«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադէմ ազգ` Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարէն Կարապետեան

Վարչապետ Կարէն Կարապետեանն այսօր ներկայ է գտնուել Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) եւ ԱՄՆ գիտութեան ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին յայտնում են ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնից: Այն անցկացւում է «Մեքենայական ուսուցումը` գիտական յայտնագործութիւնների խթան» խորագրի ներքոյ:
ՀՀ կառավարութեան անունից ողջունելով ներկաներին` վարչապետ Կարապետեանը շնորհակալութիւն է յայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնութեան համար, ինչպէս նաեւ հիւրերին` Հայաստան այցելելու, իրենց փորձը եւ գիտելիքները Հայաստանի մասնագէտների հետ կիսելու պատրաստակամութեան համար: «Փաստ է, որ գիտութիւնն ու տնտեսութիւնն ամուր կապուած են միմեանց եւ պէտք է մէկը միւսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ` FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտէգրատորի դեր` ապահովելով գիտութեան եւ տեխնոլոգիաների աշխարհի լաւագոյն կենտրոնների կապը մեր մասնագէտների հետ:
Այսօրուայ աշխարհն անցնում է 4-րդ արդիւնաբերական յեղափոխութեան փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականութիւնը, ամպային լուծումները, վերականգնուող էներգիայի ստացման նորագոյն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզուած եմ, որ կը յաջողեն այն երկրները, ովքեր կը կարողանան արագ ադապտացուել նոր իրավիճակին եւ կը լինեն նորարարութիւններ ստեղծող եւ առաջարկող:
Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լաւ հնարաւորութիւն ունենք` թափ հաղորդելու մեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մէկ` ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետութիւնը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:
Մեզ բոլորիս` կառավարութեանը, սփիւռքի եւ Հայաստանի այն անհատներին, ովքեր միաւորուած են, մասնաւորապէս, FAST-ում, առաջ է մղում մէկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադէմ ազգ` Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միաւորում է հաւատը, որ դա հնարաւոր է, եւ դա շատ կոնկրէտ աշխատանք է, որը պէտք է միասին հետեւողականօրէն իրականացնել», – իր ելոյթում նշել է վարչապետ Կարապետեանը` համաժողովի մասնակիցներին եւ կազմակերպիչներին մաղթելով լաւ տրամադրութիւն եւ արդիւնաւէտ աշխատանք:
FAST-ի եւ NSF-ի կողմից կազմակերպուած աշխատաժողովին մասնակցում է տուեալագիտութեամբ (Data Science) եւ յարակից գիտական ճիւղերով զբաղուող աւելի քան 200 հետազօտող: Աշխատաժողովի նպատակն է` խթանել երիտասարդ հետազօտողների եւ նշուած ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագէտների միջեւ համագործակցութիւնը:

 

Scroll Up