Սահմանադրական Փոփոխութիւններուն Մէջ Լրամշակուած Է Սփիւռքին Վերաբերող Յօդուածը

Անկախութեան տարիներու զարգացումները կը վկայեն, որ եւ՛ 1995 թուականի, եւ՛ 2005թ. բարեփոխուած Սահմանադրութիւնը անգամ ամենաանկանխատեսելի եւ վտանգաւոր պահերուն կրցան ապահովել երկրի կայութիւնն ու խաղաղ ընթացքը:
Ուստի հարց կը ծագի, թէ այդ պարագային ինչու՞ անհրաժեշտ էր նախաձեռնել սահմանադրական փոփոխութիւններ եւ այդ հարցով հանրաքուէ իրականացնել: «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` այս հարցը մեկնաբանելու խնդրանքով «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի թղթակիցը դիմած է ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին:
Յարգելի տիկին Յակոբեան, ինչո՞վ կը պայմանաւորուի մեր երկրի զարգացման հէնց այս ժամանակահատուածին մէջ սահմանադրական փոփոխութիւններու իրականացման անհրաժեշտութիւնը:
Կեանքն առաջ է գնում, հասարակական յարաբերութիւնները փոխւում եւ զարգանում են: 2005թ-ի փոփոխութիւններից յետոյ դեռեւս մնացել են վտանգաւոր «ականներ», որոնք խանգարում են մեր երկրի առաջընթացին: Այսպէս, նախագահական բոլոր ընտրութիւնների դէպքում էլ (բացառութեամբ 1991 թուականի) հասարակութիւնը պառակտուեց, լուրջ առճակատում առաջացաւ յաղթող եւ պարտուող թիմերի միջեւ: Ընդամէնը 23% տարբերութեամբ նախագահական ընտրութիւններում յաղթողը ձեռք է բերում մեծ լիազօրութիւններ, իսկ պարտուողն իր հսկայական ընտրազանգուածով մնում է ձեռնունայն: Հասարակութիւնը ճեղքւում է երկու հատուածի եւ բաւականին բարդ ու երկար է տեւում նրան բնականոն հունի մէջ դնելու գործընթացը: Ժողովրդավարութեան ոսկէ կանոններից է ընտրուած եւ ձեւաւորուած իշխանութիւնների, պաշտօնատար անձանց նկատմամբ վերահսկողութեան սահմանումը: Սակայն ներկայ Սահմանադրութեամբ հնարաւոր է այն շրջանցել: Բերեմ մի օրինակ. այսօրուայ գործող Սահմանադրութեան պայմաններում, Նախագահի ինստիտուտը կարող է անվերահսկելի դառնալ: Միակ դէպքը, երբ հնարաւոր է Նախագահին պաշտօնանկ անել` Հայրենիքի դաւաճանութեան կամ այլ ծանր յանցագործութեան կատարման համար, որը գործնականօրէն գրեթէ անհնար է, քանզի չի գտնուի նման Նախագահ, որը պետական դաւաճանութիւն գործի: Իսկ խորհրդարանական կառավարման անցնելու դէպքում Նախագահը ընտրւում է խորհրդարանի կողմից, նրա հիմնական լիազօրութիւնները տրւում են վարչապետին, որը երկրում դառնում է գլխաւոր դերակատարութիւն ունեցող պաշտօնատար անձ: Սակայն, ի տարբերութիւն այս կառավարման ձեւի, առաջարկուող նոր կառավարման համակարգի դէպքում նա անվերահսկելի չէ եւ անմիջական պատասխանատուութիւն է կրում խորհրդարանի առջեւ: Այս բարեփոխումների ընդունման դէպքում ցանկացած ձախողում դառնալու է խորհրդարանում քննարկման առարկայ եւ կարող է դրուել վարչապետին, կառավարութեանը, նախարարին անվստահութիւն յայտնելու հարցը: Այսպիսով, կառավարման այս մոդելի դէպքում հնարաւորութիւն է ընձեռւում բացառելու անվերահսկելիութիւնը, անպատժելիութիւնը, քաղաքական ու սահմանադրական անպատասխանատուութիւնը: Ուզում եմ խօսել եւս մէկ հնարաւոր հակասութեան մասին, որը կարող է յանգեցնել սահմանադրական ճգնաժամի: Գործող կառավարման համակարգում, եթէ խորհրդարանը եւ Նախագահը միեւնոյն թիմից են, ապա, բնականաբար, հակասութիւն չի առաջանում այս երկու ինստիտուտների միջեւ: Հնարաւոր է, սակայն, մի իրավիճակ, երբ հանրապետութեան Նախագահը եւ խորհրդարանական մեծամասնութիւնը լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ միմեանց հակոտնեայ: Այս դէպքում չի բացառւում, որ երկրում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանը, այդ թւում եւ նրա կողմից կազմաւորուած կառավարութիւնը, որոշեն չապահովել Նախագահի սահմանադրական լիազօրութիւնները. օրինակ, որպէս գերագոյն գլխաւոր հրամանատար, Նախագահը պահանջում է մոբիլիզացնել պետական ռեսուրսները երկրի պաշտպանութեան համար, իսկ կառավարութիւնն այդ պահին նպատակայարմար չի գտնում այդ հարցը լուծել Նախագահի յանձնարարութեան համապատասխան եւ արդիւնքում պետութեան մէջ կարող է առաջանալ մի անլուծելի, անելանելի իրավիճակ եւ նման դէպքում նոյնիսկ երկրի պաշտպանութեան հարցերին վտանգ կը սպառնայ:
