Հայ Ֆրանսական Տնտեսութեան Նոր Կապերի Ստեղծում` Հայաստանում

Պեռնար Հաթեմեանը հայ-ֆրանսական առեւտրարդիւնաբերական պալատի նախագահն է, ով այդ պաշտօնում ընտրուել է վերջերս: Նա կազմակերպել էր Մարսէյի քաղաքապետի այցը Երեւան: Հայաստանում Ֆրանսայի դեսպանատանն էլ հանդիպեցինք նրան` հետաքրքրուելով, թէ ի՛նչ գործառոյթներ է իրականացնում իր ղեկավարած պալատը: «Հայ-ֆրանսական առեւտրարդիւնաբերական պալատը զբաղւում է տնտեսական գործունէութեամբ: Այն տնտեսական 4 ոլորտ ունի` տնտեսական, սննդամթերքի, տեղեկատուական արհեստագիտութիւնների, զբօսաշրջութեան եւ հագուստի», ասաց Պ. Հաթեմեանը: «Ազդակ»-ի հարցին, թէ ինչպիսի՞ն են հայ-ֆրանսական յարաբերութիւնները տնտեսութեան ոլորտում, նա պատասխանեց, որ իր ղեկավարած պալատը մասնակցել էր Հայաստանում տեղի ունեցած «Արմէքսփօ» ցուցահանդէսին, եւ տեղի գործարարները հրաւիրել էին Մարսէյի միջազգային տօնավաճառին: Ըստ նրա, գործարարները ընդունել էին այդ հրաւէրը, ծանօթացել էին ֆրանսական ապրանքներին, այդպիսով հնարաւորութիւն ստացել էին կապեր հաստատելու ֆրանսացի գործարարների հետ:

Բ. Հաթեմեանի ասելով, 2002թ. Ֆրանսայի շուկայ էին մուտք գործել հայկական ձեռնարկութիւններ: Այդ ընկերութիւններից նա առանձնացրեց «Նոյեան» հիւթերը, որոնք այսօր մեծ դեր ունեն ֆրանսական շուկայում: Մարսէյի միջազգային տօնավաճառին մասնակցել էին նաեւ հայկական գարեջրի արտադրութեամբ զբաղուող ընկերութիւնները:

Հայ-ֆրանսական առեւտրարդիւնաբերական պալատի նախագահն անդրադառնալով իրենց Հայաստան կատարած այցին` ասաց, որ իրենք կը փորձեն հայ-ֆրանսական տնտեսական կապերն ամրացնել` նոր հնարաւորութիւններ ընձեռելով հայաստանեան ընկերութիւններին: Իսկ իր ղեկավարած պալատը, նրա փոխանցմամբ, այդ ոլորտում հանդիսանում է միջնորդ:

Իսկ ի՞նչ ազդակ կարող է լինել Մարսէյի քաղաքապետի այցը Հայաստան տնտեսական կապեր ստեղծելու համար, նա պատասխանեց. «Մարսէյի քաղաքապետն օգնում է, այսպէս ասած` հեշտացնում է ներդրումներ կատարելու գործընթացը: Յաջորդ տարի կը լինեն նաեւ միւս շրջանային խորհրդի հետ հանդիպումներ, այսինքն` ֆրանսական տարբեր հաստատութիւններ ուզում են հեշտացնել իրենց կապերը Հայաստանի հետ»:

Մ. Մ.

Երեւան-Պէյրութ

aztagdaily.com

Scroll Up