Հենրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915» գրքի ռուսերեն թարգմանության վերահրատարակումը Սոչիում

Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների շրջանակներում Սոչիի հայկական համայնքի ղեկավարությունը ձեռնարկել է Գերմանացի հրապարակախոս, Գերմանիայի պացիֆիստական շարժման հայտնի գործիչ, Առաջին Համաշխարհային աշխարհամարտի տարիներին Թուրքիայի կողմից հայ ժողովրդի  ցեղասպանության դաժան դեպքերի ականատես Հանրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915» գրքի ռուսերեն թարգմանության վերահրատարակումը:

Գերմաներենից ռուսերեն թարգմանության հեղինակը Սոչիի Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, գերմաներեն  լեզվի դասախոս, թարգմանչուհի Վալենտինա Մինալյանն է, որի գրչին են պատկանում նաև Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը 1915 – 1918 թթ» փաստագրական ու վավերագրական արձանագրությունների, փաստաթղթերի, նամակների ու հեռագրերի երկհատորյա ժողովածուն, Արմին Վեգների գործերից, գերմանացի հակաֆաշիստական շարժման այլ ներկայացուցիչների մի շարք հրապարախոսական հոդվածներ, պատումներ, ելույթներ: Հենրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915»” գրքի ռուսերեն թարգմանությունը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին Երևանում Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հրատարակչությամբ: Գերմանիայում գիրքը լույս է տեսել 1930 թվականին  և անմիջապես հետաքրքրություն առաջացրել երկրի հասարակական ու զինվորական շրջաններում: Ականատեսի աչքերով նկարագրված դեպքերն ու իրական եղելությունները մեծ ցավ ու կարեկցանք են առաջացրել նրանց մեջ իրենց թուրք դաշնակիցների կողմից ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի նկատմամբ:

Շուտով գիրքն ընկնում է Գեստապոյի «սև ցուցակը» և ոչնչացվում: Ութսունական թվականներին, երբ նորից հետաքրքրություն է առաջանում Հայոց ցեղասպանության հանդեպ, Հ. Ֆիրբյուխերի գիրքը նորից կրկնակի վերահրատարակվում է, վերջինը`1987 թվականին: Հեղինակը` լինելով Թուրքիայում գերմանական ռազմական միսիայի հրամանատար` գեներալ Լիման ֆոն Սանդերսի ադյուտանտն ու թարգմանիչը, ամենուրեք ուղեկցում էր նրան և ակամայից դառնում ստեղծագործ ու բարձր մշակութային ժառանգության տեր  հայ ազգի դեմ պետական մակարդակով կազմակերպված ու իրագործված 20-րդ դարի ամենադաժան ցեղասպանության ականատեսն ու վկան: Խաղաղության համար պայքարի անձնվեր մարտիկը, բնածին հրապարակախոսն ու հակաֆաշիստական շարժման վառ ներկայացուցիչը աշխարհի առաջավոր մարդկության դատին է հանձնել Առաջին Համաշխարհային աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի հանդեպ կատարված մարդատյաց քաղաքականության հեղինակներին ու նրանց կողմից մարդկության դեմ իրագործած դարի ամենամեծ հանցագործությունը:

Թարգմանությունը ներկայացնելով Սոչիի հայկական համայնքի առաջնորդներին` համայնքի նախագահ Հրաչ Մակեյանը իր ելույթում շեշտեց. «Հազվագյուտ վկայությունների այս ժողովածուն գերմանացի ականատեսի հեղինակությամբ  Հայոց ցեղասպանության վկայագիրն ու վառ ապացույցներից մեկն է: Ոչ մի թուրք կեղծարար չի համարձակվի ժխտել իր նախապապերի կողմից պետականորեն կազմակերպված արյունահեղությունների կենդանի վկայի ցուցմունքները, մահվան, հալածանքների, խոշտանգումների ականատեսի պատմածները… Հենրիխ Ֆիրբյուխերի աշխատության ռուսերեն թարգմանությունը անգնահատելի մեծ արժեք ունի հատկապես Սոչիի ռուսալեզու հայության համար, ովքեր հայերենին կատարելապես չտիրապետելու պատճառով չեն կարող ծանոթանալ գրքի բովանդակությանը: Վերահրատակելով մեզ`հայերիս համար, պատմական նշանակություն ունեցող ժամանակի մեծագույն մտածողներից մեկի` գերմանացի գրող, հրապարակախոս, հայ ազգի ցեղասպանության դեմ պայքարի մարտիկ Հենրիխ Ֆիրբյուխերի աշխատությունը, Սոչիի հայազգի, ինչպես նաև մյուս ազգերի ընթերցողների առջև կբացվեն 20-րդ դարի մարդկության դեմ գործած ամենահրեշավոր ոճրագործության մանրամասներն ու նրա հեղինակների իսկական կերպարները: Գերմանացի գրողի միջոցով ռուս ազգի, ինչպես նաև Սոչիում բնակվող 120-ից ավել այլ ազգերի ընթերցողները կծանոթանան 1915 թվականին մեր ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրավորված ու ամենայն հետևողականությամբ իրագործված հանցագործությանը»:

«Հայաստան 1915» գրքի ռուսերեն թարգմանության վերահրատարակման առաջարկը ողջունեցին Սոչիի հայկական համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները: Հրատարակչության հետ կապված ծախսերն իրենց վրա վերցրեցին Սոչիի պատվավոր քաղաքացի, Սոչիի հայկական համայնքի Ավագների խորհրդի նախագահ Հմայակ Ուստյանը, նախագահի տեղակալ, Սոչիի «Աղթամար» կանանց միության Ադլերի շրջանի նախագահ Մարինա Ջանսուզյանը, ինչպես նաև Սոչիի հայկական համայնքի նախագահ Հրաչ Մակեյանը: Վերահրատարակության հետ կապված աշխատանքներն արդեն տարվում են, գիրքը պատրաստ կլինի մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:

«Սոչիի հայկական համայնքի ուժերով հրատարակվող «ՍԱՌ Սոչի» թերթը պարբերաբար իր էջերում հրատարակում է հատվածներ Հ. Ֆիրբյուխերի «Հայաստան1915» գրքի ռուսերեն թարգմանությունից, որն էլ հիմք հանդիսացավ թարգմանությունն ամբողջությամբ վերահրատարակելու համար: Մեր նպատակն է գրքի նոր հրատարակությունը իրագործել նախորդից ավելի լավ որակով, ամուր կազմով, ավելի շատ նկարներով, – իր մտքերն արտահայտեց ներկաների առջև Հմայակ Ուստյանը: – Որոշել ենք լույս ընծայել առայժմ 2000 տպաքանակով և անվճար բաժանել բոլոր ցանկացողներին: Հետագայում պլանավորել ենք անհրաժեշտության դեպքում նորից վերահրատարակել: Սոչիի հայ հասարակության անունից   երախտագիտության խոսքեր ենք  հղում հայազգի մեծ պատրիոտ, թարգմանչուհի Վալենտինա Մինալյանին նման արժեքավոր ստեղծագործությունը մեզ տրամադրելու համար: Ցեղասպանությունն ընդունելու պայքարի մեծ ճանապարհին կարևոր քայլ է օտար լեզուներով գրված ստեղծագործությունների, հրապարակախոսությունների, հոդվածների, ինչպես նաև թարգմանությունների հրապարակումն ու տարածումը: Որպեսզի բոլոր ազգերը կարդան ու ծանոթանան Առաջին Համաշխարհային Աշխարհամարտի տարիներին երիտթուրքերի կողմից մի ամբողջ խաղաղ ու ստեղծագործ ազգի ոչնչացման փաստի հետ»:

Անահիտ Անտոնյան

ՌԴ, ք. Սոչի

Scroll Up