«Բոլոր Հայերի Հոգու Պարտքն Է Արցախի Սահմանները Պահած Ու Պահող Զինուորներին, Նրանց Ընտանիքներին Օգնելը». Գրիգոր Շագմելեան

ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ դեռեւս անցեալ տարի սկիզբ առած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում Սփիւռքի տարբեր երկրներից շարունակւում են անհատական, համայնքային օգնութիւններն Արցախին, վիրաւոր զինուորներին ու զոհուած զինուորների ընտանիքներին, արցախեան գիւղերի կարիքաւոր բնակիչներին, դպրոցներին: Այս հայրենանուէր գործում իրենց նշանակալի լուման ունեն նաեւ ՌԴ Գրասնոդարի երկրամասի Տուապսէի շրջանի Նովոմիխայլովկայի հայկական համայնքի անդամները, որի նախագահի` Գրիգոր Շագմելեանի, համայնքի ակտիւ անդամ Արթուր Յարութիւնեանի եւ նրանց հետ համագործակցող, ղարաբաղեան առաջին գոյամարտի ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր-հրամանատար, այսօր` Արմաւիրի «Տիգրան Մեծ² ռազմամարզական յատուկ վարժարանի տնօրէն Կորիւն Ղումաշեանի հետ մի հետաքրքիր զրոյց ունեցայ«Հայերն այսօր»-ի համար: Ստորեւ մեր ընթերցողների ուշադրութեանն ենք ներկայացնում այդ հարցազրոյցը:

-Յարգելի՛ հայրենակից, խնդրում եմ ներկայացնէք «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում ձեր համայնքի ունեցած ներդրումը, օգնութիւնը:

-Դժուար է խօսել այդ մասին, նոյնիսկ ամաչում եմ, որովհետեւ կարծում եմ` բոլոր հայերի հոգու պարտքն է Արցախի եւ, առհասարակ, մեր երկրի սահմանները պահած ու պահող, զոհուած ու վիրաւոր զինուորների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինուորներին, զինծառայողներին օգնելը: Մենք ամէն կերպ ձգտում ենք օգտակար լինել մեր բանակին, լինել նրա կողքին: Մեր երկրի պաշտպանութիւնը բոլորիս գործն է: Մենք դեռեւս ղարաբաղեան առաջին գոյամարտի տարիներից ենք սկսել մեր գործունէութիւնը:

-Պարո՛ն Շագմելեան, ի՞նչ միջոցներով էք կազմակերպում դրամական օգնութիւնը:

-Մեր համայնքի ուժերով. մեր համայնքը խորհուրդ ունի, որի նիստերի ժամանակ քննարկում, որոշում ենք բոլոր հարցերը: Պէտք է ասեմ, որ բոլորն այդ գործի համար սիրով են ներդնում իրենց լուման: Հաւաքուած գումարով շտապ օգնութեան մեքենայ, բժշկական տարբեր պարագաներ, ռենտգեն կաբինետ, դիալիզի սարքաւորում են նուիրել Արցախի սահմանները պաշտպանող մեր զինուորներին…մեր շրջանի բոլոր համայնքները գումար են հաւաքել ու յանձնել Գրասնոդարի հայկական համայնքի ղեկավարութեանը, իսկ մնացած տեղեկատուութիւնը նրանցից ենք ստացել. գիտենք, որ բժշկական անհրաժեշտ սարքաւորումները, տեխնիկան Երեւանում բարձել են մեքենաների մէջ եւ ուղարկել Արցախ:

-Երբեւէ եղե՞լ էք Արցախում:

-Ցաւօք, չեմ եղել եւ շատ եմ ափսոսում. կարծում եմ` հեռու չէ այդ ժամանակը: Թէեւ ես չեմ եղել Արցախում, սակայն ասեմ, որ մեր համայնքի երիտասարդներին ուղարկել ենք Արցախ, եղել են զօրամասերում, շփուել զինուորների հետ:

-Ին՞չ առիթով էք Հայաստանում:

-Շատ լաւ առիթով. թոռանս Տուապսէից բերել եմ` մկրտելու Սուրբ Էջմիածնում. բնականաբար, կը վայելենք հայաստանեան աշունը, մասնակից կը դառնանք մայրաքաղաքի տօնակատարութեանը: Հանդիպել ենք նաեւ մեր լաւ ընկերոջը` Կորիւն Ղումաշեանին` մի մարդու, ով, ինչպէս արդէն տեղեկացաք, մասնակցել է արցախեան գոյամարտին, հիմնադրել ու ղեկավարել է մի նշանաւոր ու հերոսական գունդ: Թուացեալ խաղաղ ժամանակներում էլ նա պայքարի մէջ է. Ղումաշեանը սերտօրէն համագործակցում է մեզ հետ, հնարաւորինս օգնում բոլոր հարցերում: Մենք անմիջական կապի մէջ ենք ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ: Կորիւն Ղումաշեանն աւելի լաւ կը ներկայացնի մեր աշխատանքները:

-Դէ ինչ, պարո՛ն Ղումաշեան, ներկայացրէք, խնդրեմ այն ամէնն, ինչի մասին համեստօրէն լռեց պարոն Շագմելեանը:

-Այո՛, իրականում նա հրաշալի է կազմակերպում այդ գործը եւ ամաչում է խօսել այդ մասին: Իմացանք, որ եկել է Երեւան` մկրտելու թոռանը, հանդիպեցինք Շագմելեանին եւ ուղեկցեցինք ՀՀ սփիւռքի նախարարութիւն, ուր դեռեւս չէր եղել, որովհետեւ շատ վաղուց չի եղել նաեւ Հայաստանում: Նախարարութեան համապատասխան վարչութիւնն էլ մեզ ուղղորդեց դէպի «Հայերն այսօր»-ի խմբագրութիւն: Նրան շատ լաւ են ճանաչում ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնում, որովհետեւ Գրիգոր Շագմելեանի ղեկավարած համայնքի ծաւալած այսօրինակ գործունէութիւնն անմիջականօրէն կապուած է զոհուած ու վիրաւոր զինուորների, նրանց ընտանիքների հետ: «Նիւա» մակնիշի մարդատար մեքենայ էին ուղարկել «Տիգրան Մեծ»-ի «Արամազդ» ջոկատին, մեքենան կանգնած է եղել դիրքերում: Ասեմ, որ այդ մեքենան ակամայից մարդկային կեանքեր է փրկել. տղաները դիրքերից իջնում են ` մի 60 մետր հեռաւորութեան վրայ գտնուող մեքենան տեսնելու, եւ հէնց այդ ժամանակ արկն ընկնում է տղաների դիրքերի մէջ…այդ մեքենան յետոյ փոխարինուել է աւելի մեծ մարդատար մեքենայով, որն ամէն շաբաթ Արմավիրից Արցախում ծառայող տղաների ծնողներին տանում է զօրամասեր` տեսնելու իրենց զաւակներին եւ ետ է բերում տուն: Անցեալ տարի, Ապրիլեան քառօրեայից յետոյ, մեր հայրենակիցները եկան եւ այցելեցին հերոս Արմէն Յովհաննիսեանի տուն, ծանօթացան հերոսի մօր, հարազատների, հետ եւ նոյն օրն էլ որոշում կայացրեցին, որ մեր հերոսների մայրերի հանգիստը կազմակերպեն ծովափնեայ քաղաքում: Շատ արագ իրականութիւն դարձրեցին այդ ծրագիրը, եւ 13 մայրեր իրենց հանգիստն անցկացրեցին Սեւ ծովի ափին: Այս տարի ապրիլեան պատերազմի մասնակից 15 հաշմանդամ զինծառայողներ 14 օր իրենց հանգիստն անցկացրեցին ծովի ափին` Նովոմիխայլովկայում: Գրիգոր Շագմելեանի ղեկավարած համայնքի ջանքերով զինծառայողները հանգստացան ափամերձ մի հիւրանոցում, որի բոլոր ծախսերը, սննդի հարցերը լուծուեցին մեր հայրենակիցների շնորհիւ: Առջեւում ուրիշ ծրագրեր կան: Ի դէպ, մեզ հետ այստեղ ներկայ երիտասարդը` Արթուր Յարութիւնեանը, ով Միխայլովկայի հայկական համայնքի անդամներից է, այս գործունէութեան ակտիւ մասնակիցներից է: Նոյն մտածելակերպ ունեցող մարդկանցով հաւաքուեցինք եւ շարունակեցինք սկսած գործը. այս մարդիկ 3 տարի արդէն անում էին այդ հայրենանուէր գործը, ես միացայ նրանց, ծնուեցին նոր գաղափարներ: Հրաշալի համագործակցութիւն ստեղծուեց: Իրենց ծաւալած գործունէութեան համար մեր հայրենակիցները պարգեւատրուել են շնորհակալագրերով, մեդալներով, թէեւ նրանք աշխատում են, բարի գործ անում` առանց որեւէ ակնկալիքի: Մենք որոշել ենք համագործակցութեան կամուրջներ ստեղծել սփիւռքեան տարբեր համայնքների, կառոյցների հետ, որպէսզի ամէն մի համայնք իր միջոցներով ու բարի կամքով թէ՛ արցախեան առաջին գոյամարտի, թէ՛ Ապրիլեան քառօրեայում վիրաւորուած, կռուած տղաներին, զինծառայողներին ապահովի լաւագոյն հանգստով. ինչու՞ պէտք է միայն օլիգարխների զաւակները հանգստանան աշխարհի լաւագոյն հանգստավայրերում, իսկ սահման պահող ու պահած, կռուած տղաներն իրենց կեանքում երբեւէ չօգտուեն այդ բարիքներից: Կարծում եմ` այս ծրագիրն անպայման տարածում կ’ունենայ:

-Պարո՛ն Ղումաշեան, Դուք այնքան հանգամանալից ներկայացրեցիք Նովոմիխայլովկայի հայկական համայնքի եւ նրա նախագահի գործունէութիւնը, որ, կարծես թէ, հարցերս սպառուեցին, եւ ինձ մնում է միայն շնորհակալութիւն յայտնել բոլորիդ, մասնաւորապէս` պարոն Շագմելեանին, Նովոմիխայլովկայի հայկական համայնքին եւ ցանկալ, որ ապրենք խաղաղ պայմաններում, որ Արցախի չարչրկուած հարցն իր վերջնական ու արդարացի լուծումը ստանայ խաղաղ բանակցութիւնների շրջանակում, որ մեր սահմաններից հայ զինուորի զոհուելու կամ վիրաւորուելու լուր չառնենք, որ Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութիւնը դառնայ աշխարհի գերհզօր տէրութիւններից մէկը:

Կարինէ Աւագեան

Scroll Up