Ֆրանկոֆոն 12 երկրների պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կընդունեն

Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային սեկցիաների նախագահների նիստը: ՀՀ ազգային ժողովում են հավաքվել եվրոպական 12 երկրների պառլամենտականներ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայից, Բելգիայից, Լեհաստանից, Իտալիայից, Մոնակոյից, Ջերսիից, Բուլղարիայից և այլն, ովքեր ղեկավարում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի իրենց երկրների պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ­-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Արմենպրես»­-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի ավարտին պետք է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվի:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այսօր կընդունենք ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման բանաձև: Հույս ունեմ, որ նիստի ավարտին այդ բանաձևը կընդունվի, որով դատապարտվում է ցեղասպանությունները, Թուրքիային պահանջ է ներկայացվում առերեսվել սեփական պատմությանը: Այդ բանաձևով մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայ­թուրքական հարաբերությունների մեջ զարգացում կբերի: Բացի այդ` Հայոց ցեղասպանության ֆոնին մենք դատապարտում ենք մյուս ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն»,­ընդգծեց պատգամավորը:

2015-­ին Հայաստանում նիստի անցկացման առաջարկն արել է Մարգարիտ Եսայանը անցալ տարի Լեհաստանում, երբ որոշվում էր հաջորդ նիստի անցկացման վայրը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային կազմակերպությունը, պատգամավորի խոսքով, հիմնականում զբաղվում է լեզվական, մշակութային խնդիրներով, ինչպես նաև ֆրանսերենի զարգացման և տարածման հարցերով: Այն համամարդկային ու հայկական հարցերի բարձրացման լավ հարթակ է, քանի որ դրանում ներգրավված չեն Թուրքիան ու Ադրբեջանը:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի չափորոշիչներ, բոլոր երկրները չէ, որ կարող են դառնալ այս կազմակերպության անդամ, բայց Հայաստանը նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդրանական վեհաժողովի լիարժեք անդամ է: Այն չափորոշիչները, որ դնում են երկրների առջև, Հայաստանը լիուլի բավարարում է, քանի որ մենք ունենք ֆրանսիական համալսարան, քոլեջ, մանկապարտեզ, համալսարանների ֆակուլտետներում ֆրանսերեն է դասավանդվում և այլն»,­նշեց Մարգարիտ Եսայանը: Նիստին մասնակից պատվիրակները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Scroll Up