Հայկական կողմը նախաձեռնող, թուրքականը` հակազդող

Դարդանելի 100-ամյակի նշման վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարությունը բոլորովին հանկարծակի չէ: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարներն այս հոբելյանի մասին տարբեր առիթներով ակնարկություններ էին անում եւ նշման որոշ նախաբան փոխանցում:

Հիմա այլեւս պարզ է, որ Դարդանելը իբրեւ հակակշիռ գործողություն պետական հատուկ տարողունակությամբ կիրառվելու է Ցեղասպանության 100-ամյակի դեմ: Անշուշտ, Դարդանելը առաջին հերթին հետապնդում է 100-ամյակի երեւանյան նշումները ստվերի տակ թողելու նպատակ եւ միեւնույն օրվա ընտրությունը շատ թափանցիկ մատնում է ձեռնարկված քայլի բուն շարժառիթը:

Ուրեմն, ապրիլի 24-ի օրը աշխարհի պետությունների ներկայացուցչիները հրավիրվում են Թուրքիա`  հիշատակելու համար Դարդանելի հաղթանակը եւ այդ հաղթանակի համար ընկած զոհերին:

Ճիշտ այստեղ է, որ Էրդողանի քարոզչաքաղաքական այս գործողությունը հայկական առումով կապվում է առաջինին` «ընդհանուր ցավին» կամ հայ եւ թուրք զոհերի ընտանիքներին ուղղված նշանավոր «ցավակցագրին»: Դարդանելի պատերազմում թուրքական բանակների մեջ թուրքերի կողքին եղել են նաեւ թուրքահպատակ այլազգիներ, որոնց շարքում նաեւ ազգությամբ հայեր: Զոհերի հիշատակումը եւս այստեղ ընդհանուր է թե՜ թուրք եւ թե՜  հայ, որոնք կռվել են «ընդհանուր հայրենիքի»` Թուրքիայի համար: Հայն ու թուրքը միեւնույն քաղաքացիական հասարակության, միեւնույն բանակի եւ միեւնույն հայրենիքի պատկանելիության էրդողանական այս քարոզչությունը, թվում է, թե պահում է որոշ հետեւողականություն, սկսելով ցավակցագրից անցնելու համար Դարդանել. եւ այս բոլորի մեջ` ընդհանուր ցավը կիսելու մնայուն մոտեցման ընդգծում:

Այս հիմնավորումով էլ Դարդանելի հարյուրամյակին հրավիրվել է նաեւ ՀՀ նախագահը: Այստեղ արդեն պարզ  է դառնում, որ հրավերին հրավերով պատասխանելու քայլն է, որը կատարում է Ծիծառնակաբերդ հրավիրված Թուրքիայի նախագահը:

Դարդանելով չի փակվում անշուշտ ցեղասպանության հարյուրամյակի տարողությունը սահմանափակել ցանկացող Անկարայի ծրագիրը: Թուրքիայի տարբեր շրջաններում թուրքական տարբերակներով ցեղասպանության նշումներ պիտի լինեն , ցուցադրելու համար Անկարայի հանդուրժողականությունը աշխարհին: Կհետեւի «մշակութային դիվանագիտություն» բանաձեւով հրապարակ իջած տարբեր նախաձեռնությունների կազմակերպման ծրագրի գործադրությունը:

Չի բացառվում, որ միեւնույն պետությունը հավասար հեռավորություն կամ հավասար մոտիկություն ճշտելու ընկալյալ քաղաքականությամբ ապրիլ 24-ի օրը պատվիրակներ ուղարկի թե՜ Անկարա եւ թե՜ Երեւան:  Սա, որքան էլ անհանգստացնի հայկական կողմին, համենայնդեպս չի փարատի Անկարայի մտահոգությունը՝ ապրիլի 24-ի օրը Երեւանը դատարկելու: Եթե Անկարան նոր է ձեռնարկում պետությունների հրավերներ հղելու իր որոշումը, Երեւանն արդեն հրավերներին ընդառաջելու հաստատումներ ստացել է տարբեր պետությունների ներկայացուցիչներից:

Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:

Այստեղ արդեն շրջվել է կանոնը: Այս անգամ հայկական կողմն է նախաձեռնողականությամբ հանդես գալիս, իսկ Անկարան՝ հակազդողի։ Դարդանելն ընդդեմ ցեղասպանության եւ Սարգսյանի հրավերն ընդդեմ Էրդողանի հրավերի:

Հայկական կողմը այս մրցադաշտում ունի հիմնական առավելություն: Անկարան կարող է որոշակի շուքով եւ տարողունակությամբ  նշել Դարդանելի 100-ամյակը ապրիլի 24-ին: Բայց Դարդանելը չի կարող ապահովել Ցեղասպանության 100-ամյակի նշման  աշխարհագրությունը: Դժվար թե, Թուրքիայից դուրս, աշխարհի ամենամեծ քաղաքներում նշվի Դարդանելի 100-ամյակը: Տակավին. Սփյուռքի կազմակերպ համայնքները իբրեւ կամուրջ տվյալ պետության եւ Երեւանի միջեւ այս պարտադրված մրցմանը աշխուժորեն պիտի մասնակցեն ապահովելու համար համաշխարհային ներկայացուցչություն Երեւանի մեջ, Ցեղասպանության 100-ամյակին:

Այս առումով ՀՀ-Սփյուռք համակարգավորված աշխատանքները  որոշ ճանապարհ արդեն կտրել են: Շուտով կգումարվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստը: Նման  ձեւաչափով գումարվող ժողովները ոչ միայն պիտի զբաղվեն տեղի ունենալիք միջոցառումների համակարգմամբ, այլ ռազմավարական եւ հեռանկարային խնդիրների քննարկմամբ եւ կատարվելիք աշխատանքների ճշտմամբ: Դրանց շարքում նաեւ, թուրքական այս հակազդեցությունները չեզոքացնելու խնդիրներով: Հասունացել է համահայկական խորհուրդը կյանքի կոչելու առաջադրանքի իրականացման պահը:

Շահան գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Scroll Up