«Երբ Հարցնում Են` Հայերն Ովքե՞ր Են, Եկէք Ասենք` Մենք Ինչեր Ենք Ստեղծել». Հայաստանի Նոր Պատկերը

Սեպտեմբերի 19ին Երեւանում աշխատանքներն է շարունակել Հայաստան-Սփիւռք 6-րդ համահայկական համաժողովը, որի հիմնական լիագումար նիստին վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան ներկայ ռազմավարութիւնը, բարեփոխումների ուղղութիւնները, զարգացման մեծ ներուժը եւ երկրի նոր իմիջի օրակարգն է առաջարկել:
«Պէտք է մէջքներս ուղղենք եւ միասին շարունակենք կառուցել այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք»,- որպէս հիմնական ուղերձ, իր ելոյթում ասել է վարչապետ Կարէն Կարապետեանը:
Ռազմավարական նախաձեռնութիւնների կենտրոնի գործադիր տնօրէն Ալեքսանդր Խաչատուրեանն իր ելոյթում նշել է, որ կառավարութիւնը առարկայական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի արդիականացման եւ թուայնացման համար, որի արդիւնքում հաւասար մրցակցային պայմաններ կը ձեւաւորուեն տեղական եւ օտարերկրեայ ներդրողների համար:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն Արմէն Աւակ Աւակեանը երկրի մրցակցային առաւելութիւններն ընդգծել է «Ընտրել Հայաստանը» շնորհանդէսով: «Եկէք միւս անգամ, որ ձեզ հարցնում են` ի՞նչ է Հայաստանը, պատմենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկրներից մէկն է, որ շախմատն ընդունել է որպէս դպրոցական կարգ, որ դպրոցը բոլոր աւատրողները շախմատ խաղալ գիտեն, որ մենք` հայերս, ստեղծագործ ենք, որ մենք ունենք Թումօ, մի կառոյց, որն աշխարհում ընդունուած է որպէս լաւագոյնը, որտեղ 12-18 տարեկան երեխաներն անվճար կարող են սովորել ամենաառաջնային տեխնոլոգիաները»,- երկրի իմիջի նոր օրակարգն է առաջարկել հիմնադրամի ղեկավարը:
«Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկէք ասենք` մենք ինչեր ենք ստեղծել: Մենք ստեղծել ենք աւտոմատ փոխանցման տուփը, գունաւոր հեռուստատեսութիւնը: Խօսակցութիւնը պիտի փոխուի: Մենք կարիք ունենք փոխելու Հայաստանի մասին մեր մտածելակերպը: Մենք երկիր չենք, որ ունենք միայն մշակոյթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար ժողովուրդ»,- նշել է հիմնադրամի ղեկավարը:
«Ստեղծարարութիւնն ու նորարարութիւնը հայերին դարձնում են աշխարհում եզակի: Իսկ հիմա` Հայաստանը զարգացման մեծ ալիքի վրայ է. ձեզ հետ, թէ առանց ձեզ` դա տեղի է ունենում: Ընտրութիւնը ձերն է` մասնակցե՞լ դրան, թէ՞ ոչ»,- ելոյթը եզրափակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն Արմէն Աւակ Աւակեանը: