«Մենք քաջալերվեցինք այն հավատով, որ մեր գալիքը ապահով ձեռքերում է»․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայի Սբ․Պայծառակերպություն եկեղեցական համալիրի հանդիսությունների դահլիճը թնդում էր։ Կողքից լսողին կթվար, թե Արարատի և Արագածի աժդահաները կոխ էին բռնել, իսկ Արաքսի հովտի և Արարատյան դաշտավայրի իգիթներն ու նորահարսերը շուրջպար բռնած քաջալերում էին դյուցազուններին։

Դյուցազուններն, իգիթներն ու նորահարսերը դահլիճում և բեմում էին,բայց ոչ բոլորն էին «իրենց սնունդը ստացել Արարատի ու Արագածի փեշերին»։ Նրանց շարքերում քիչ թիվ չէին կազմում օտար աշխարհում ծնված, բայց հայի ոգով տոգորված և ազգի ջիղն իրենց մեջ կրող հայորդիները։ Նրանց բոլորին միավորում էրՀԱԵՌուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տունը», իսկ բեմում կրթօջախի՝ ժողգործիքների «Ակունք», պարային «Հայասա» ու «Վարդավառ», դհոլահարների «Կոչնակ», դուդուկահարների «Ծիրանի», ազգագրական երգի համույթները և «Ովսաննա», «Նորահրաշ» երգչախմբերն էին։

Մոսկվաբնակ հայ հանդիսատեսը րոպե առաջ փորձել էր ներկա լինել նախադեպը չունեցող համերգին։ Այն յուրօրինակ էր ոչ միայն իր մատուցմամբ, տեխնիկական հագեցվածությամբ, այլև նրանով, որ բոլոր համույթների և երգչախմբերի ակունքը մեկն էր՝ եկեղեցապատկան «փոքիկ Հայաստանը»։ Իսկ ներկաները եկել էին համոզվելու, որ աշխարհում հող չկա, որը չթնդա հայ դյուցազունի «թռիչք-վայրէջքից», չկարկամի հայուհու նազանքով պարից, և օդ չկա, որ չդողա և չսառչի հայի ստեղծած երաժշտությունից։

Շուրջ երեք ժամ տևած համերգային ծրագրին հանդիսատեսը հետևեց համակ ուշադրությամբ, փորձելով վայելել ամեն մի վայրկյանը, որպեսզի համերգի ընթացքում և հետո կողքինի հետ կիսի իր կարծիքը և թաքուն շշնջա․ «Ոնց էի կարոտել մեր երգն ու պարը․․․ Տեսնես հաջորդ համերգը երբ կլինի․․․Հետաքրքիր է՝ թոռանս կընդունեն «Հայորդյաց տուն»»։ Իսկ «Հայորդյաց տան» մասին պատկերացում կազմեցին ոչ միայն բեմում հանդես եկող սաների շնորհիվ, այլև տեսանյութի միջոցով, որը պարզապես փոխանցել էր կրթօջախում տիրող ջերմ, ընտանեկան և հարազատ մթնոլորտը։

Համերգով՝ «Ակունքի» երաժիշտները/գեղ․ ղեկավար՝ Մեխակ Խաչատրյան/, «Ովսաննայի» ու «Նորահրաշի»/գեղ․ ղեկավար՝ Լենա Բեգլարյան/, «Հայասայի»/գեղ․ ղեկավար՝ Արփինե Ամիրյան/ և «Վարդավառի»/գեղ․ ղեկավար՝ Մարգարիտա Գրիգորյան/ անդամները, Հայկազ Բաղրամյանի, Արմեն Ստեփանյանի, Արմինե Մարտիրոսյանի սաները ցույց տվեցին, որ բեմում ներկայացած «Հայորդյաց տան» յուրաքանչյուր սան իր նախնիների գործի շարունակողը և օտար հողում ազգի պատիվը բարձր պահողն է։

Իսկ նման լայնամասշտաբ համերգն իրականություն չէր դառնա, եթե չլինեին «Հայորդյաց տան» հովանավոր այրերը, ովքեր ոչինչ չեն խնայում օտար հողում հայի և հայկականության պահպանման համար։

Հենց բարերաներին, ներկաներին և «Հայորդյաց տան» անձնակազմին էր ուղղված Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խոսքը․«Ես ուզում եմ Աստծո օրհնությունը հայցել «Հայորդյաց տան» բոլոր սաներին, մեր ազգի բոլոր զավակներին, աշխարհի բոլոր մանկուներին, որ ապրեն ու արարեն խաղաղության մեջ։ Թող Աստված զորացնի մեր հովանավորներին․ նրանց հոգածությամբ է բարգավաճում «Հայորդյաց տունը»,շնորհակալություն հայտնենք այս երեկոյի գլխավոր ռեժիսոր Արայիկ Գասոյանին։ Ուզում եմ իմ գնահատանքն ու օրհնությունը բերել «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանին, տնօրեն Հմայակ Գևորգյանին, մանկավարժական անձնակազմին,ովքեր աստվածապարգև շնորհով շնորհազարդում են մեր սաներին և մեր կյանքը։  Նրանց մատուցած արվեստի շնորհիվ այս երեկո բոլորիդ կարոտը փոքր-ինչ հագեցավ և մենք քաջալերվեցինք այն հավատով, որ մեր գալիքը ապահով ձեռքերում է»։

Արմինե Կարեյան, Մոսկվա

02 03 04 05

Scroll Up