ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն 2013» ծրագրի երկրորդ փուլի բացումը

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թթ. ծրագրի երկրորդ փուլի բացումը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին ջերմ ընդունելության համար, կարևորեց նրանց դերը «Արի տուն»  ծրագրի կայացման գործում:

Ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, Հայաստան ժամանած խմբերի ղեկավարներ:

Իր ելույթում Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 11 երեխայի մայր  Գոհար Ավետիսյանը նշեց, որ հյուընկալել է մեկ երեխայի և պատրաստվում է հաջորդ փուլերին նույնպես երեխա հյուրընկալել:

Ելույթ ունեցան նաև ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով ու ասմունքով:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հայտ էր  ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Նրանց համար ևս այս փուլում  Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

IMG_7497

IMG_7519-1

IMG_7558-1

Scroll Up