Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2014թ. վերջին նիստը

Դեկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարի կից ատյանի 2014թ. վերջին ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օրակարգում էին ՀՀ ՍՆ 2015 թվականի աշխատանքային ծրագրի, ՀՀ սփյուռքի նախարարի կողմից 2014 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելության, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2015 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները:
Նախարարության 2015 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցումով հանդես եկավ նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը: Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ 2015թ. Սփյուռքի համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ կպատվիրվեն և կիրականացվեն 12 ուսումնասիրություններ և պատվերներ:
2015թ. կանցկացվեն մի շարք համահայկական, մասնագիտական համաժողովներ, որոնցից առանցքային նշանակություն կունենա «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվեն տասնյակ միջոցառումներ հայրենիքում և Սփյուռքում, որոնց թվում կանցկացվի տարածաշրջանային հանձնաժողովների՝ մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաքը Հայաստանում:
Աշխատակազմի ղեկավարը խոսեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից համատեղ անցկացվող Համահայկական մրցանակաբաշխության մասին՝ նշելով, որ կառույցների և անհատների ունեցած ներդրումների գնահատման և խրախուսման նպատակով կանցկացվի առնվազն 3 մրցույթ:
ՀՀ սփյուռքի նախարարի կողմից 2014 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելության մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուզաննա Վիրաբյանը: Նա նշեց, որ նախարարության գործունեության առանձնահատկությամբ պայմանավորված՝ ՀՀ սփյուռքի նախարարը քաղաքացիներին ընդունում է ամենօրյա ռեժիմով, և ընդունելությունների մասին յուրաքանչյուր ամիս տեղեկություն է տրամադրվում թե՛ ՀՀ Նախագահի աշխատակազմին, թե՛ ՀՀ կառավարությանը: Ռ. Վիրաբյանը հավելեց, որ 2014թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է 750 քաղաքացու:
Ատյանի քարտուղար, նախարարության Քարտուղարության պետ Ա. Էլչիբեկյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի՝ տարվա ընթացքում անցկացված 11 նիստերի մասին հաշվետվությունը, որոնց ընթացքում քննարկվել է 40 հարց: Նշվեց, որ Ատյանի նիստի՝ 2014թ. ծրագրով նախատեսված բոլոր հարցերը ներկայացվել են ատյանի անդամներին, և նրանց կողմից արված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ընդունվել է ի գիտություն: Կազմվել են ատյանի նիստերի արձանագրություններ, որոնց հիման վրա հանձնարարականներ են տրվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ որոշ դեպքերում դրանք արտացոլվել են նախարարի հրամաններում: Քարտուղարության պետը ներկայացրեց նաև 2015թ. Ատյանի ծրագրի նախագիծն՝ ըստ ամիսների:
Այլ ընթացիկ հարցերի քննարկումն ավարտելուց հետո ՀՀ սփյուռքի նախարարը կրկին բարձր գնահատեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծահամբավ խմբավար, ՀՀ ՍՆ Ատյանի անդամ Հովհաննես Չեքիջյանի ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նախարարը մաեստրո Չեքիջյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ և Վենետիկի Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի ավագ ռեֆերենտ Ջուլիետտա Հովումյանի գործունեությունը՝ նշելով, որ նա կանգնած է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման ակունքներում: Տիկին Ջուլիետայի անմիջական մասնակցությամբ են իրականացվում մշակութային տարբեր ձեռնարկներ, մասնավորապես, արդեն 10 տարի կազմակերպվող «Մենք եղել ենք, կանք, կլինենք» խորագրով լավագույն ստեղծագործությունների մրցույթը և «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական առաջին, երկրորդ և երրորդ փառատոները: Համահայկական ծրագրերի կազմակերպման գործում ունեցած ակտիվ մասնակցության, Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց Ջուլիետա Հովումյանին:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի արժանացնելու համար՝ տիկին Ջուլիետան նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության այս հսկայածավալ աշխատանքի մեջ իմ աշխատանքը նկատելն իսկապես մեծ պատիվ է ինձ համար»:
Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ատյանի բոլոր անդամների գալիք Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը և մաղթեց 2015թ. բեղմնավոր գործունեություն: