանք սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացուեց, որ ֆրանսիական կառավարութիւնը որոշել է նրանց փոխադրել Փորթ Սաիտ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրուեցին Ֆրանսիա. «ժաննա դարկէ՛ ու այլ նաւեր ու շարժուեցին Փորթ Սաիտ, ուր նրանց օգնութեան հասան եգիպտահայերը:

Մուսա լերան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրուագներից է: Հերոսամարտն իր գեղարուեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լերան 40 օրը» վէպում, որը թարգմանուել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ աւանը (Էջմիածնի շրջանում), որտեղ յուշարձան է կանգնեցուած ի պատիւ Մուսա լերան պաշտպանների:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Scroll Up