Ամփոփիչ դաս. «Ամանորյա խոհանոցի խորհուրդը»

Ամանորի հայկական համը

Այս ձմեռվա պաղ համբույրով,
Այս եղևնու անուշ բույրով,
Հազար ու մի հրապույրով
Եկավ Նոր տարին․․
(Համո Սահյան)
Համայն աշխարհի մարդկությունը ճանապարհեց հին Նոր տարին և խինդ ու սիրով, անթիվ հույսերով դիմավորեց տոնն ու տարին՝ Ամանորը։ Նոր տարվա տոնն աշխարհի բոլոր ժողովուրդների համար մեծ ուրախություն է և նշվեց մեծ շուքով ու խանդավառությամբ։
Ինչքա՜ն-ինչքա՜ն երազանքեր ենք կապում Նոր տարվա գալստյան հետ, մտովի անդրադառնում նախորդ տարում մեր ունեցած հաջողություններին, ուրախ պահերին, նաև՝ բացթողումներին և պատրաստվում նոր անելիքների ու ձեռքբերումների։ Կայացնում ենք որոշումներ՝ շտկելու այդ բացթողումները, դառնալու ավելի աշխատասեր ու նպատակասլաց, որպեսզի նոր տարում հասնենք ավելի մեծ հաջողությունների։
Գաղտնիք չէ՝ Նոր տարին ընտանեկան տոն է, որի կարևորագույն բաղադրիչնեերից է տոնական սեղանը։ Ամանորյա սեղանի իսկական զարդն են հայկական խոհանոցի ճաշատեսակներն ու ուտեստները։ Դրանում ևս մեկ անգամ համոզվեցինք հետաքրքիր ու «համեղ» դասի ժամանակ, որը կայացավ տարեմուտին, Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում։ Թերևս առիթ ենք ունեցել «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանը արժանացնել նյութեր, որտեղ ներկայացվել են գեղեցիկ ավանդույթ դարձած խոհանոցի դասերը, որոնք վարում են կիրակնօրյա կրթօջախի ծնողները։ Այդ մտահղացումը նպատակ է հետապնդում սփյուռքի հայ երեխաներին, երիտասարդներին հաղորդակից դարձնել ազգային խոհարարական մշակույթին, հայկական խոհանոցի բազմազանությանը, նրա հին ու բարի ավանդույթներին, հայ օջախների հնամենի ու գեղեցիկ սովորույթներին՝ դրանով իսկ օտար հողի վրա ապրող նոր սերնդին կապել իր ակունքներին և նպաստել ազգապահպանման գործին, քանզի, խոհանոցային մշակույթը, լինելով ազգային մշակույթի ճյուղերից մեկը, անգնահատելի դեր ունի հայապահպանման վսեմ գործում։
Այսպես, կիսամյակի ընթացքում շնորհալի ու պարտաճանաչ մայրիկեր Անի Միքայելյանն ու Հերմինե Մելքոնյանը, Զառա Ջինանյանն ու Հայկուշ Հովսեփյանը սիրով ու վարպետությամբ վարեցին հայկական խոհանոցի դասերը, ուսուցանեցին աշակերտներին ազգային խոհարարական արվեստի գլուխգործոցների, տոնական և ավանդական ուտեստների, կերակրատեսակների ու խորտիկների, պահածոների ու աղցանների, անուշեղենների պատրաստման եղանակները, նրբությունները, մատուցման կարգուկանոնը։ Նրանց հմտության շնորհիվ դասերի ընթացքում «հայերեն բուրեցին» ավանդական տոլմայի տարատեսակները, տապական, գառան մսով խաշլաման, կոլոլակը, ձուկը՝ խմորի մեջ, ղափաման և այլ անուշահամ ուտեստներ՝ հրապուրելով ճաշակողներին։
Կիսամյակի ամփոփիչ դասը կայացավ տարեմուտի նախաշեմին. այն ձոն էր Ամանորին, որն ընծայեցին համայնքի տիկնանց միության նախագահ,, «Օջախ» էթնիկ խմբի ղեկավար Սոնիկ Հաննեյանը և հրաշալի մայրիկներ Մարիաննա Չոլակյանն ու Արևիկ Ավետիսյանը։ Տպավորիչ էին «համեղ դասի» ուսուցիչների տոնական գունազարդ տարազները։ Ամանորյա դասը վերածվեց տոնածիսական հիանալի միջոցառման, որին առանձնահատուկ խորհրդավորություն էր հաղորդում սեղանին դրված խնկաբույր աղոթագիրքը։

Տիկին Սոնիկը, ես կասեի՝ ազգային ավանդույթների ոսկեբուռ սերմնացան է։ Լինելով ժողովրդական տոների ու ազգագրական ծեսերի քաջ գիտակ՝ նա հանգամանորեն մեկնաբանեց, թե ինչպես են հայերը հնում տոնել Նոր տարին, և ինչ փոփոխություններ է կրել տոնակատարությունը դարերի ընթացքում։ Ուսուցանելով ամանոր բառի իմաստը՝ հիշեցրեց, որ Հայերը Նոր տարուն տվել են յոթ անվանումներ՝ Ամանոր, Նավասարդ, Տարեմուտ, Նոր տարի, Կաղանդ, Լոլե։ Քրիստոսի ծննդից մոտ 4000 տարի առաջ, հայերը, Նոր տարին կապելով բնության զարթոնքի հետ, տոնել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում Նոր տարին սկսել են նշել օգոստոսի 11-ին՝ Նավասարդ ամսվա Արեգ օրը։ Ըստ պատմահայր Խորենացու «Պատմություն հայոց» գրքի՝ մեր նախահայր Հայկը այդ օրն է հաղթել Բելին։ Եվ միայն 19-րդ դարից են սկսել նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։
Անկախ նրանից, թե Նոր տարին որ օրն է նշվել, բոլոր ժամանակներում մարդկանց ակնկալիքները նրանից նույնն են եղել, և հիմա էլ , կարծես չեն փոխվել։ Թեպետ Նոր տարին դիմավորելու սովորությունները շատ տարբեր են, ըստ էության, այն բոլոր ժողովուրդների ամենացանկալի տոնն է։ Իսկ հայկական ընտանիքներում ավանդաբար պահպանվել է տարին միասին սկսելու խորհուրդը՝ խորհրդավոր կեսգիշերին Նոր տարվա մուտքն ազդարարող զանգերի ղողանջների ներքո բացվում են դռները դեպի հրաշքների և հեքիաթի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչի շուրջ երկա՜ ր թևածել են իր երազները․․․

Նոր տարվա հետ կապված շատ գեղեցիկ սովորույթներ կան, որոնք բնորոշ են բազմաթիվ ժողովուրդների՝ շնորհավորական այցելությունները, միմյանց բարեմաղթանքներ հղելը, նվերներ ընծայելը, սակայն տարբերվում են իրենց կատարման, դրսևորման և ընկալման ձևերով։
Հնչեց «Սուրբ-Սուրբ»-ը՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ, վասնզի Նոր տարվա մեծագույն նվերը քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկն է՝ Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության պայծառ տոնը։ Հաստատված ավանդույթի համաձայն, հունվարի մեկից մինչև վեցը օջախներում կրակը անմար է մնում, ինչը այդ երկու տոներին հաղորդում է անընդհատություն։ Ամեն տարի հայ առաքելական եկեղեցում հունվարի հինգին սկսվում են տոնին նախորդող ճրագալույցի ծիսական արարողությունները, եկեղեցում տեղի են ունենում «Ճաշու» և «Երեկոյան» ժամերգությունները։Պատարագի ընթացքում լուսափայլ հրեշտակներն իրենց զանգակների քաղցր հնչյուններով մեզ ավետում են Քրիստոսի ծննդյան հրաշքը. «Աստղը ծագեց,Քրիստոս ծնվեց և հայտնվեց»։ Պատասխանը լինում է. «Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի», որովհետև մեր Տիրոջ և Փրկչի Ծնունդն է , որ տալիս է նոր հույս, զորավոր հավատ և սեր, որ սկիզբն է բոլոր բարիքների։ Ըստ Գրիգոր Նարեկացու՝
Աստված երկնքից երկիր խոնարհվեց,
Որպեսզի մարդկանց երկիր բարձրացնի․․․

Այս ծեսը մատուցվեց, որպեսզի երեխաները ճիշտ ընկալեն, տեղյակ լինեն տոնածիսական խոհանոցին և եկեղեցուց մոմերով տուն գնան ու վառվող մոմերի ցոլանքը դեմքերին՝ բոլորեն սեղանի շուրջ։
Հունվարի վեցին Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող «Ջրօրհնեք»-ի արարողությունը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Խաչը ջուր գցել» անունով։ Օրհնված ջրից սափորներով տուն են տանում՝ տարբեր կարիքների համար, կաթեցնում ամբարների ու կարասների մեջ՝ դրանց առատությունն ապահովելու հույսով։
Այսպես, աշակերտներն ու «Օջախ»-ի անդամները համակ ուշադրությամբ, հիացմունքով շարունակում էին լսել տիկին Սոնիկի կողմից ներկայացվող տեղեկությունները, մեկնությունները նաև ամանորյա տոնածառի,Կաղանդ պապի(այժմ՝ Ձմեռ պապ) վերաբերյալ, այն մասին, որ տոնածառի գլխի աստղը խոորհրդանշում է Բեթլեհեմյան աստղը, որը հրաշք գիշերին իր շքեղ փայլով առաջնորդել է հովիվներին ու իմաստուն մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան քարայրը։ Այն նախատիպն է սուրբ եկեղեցու։
Ցուցադրելով իր պատրաստած՝ հայկական կոլորիտ ստեղծող և տոնական տրամադրություն ապահովող զարդարանքներն ու ազգային մշակույթի բազմազան նմուշները, նա մեկնաբանեց դրանց նշանակությունն ու խորհուրդը։ տեղեկացրեց, որ հնուց ի վեր հայերը տոնածառի փոխարեն զարդարել են ձիթապտղի ծառը։ Ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ, մրգեր՝ խնձոր, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկեր՝ ի նշան առատության, լոբու պատիճներ, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ, որոնց վրա կախվում են չարխափաններ, ինչպես նաև՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։ Նոր Տարվա ծառը զարդարվում է նաև փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։ Զարդարելով տոնածառը՝ ցանկանում ենք վերագտնել Կենաց ծառը, որը կյանքի հավիտենականության խորհրդանիշն է, ծառից կախված փշատի ոսկեգույն հատիկները՝ Հայաստանի, արևահամ, կարմրահատ նուռը՝ կյանքի ու առատության։

Քանի որ Նոր տարվա ուրախ ու բարի տոնի գլխավոր բաղադրիչը ուտեստներ պատրաստելն է, ազգային մշակույթի ջատագով Ստիկին Հաննեյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ պիտի դնել ամանորյա հայկական սեղանին, քանզի հայկական խոհանոցը բոլոր ժամանակներում սերտ կապ է ունեցել տոնածիսական արարողությունների հետ։ Հայ մարդու ստեղծագործ միտքը դարեր շարունակ հրաշալի կերակրատեսակներ է հորինել, որոնցում համադրվել են օգտակարն ու համեղը, ավանդույթն ու ծեսը: Որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը` Նոր տարի, Նավասարդ, տոնական սեղանի պարծանքն են եղել Ն սկզբնատառով ուտելիքները՝ նաշիհ ալյուրից թխված հացը, նուռը, նուշը․․․ Ամենասիրված համեմունքը եղել է նգածաղիկը, որը բուսնում էր Մասիսի կուսական լանջերին։ Նա նշեց նաև, որ ամանորյա ավանդական սեղանը, բնականաբար, ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրել, հագեցել նոր տարրերով։ Մենք ձգտում ենք ներդաշնակել դրանք, քանզի այդ գեղեցիկ ներդաշնակության մեջ է նրա իմաստն ու հմայքը։
Հայկական ամանորյա ավանդական սեղանի ամենաճոխ ուտեստն էին համարվում քյուֆթան և պասուց տոլման։ Հունվարի մեկը, ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, պաս օր էր և գերապատվությունը տրվում էր հատիկեղենին, մրգերին։ Կերակրատեսակներ էին պատրաստում աշնանը պաշարած ընդեղեններից, չրերից։ Տակավին պատահական չէր հատիկեղենի կիրառումը: Հատիկը բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը:Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարեհացը, որը ևս խորհրդանշական հիմք ունի: Տարբեր վայրերում այդ հացի բաղադրամասերը և ձևը տարբեր են եղել՝ կլոր կամ ձվաձև գաթա, բաղարջ,։Տարեհացի մեջ դնում էին «դովլաթը»` գուշակության դրամը և զարդարում ընկույզով, չամիչով, տարբեր զարդանախշերով։ Թխվել են նաև զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, արձանիկ-կարկանդակներ, որոնք բոլորն էլ ոչ միայն գեղեցիկ են ու համեղ, այլ՝ բախտագուշակ նշանակություն և հատուկ խորհուրդ ունեն։ Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` Ասիլիկ-Վասիլիկները։ Իգական սեռի տիկնիկներին գլխի հարդարանք էին սարքում և երկար շոր՝ կրկին խմորից: Արական սեռի տիկնիները պիտի պարտադիր գոտի և արական խորհրդանիշ ունենային: Երբեմն պատրաստում էին նորածնի տեսքով Վասիլիկներ:Պահքից դուրս են գալիս հունվարի հինգի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան սքանչելի ավետիսը:

(Սիրով տեղեկացնում եմ, որ դեկտեմբերյան նախատոնական օրերին ամենամյա համաքաղաքային դիվանագիտական՝ Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառում, որին մասնակցում են Օդեսայում գործող հյուպատոսությունների ու ազգային մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, Սոնիկ Հաննեյանի ղեկավարությամբ՝ կանանց միությունը, ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ՝ ներկայացրեց հայկական ավանդական տոնածիսական ուտեստների ընտրանի: Ցուցադրությունը վերածվել էր մի գեղեցիկ փառատոնի, որտեղ ներգրավված էր և՛ տարազը, և՛ հյուրընկալության մշակույթը, և՛ մշակութային մասը՝ ուղեկցված երգ ու պարով: Հունարով հայուհիները իրենք էին ամեն ինչ վարպետորեն պատրաստել և ձևավորել)։
Շարունակենք դասը․․․Հնչեց տոնական երաժշտություն և ամանորյա ուրախ տրմադրությունն ավելի թևավորվեց, երբ ծնող-ուսուցիչները սկսեցին հյուրասիրել ներկաներին տոնական ուտեստներով, ընգգծելով, որ ամանորյա սեղանին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ և աղոթքով։ Սեղանին դրված ուտեստները, քաղցրավենիքները յուրահատուկ էին և՛ իրենց տեսքով, և՛ համով ու բույրով։ Կերակրատեսակների՝ խաղողի տերևով և պասուց տոլմաների, հրաշահամ քյուֆթայի, ավելուկով և հավի մսով աղցանների խենթացնող անուշ բույրը սփռվել էր դասասենյակում։ Նրանք համեմված էին թարմ և չորացրած կանաչիներով։ Ախորժաբեր բուրմունք էր արձակել տապակած կանաչ լոբին։ Կարմիր լոբով պաշտետը ձևավորված էր Արևամանուկի տեսքով։ Մայրիկները լցնում էին ափսեները և ասում. « Անուշ արե՛ք»։ Ուտելիքը հրամցվեց մեր նրբաթերթ ու բուրավետ լավաշով, որը հայ օջախներում իբրև սրբազան նշխար է ընկալվում։

Տոնական սեղանին առանձնահատուկ փայլ էին հաղորդել սկուտեղի մեջ շարված թխվածքները։ Նոր տարվա ցանկալի թխվածքներից է փախլավան, որի պատրաստման եղանակը բարդ է և պահանջում է հմտություն։ Մարիաննան ու Արևիկը արևելյան այս քաղցրավենիքին հայկական համուհոտ էին տվել՝ համեմելով Հայաստանից բերված մեղրով, ընկույզով և համեմունքներով։
Երեխաները գրատախտակին գրում էին բաղադրաչափերը, նշումներ կատարում, գրի առնում մայրիկների բացատրությունները։
Դասն ընթացավ ուրախ կատակների, տոնական երաժշտության և ասմունքի ուղեկցությամբ։
Գեղեցիկ ու ճաշակով էր ամեն ինչ։ Շնորհալի հայուհիների՝ նրբաճաշակ ձևավորած սեղանը իսկական ամանորյա կատարելություն էր. այս ճոխ ու գեղեցիկ սեղանի մեջ ազգային մնայուն արժեքների ստեզծման խորհուրդ կա՝ ազգային խոհանոցային արժեհամակարգի հանդեպ, գալիքի հանդեպ լավատեսության, բարեկեցության, բերրիության խորհուրդ։
Իրոք, այն ազնիվ ու վեհ նպատակի է ծառայում ՝ երեխաների մեջ դաստիարակել սեր, ձգտում՝ ոչ միայն սովորելու, այլև զարգացնելու և սերունդներին փոխանցելու ցանկություն, մեծ հավատ՝ այսօրվա և վաղվա՝ գալիքի հանդեպ։։
Դասի ավարտին կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը գոհունակության և դրվատանքի խոսքերով դիմեց Սոնիկ Հաննեյանին, ծնողներին ու իր սիրելի աշակերտներին և ամանորյա բարեմաղթանքներով շնորհավորեց բոլորի Ամանորն և Սուրբ ծնունդը։ Հնչեց «Նոր տարվա գիշեր» գողտրիկ բանաստեղծությունը.

Թե աշխարհում պանդուխտներ կան, թո՛ղ տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր․․
Արարչագործ ի՛մ ժողովուրդ, թո՛ղ որ խմենք մինչև լույս,
Թափվող ձյունի նման ճերմակ՝ խղճիդ կենա՛ցն, այս գիշեր։

Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

02 03 04 05

Scroll Up