ԱՄՆ Կոնգրեսն Օբամայի վարչակազմից զեկույց է պահանջել սիրիահայերին տրվող ֆինանսական օգնության վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը պահանջել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից Կոնգրեսին ներկայացնել ԱՄՆ կառավարության ձեռնարկած քայլերը սիրիահայերի եւ Սիրիայի ազգային, կրոնական այլ փոքրամասնություններին ուղղված աջակցության վերաբերյալ:
Սմիթը պահանջել է ներկայացնել զեկույց, որը ցույց կտա, թե ինչպիսի արդյունավետությամբ են իրականացվում ԱՄՆ օգնության ծրագրերը Սիրիայի հայերի, քրիստոնյա այլ փոքրամասնությունների, ինչպես նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների անդամները ևս միացել են կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթին` բարձրաձայնելու Կոնգրեսի աճող մտահոգությունը Սիրիայի հայերի, քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների բարօրություն վերաբերյալ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթին և մյուս կոնգրեսականներին` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսումներում սիրիահայ գաղթականների բարեկեցությանը վերաբերող խնդիրները բարձրացնելու համար: «Մենք երախտապարտ ենք նախագահ Քրիստոֆեր Սմիթին Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսումներ անցկացնելու համար, ինչպես նաև ցանկանում ենք մեր առանձնահատուկ երախտիքը հայտնել բոլոր կոնգրեսականներին այս կարևոր հարթակում Սիրիայի փոքրամասնություններին, քրիստոնյաներին և սիրիահայ գաղթականներին հուզող հարցերի բարձրացման համար»,- նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:
Հունիսի 25-ին կայացած լսումները բացել է նախագահ Քրիստոֆեր Սմիթը` հայտարարելով, որ Սիրայի բնակչության ամեն տասը մարդուց մեկը քրիատոնյա է, իսկ Սիրիան լքողների յուրաքանչյուր հինգից մեկն է քրիստոնյա:
Կոնգրեսական Ռենդի Վեբերը (հանրապետական` ընտրված Տեխասից) իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի քրիստոնյաների դրության վերաբերյալ` այն որակելով ցեղասպանության ակտ: ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան, պատասխանելով հանձնաժողովի նախագահ Սմիթի այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացը ցեղասպանություն է, նշել է, որ դա «հանցագործություն է մարդկության դեմ»: Սմիթն իր մտահոգությունն է հայտնել, որ նախկինում ԱՄՆ-ը երկար է հապաղել նման կոտորածները ցեղասպանություն կոչելու հարցում:
«Christian Solidarity International» կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Այբները հայտարարել է, որ Ասադի կառավարությունը տապալել ցանկացող ուժերը պատասխանատու են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունն ապահովող վստահելի այլընտրանք ստեղծելու գործում: Քննարկվել են նաև առանց ռազմական միջամտության Սիրիայի խնդիրը լուծելու հնարավոր տարբերակները: