Գլենդելի Կենտրոնական Գրադարանում Ներկայացուեց Հայոց Ցեղասպանութեանը Նուիրուած Ցուցահանդէս

Մայիսի 19ին Գլենդելի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցաւ նորաբաց «Ռիֆլեքթսփէյս» կոչուող պատկերասրահի առաջին՝ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ցուցահանդէսի պաշտօնական բացումը: «Յիշողութեան բնատեսարան. Ցեղասպանութեան վկաներն ու վերապրողները» (Landscape of Memory: Witnesses and Remnants of Genocide) խորագրով ցուցադրութիւնը կազմուած է մի քանի հեղինակների գործերից. 1915թ.ին Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ հիւպատոս Լեսլի Դեւիսը իրավիճակի մասին՝ ամերիկեան կառավարութեանն ուղղուած զեկոյցներին մշտապէս կցել է նաեւ իր կողմից արուած բազմաթիւ լուսանկարներ, որոնցում պատկերուած են աքսորի եւ հայ բնակիչների նկատմամբ բռնութիւնների տեսարաններ: «Այդ լուսանկարները, որ ականատեսի վկայութիւններ են, մեծ արժէք ունեցող արխիւային նիւթեր են, որ առաջին անգամ են հանրային ցուցադրութեան ներկայացւում», նշում են «Ռիֆլեքթսփէյս»ի գեղարուեստական ղեկավարներ (կուրատորներ) Արա եւ Անահիտ Օշականները, որ կազմել են հաւաքածուն ընդարձակ ուսումնասիրութիւնների արդիւնքում: Սրահի միւս ցուցանմուշը, լուսանկարիչ-արուեստագէտներ Արա Օշականի եւ Լեւոն Փարեանի՝ Ցեղասպանութիւնը վերապրած Հայաստան Թերզեանի լուսանկարն է, ում, բազմաթիւ հայերի հետ միասին փրկել է Լեսլի Դեւիսը:
«Ռիֆլեքթսփէյս»ին խորհրդաւորութիւն է հաղորդում «Գորկին եւ Ապակէ տունը»՝ Նիւ Եորքից արուեստագէտ Արամ æիբիլեանի կոնցեպտուալ լուսանկարները, որոնք արուել են Ցեղասպանութիւնը վերապրած, աբստրակտ էքպրեսիոնիզմի հիմնադիրներից՝ Արշիլ Գորկու տանը: «2003 թուականին «Նիւ Եորք Թայմզ»ում կարդալով յօդուած Գորկիի Կոնեկտիկուտում գտնուող տան ներկայի բնակչի մասին, ով պնդում էր, թէ տանը նկարչի ուրուականն է շրջում, æիբիլեանը ուղեւորւում է այնտեղ եւ լուսանկարների շարք ստեղծում այդ թեմայով», պատմում է Անահիտ Օշականը՝ ցուցադրելով այդ շարքից ցուցանմուշներից: Նա, այնուհետեւ, այցելուներին ուղեկցում է գրադարանի լայնարձակ սրահով դէպի մէկ այլ անկիւն, որտեղ ներկայացուած են Արշիլ Գորկիի լաւագոյն գործերի օրինակներից:
Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ցուցադրութիւնը շարունակւում է բաց երկնքի տակ: Գրադարանի բակում՝ «Այուիթնես» (iWitness) անուանումով նախագիծը ներկայացնում է Եղեռնը վերապրածների մեծադիր լուսանկարներ, որոնք ճարտարապետական եւ դիզայներական լուծումներով իւրատեսակ քանդակների են նմանուել: «Շուրջ երեսուն տարի առաջ Լեւոն Փարեանի հետ նախաձեռնեցինք վերապրածներին լուսանկարելու մի ծրագիր, եւ միաժամանակ՝ հաւաքագրեցինք նրանց պատմութիւնները: Համագործակցելով ճարտարապետ Վահագն Թոմասեանի եւ դիզայներ Նարինէ Միրզայեանի հետ, ստեղծեցինք 8-15 ոտնաչափ բարձրութեամբ, յատուկ ձեւաւորուած երկաթեայ ձողերի վրայ տեղադրեցինք տասնեակ լուսանկար: Դրանք չունեն ուղիղ անկիւններ, այլ ծուռումուռ են, եւ գաղափարն այն է, որ աշխարհն անկայուն է, եւ մշտապէս ինչ-որ բան սխալ է: Լուսանկարներում պատկերուած վերապրողները մեզ յուշում են, որ հարց կայ չլուծուած», պատմում են «Այուիթնես»ի հեղինակներից Արա Օշականն ու Լեւոն Փարեանը: Վերապրածների լուսանկարներում պատկերուած հայեացքներն այնքան խօսուն են, որ մի պահ կարծես ընկղմւում ես անցեալում ու ապրում նրանց՝ մեր վիշտը, կարօտը, ցասում…։
Մայիսի 19ի երեկոյեան, «Այուիթնես» նախագիծը նաեւ շունչ էր առել՝ Րաֆֆի Սեմերճեանի, Արենի Աղպապեանի, Արմէն Ադամեանի, Կերի Ճիպիլեանի եւ Վազգէն Բարսեղեանի երաժշտական կատարումներով, իսկ յատուկ լուսաւորութիւնն առաւել խորհդաւոր էր դարձրել լուսանկարները, կենդանացրել նրանց կարծես:
«Սա իսկապէս բացառիկ ցուցադրութիւն է, որ ունի կրթող, տեղեկացնող նշանակութիւն: Շատ յուզիչ էր մանրամասներ լսել Հաոց Ցեղասպանութեան մասին, բացայայտել, թէ ինչպիսի առաքելութիւն են իրականացրել ամերիկացի դիւանագէտները, ի դէմս Լեսլի Դեւիսի, որ կարողացել է օգնել եւ փրկել բազմաթիւ հայերի, ծանօթանալ Գորկիի կեանքին ու ստեղծագործական գործունէութեանը: Ինքս Արեւելեան ափից եմ, եւ այնտեղ շատերն անտեղեակ են հայերի ջարդերի մասին, եւ ես նրանց պատմում եմ: Այս ցուցահանդէսը լաւագոյն առիթն էր մեր քաղաքի այլ համայնքների ներկայացնելու հայերի պատմութեան այս սարսափելի էջը», նշեց գրադարանի տնօրէն Սինդի Քլերին: Նա նշեց, որ ցուցադրութիւնը լիովին ներկայացրեց «Ռիֆլեքթսփէյս»ի ստեղծման կարեւորութիւնը Գլենդելի համար, որպէս մի վայր, որ թոյլ կը տայ քաղաքում բնակուող տարբեր մշակոյթների եւ ազգերի մարդկանց միաւորուելու համամարդկային հարցերի շուրջ, ծանօթանալու միմեանց՝ պատմութեան ու արուեստի միջոցով:
Պատկերասրահի պաշտօնական բացմանը ներկայ էին նաեւ քաղխորհրդի անդամներ Փօլա Դիւայնն ու Արա Նաճարեանը, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ:
«Յիշողութեան բնատեսարան. Ցեղասպանութեան վկաներն ու վերապրողները» ցուցահանդէսը կը շարունակուի մինչեւ Յունիսի 25ը: Գլենդելի կենտրոնական այգում, «Այուիթնես»ը կարելի է դիտել մինչեւ Յունիսի 14ը: Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ այս ցուցադրութեան շրջանակներում նախատեսուած են այլ ձեռնարկներ. Յունիսի 10ին եւ 11ին՝ թատերական ներկայացում, Յունիսի 15ին՝ վաւերագրական ֆիլմի ցուցադրում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
http://asbarez.com/