Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է. Independent

Երբ աշխարհի պետությունների առաջնորդները, ներառյալ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետներն ապրիլին թուրքական կառավարության հրավերով հավաքվեն Գալիպոլիում հիշատակելու Առաջին աշխարհամարտի ճակատամարտը, մեկ ու կես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, բրիտանական The Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը հատուկ հոդված է հրապարակել «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է» խորագրով, որում անդրադարձել է Էրդողանի` ապրիլի 24­ը որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու որոշմանը:

Հոդվածագրի խոսքերով` Թուրքիայի նման քայլը նպատակ է հետապնդում զսպել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հիշողությունը: Ֆիսկն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանը Գալիպոլի հարյուրամյակին հրավիրել է անգամ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ով, ի դեպ, ավելի վաղ հենց Թուրքիայի նախագահին էր հրավիրել Հայաստան` նույն օրը մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին: Ֆիսկը պաշտոնական Անկարայի նման քայլն անվանել է «դիվանագիտական չարիք»: «Թուրքերը քաջատեղյակ են, որ դաշնակիցները ոտք են դրել Գալիպոլի ապրիլի 25­ին և որ Ավստրալիան և Նոր Զելանդիան Անզաքի օրը նույնպես ոգեկոչում են 25­ին: Երկու տարի առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը աշխարհամարտի ճակատամարտի տարելիցը նշել է 2013 թվականի մարտի 18­ին` այն օրը, երբ բրիտանական նավատորմի կողմից Դարդանելի թերակղզու ռմբակոծությունը սկսվեց Բրիտանական ծովակալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի կողմից:

Թուրքերը, բնականաբար, վախենում են, որ 1915 թվականը կհիշատակվի որպես մարդկության դեմ իրենց պետության իրագործած սարսափելի հանցագործության տարեթիվ, երբ հայերի կոտորածների ժամանակ տասնյակ հազարավոր տղամարդիկ սպանվեցին հրացաններով և դանակներով, նրանց կանայք բռնաբարվեցին, ապա Միջագետքում իրենց երեխաների հետ սովի մատնվեցին մահվան քայլերթում: Պատմության հեգնանքն է այն, որ այս նույն սպանության վայրերը «ժառանգվել են» ցեղասպան իսլամիստական ԻԼԻՊ կազմակերպությանը, որն անգամ ոչնչացրեց Սիրիայի Դեյր Զոր քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հայկական եկեղեցին»,­ գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Նա նշում է, որ հայերը Ցեղասպանության հիշատակի օր են ընտրել ապրիլի 24­ը, քանի որ հենց այդ ժամանակ էր, որ թուրք
ոստիկանությունն առաջին անգամ Կոստանդնուպոսլում հավաքեց հայ ակադեմիկոսներին, իրավաբաններին, բժիշկներին, ուսուցիչներին և լրագրողներին: «Ինչպես Գերմանիայի աջակողմյան և ժխտողական պատմաբաններն են հերքում հրեաների Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան մշտապես հրաժարվել է ընդունել Օսմանյան թուրքական կայսրության պատասխանատվությունը 1914­-1918 թթ. պատերազմի տարիներին մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործության մեջ»,­ նշում է հոդվածագիրը: Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային գիտնականների, այդ թվում և շատ հրեա պատմաբանների, ինչպես նաև շատ եվրոպական պետությունների կողմից:

Ռոբերտ Ֆիսկը ուշագրավ է համարում այն, որ եթե նախկինում Թուրքիայում ամեն կերպ փորձում էին հերքել Գալիպոլիի ճակատամարտում նաև հայ զինվորների կռվելու փաստը, ապա այժմ թուրք պաշտոնյաներն անում են հակառակը: Հոդվածագիրն անդրադարձել է Գալիպոլիի ճակատամարտի մասնակից, Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանին` հիշեցնելով, որ ժամանակին թուրքական հրամանատարությունը, ի հեճուկս բոլոր ապացույցների, այդ թվում օսմանյան ռազմական համազգեստով Թորոսյանի լուսանկարի, պաշտոնապես հերքում էր, որ հայ զինվորը գոյություն է ունեցել: Իսկ հիմա ճակատամարտում հայերի մասնակցությամբ պայմանավորված էլ հենց Թուրքիան պաշտոնապես հրավեր էր ուղարկել Սերժ Սարգսյանին` սկսելով խաղացնել Գալիպոլիում կռված հայերի խաղաթուղթը:

Ռոբերտ Ֆիսկն իր նախկին հոդվածներում անդրադարձել է այն հարցին, որ հայերի ցեղասպանությունը կարող է Հոլոքոստ անվանել: Հենց դրանով է պայմանավորված, որ նա իր հոդվածի վերտառության մեջ հենց Հոլոքոստ եզրն էլ օգտագործում է:
Ի դեպ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Էրդողանի հրավերին ուղղված իր պատասխանում նրան հիշեցրել է. «Խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական
արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա… Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Scroll Up