Ակնյայտ է նաեւ, որ հակադիր բեւեռներում գտնուելով` Նախագահը չի կարող ազատել վարչապետին (վարչապետը նշանակւում է խորհրդարանական մեծամասնութեան կողմից վստահութիւն վայելող անձը), չի կարող արձակել խորհրդարանը, իսկ խորհրդարանն էլ չի կարող անվստահութիւն յայտնել Նախագահին, քանի որ նա ընտրուած է ժողովրդի կողմից եւ այլն: Նման ճգնաժամային վիճակների թուարկումը կարելի է շարունակել:
Ներկայ բարեփոխումները հաշուի են առել նմանատիպ բոլոր դէպքերը, փակուղային իրավիճակների բերող նորմերը եւ առաջադրուել են նոր կառուցակարգեր, եւ եթէ անցում կատարուի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա այսպիսի հակասութիւնները կը բացառուեն: Ժողովուրդն ընտրում է Ազգային ժողով եւ պահանջում հասարակական զարգացման բնականոն ընթացք: Եթէ այս փոփոխութիւններին «Այո» է ասում ժողովուրդը, դա նշանակում է, որ ապագայում նա ընտրելու է միայն իշխանութեան օրէնսդիր մարմին` խորհրդարան, այն էլ համամասնական ընտրակարգով եւ լայն խորհրդարանական վերահսկողական լիազօրութիւններով: Խորհրդարանը, ընտրելով վարչապետին եւ երկրի նախագահին, կառավարութեան վրայ է դնում երկրի արտաքին եւ ներքին քաղաքականութեան հետ կապուած բոլոր հարցերի լուծման պատասխանատուութիւնը, ինչն էլ յանգեցնում է երկբեւեռութեան վերացմանը (գործող Սահմանադրութիւնում եւ Նախագահը եւ կառավարութիւնն են պատասխանատուութիւն կրում): Նախագծով առաջարկուած կառավարման համակարգը նախատեսում է խորհրդարանի եւ կառավարութեան միջեւ այնպիսի կառուցակարգեր, որոնք չեն յանգեցնի առճակատման, հակամարտութեան: Անբաւարար աշխատանքի դէպքում ժողովրդի դժգոհութիւնների ականջալուր խորհրդարանը կարող է անվստահութիւն յայտնել կառավարութեանը, ազատուել ցանկացած անկարող եւ ժողովրդի կողմից չընդունուող վարչապետից, հետեւաբար եւ կառավարութիւնից: Այս փաստաթղթի կարեւոր առաւելութիւններից եւ ժողովրդավարութեան խորացմանը նպաստող էական մօտեցումներից մէկն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմութեանը վերապահւում են լայն իրաւունքներ, տրւում է խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտօնը, առանցքային շատ որոշումներ խորհրդարանական մեծամասնութիւնը ի վիճակի չի լինի կայացնել, եթէ չհամագործակցի ընդդիմութեան հետ եւ այլն: Մէկ այլ կարեւոր հանգամանք. երկրում ներքին կայունութեան հաստատման, քաղաքական առճակատումներից խուսափելու լաւագոյն լուծումներից է, երբ խորհրդարանն է ընտրում Հանրապետութեան Նախագահին: Նախագահը պէտք է լինի անկուսակցական եւ իրականացնի անաչառ իրաւարարի` արբիտրի դեր կառավարութեան եւ խորհրդարանի միջեւ` հետեւելով երկրում Սահմանադրութեան պահպանմանը:
Տիկին Յակոբեան, որպէս Սփիւռքի նախարար ի՞նչ կ’ըսէք սփիւռքին վերաբերող կանոնակարգերու մասին:
Գործող Սահմանադրութեամբ սփիւռքը եւ նրա հետ պետութեան յարաբերութիւնները դարձել են սահմանադրական նորմ, որի գործնական արդիւնքն էլ ՀՀ սփիւռքի նախարարութեան գոյութիւնն է: Սահմանադրական փոփոխութիւններում լրամշակուել է սփիւռքին վերաբերող յօդուածը` ամրագրելով, որ Հայաստանը Սփիւռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացման եւ ամրապնդման, հայապահպանմանն ուղղուած քաղաքականութիւն` նպաստելով հայրենադարձութեանը: Այս յօդուածում որդեգրուել է նաեւ պետութեան մի կարեւոր պարտականութիւն` նպաստելու այլ պետութիւններում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, ինչպէս նաեւ հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը: Ժողովրդավարացման կարեւոր սկզբունքներ որդեգրելով` մենք ձգտում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, լայնացնել եւ խորացնել ժողովրդաիշխանութիւնը` աւելի ուժեղ եւ պաշտպանուած Հայաստան կառուցելու համար: