Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը «Արարատ» հայկական միության հյուրն էր (լուսանկարներ)
Իսպանիայում Հայաստանի դեսպանության հերթական խորհրդաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին, տեղի ունեցավ Միսլատայում (Վալենսիա)՝ Արարատ Հայկական Միության կենտրոնում: Նախքան խորհրդաժողովը, հյուրերն ու ներկաներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշարձանը, ծաղկեփունջ զետեղեցին և խնկարկեցին ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Արարատ» միությունից, արարողությանը ներկա էին նաև Միսլատայի և Բուրխասոտի քաղաքապետարանների խորհրդականներ՝ քաղաքապետ Կառլոս Ֆերնանդես Բիելսայի գլխավորությամբ:
Խորհրդաժողովը տեղի ունեցավ Արարատ Հայկական Միության կենտրոնում, որտեղ հյուրերին ընդունեցին աղուհացով:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին և ՀՀ նորանշանակ դեսպան Ավետ Ադոնցին իրականացվող բոլոր նախապատրաստական աշխատանքների համար: Արարատ Ղուկասյանը ողջ իսպանահայության անունից շնորհակալություն հայտնես Միսլատային, Սանտա Կոլոմային, Բուրխասոտին և վերջերս նրանց շարքը լրացրած Բետերա քաղաքներին՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Այնուհետև խոսք առան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր հայերեն, իսպաներեն և ռուսերեն ասմունքեցին Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաստեղծություններ: Հիշատակության արժանի է հատկապես ասմունքող Արևիկ Սողոմոնյանի «Գարուն ա, ձուն ա արել…» բանաստեղծության հրաշալի կատարումն ու 6-ամյա Խաչիկի ոգեշնչող արտասանությունը:
Հետո խոսք առավ քաղաքապետը, ով բարի գալուստ մաղթեց դեսպանին՝ հպարտորեն նշելով, որ Միսլատան Իսպանիայի առաջին քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք մշտապես կլինենք հայ ժողովրդի կողքին»,- եզրափակեց իր խոսքը Կառլոս Ֆերնանդես Բիելսան:
Քաղաքապետին հետևեց Ձախ Միության խոսնակ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Սալվադոր Գարսիան՝ հորդորելով Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին ճանաչել ցեղասպանությունը:
Իր խոսքում դեսպան Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Միսլատայի քաղաքապետարանին՝ արդարության կողքին կանգնելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Փոքր գործերից են ծնվում մեծ գործերը,- իր խոսքում նշեց դեսպանը,- և հուսանք, որ ձեր մեծ գործը կհասնի նաև ավելի մեծ կառավարական շրջանակներ»,- եզրափակեց իր խոսքը դիվանագետը՝ նվիրելով քաղաքապետին Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իսպաներեն գրականություն: Այնուհետև խորհրդաժողովը տեղի ունեցավ հայկական միությունների պատվիրակների շրջանակներում, որի ընթացքում ներկայացվեց Իսպանիայի տարբեր քաղաքներում՝ Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Մալագայում և այլուր, ապրիլի 24-ին և դրանից առաջ ու հետո կայանալիք միջոցառումների ցանկը: Հանդիպմանը ներկա էին վերոհիշյալ քաղաքների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Իսպանիայի և Պորտուգալիայի թեմի առաջնորդ տեր տեր Սասուն Զմրուխտյանը: