Ուխտագնացություն դեպի Հայրենիք

Գնաս բարով, այ ուխտավոր

Երանի՜  քեզ, հա՛յ ուխտավոր

Հովհ. Թումանյան                                                                                                             

Օդանավի ուղևորների դեմքին շտապելու ու կարոտի դրոշմ կարԱհա վայրէջքի բաղձալի պահը՝ հոգնածության հետքն անգամ չկա։  Բոլորը շտապում են րոպե առաջ դուրս գալ օդանավից,  շնչել հայրենիքի օդը և քայլել հայրենի հողի վրայով։  Սփյուռքում ապրող հայերիս համար հայրենիք այցելելը յուրահատուկ ուխտագնացություն է.  անգամ   նրանք, ովքեր ծնվել են հայրենիքից դուրս և երբեք  չեն տեսել Հայաստանը, մեծ կարոտ ունեն։ Ակամա մտորում ես՝  ի՞նչ է դա՝ արյան ու հողի կա՞ նչ, հոգու՞  կանչ, թե՞  մեկ այլ վեհ զգացում      

Ինքս ուխտել էի այցելել հայոց սրբազան վայրերը։ Այս ամռանը սուրբ ուխտս կատարեցի

Արարատյան դաշտավայրի մրգառատ այգիների միջով ձգվող ճանապարհների պատկերները փոխվեցին լեռնային ոլորապտույտ ճամփաների, երբ մտանք Վայոց ձոր։ Կանգ առանք Արփա գետի ափին, որի լեռնային կարկաչն անգամ զովացնում էր մեզ ամռան տապից, հագենում էինք  ջրի զով շնչից։ Ճամփեզրին խշշում էին սաղարթաշատ բարդենիները, Ողջ ճանապարհին մեզ ուղեկցում էին ժայռեղեն շղթաները։ Նրանք երբեմն ահարկու պատկերներ էին ուրվագծում,, երբեմն էլ քնքուշ վարդաթերթիկների դասավորություն ունեին։ Ժայռերը մերթ մերկ էին, մերթ՝ անտառածածկ, որտեղից ծաղկային ու եդեմային բուրմունքներ էին սփռվում շուրջբոլորը

Մեր չքնաղ հայրենիքում ես այցելեցի Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում գտնվող Կեչառիսի վանական համալիր, որի բարձր գմբեթների և քարե կամարների ներքո դարեր շարունակ հնչել են մեր պապերի աղոթքներն ու շարականները, Նորավանք, որի աստվածաշնչյան թեմաներով քարաքանդակ պատկերներն՝ ասես երկնքից իջած  Աջով են կերտված, և՝  Տաթևի վանք, որը խորհրդավոր հանգստությամբ բազմել է Զանգեզուրի ժայռեղեն բարձունքի վրա՝ քարացել է նա անդունդի եզրին։

Տեսնելով այդ ամենը՝  ակամա հիշեցի պոետի խոսքերը.

Ամեն սարին մի վանք ու բերդ

Ամեն քարից ջուր  էր գալիս,

Աչքն ուր թեքվեր՝ դուր էր գալիս։

Երբ մեր մեքենան Որոտանի կիրճով ձգվող դժմարամատույց ճանապարհով ընթանում էր դեպի Տաթևի բարձունքը, հիանում էի, թե ինչքան ճիշտ է գրել հայրենի բնության հրաշալի երգիչ Համո Սահյանը, ում  ծննդավայրը Սյունյաց աշխարհն է՝ Զանգեզուրը.

                        Քո քարեղեն բարձունքից արևի հոտ է գալիս

Երկնաքեր վանքի մատույցների մոտ թվում էր, թե «արար աշխարհում միայն կապույտ կա ու պայծառ արև», իսկ քարակերտ վանքը, հնուց մոլորված՝ Աստծուն է փնտրում  այդ լուրթ երկնքում

Այցելեցի նաև ձյունագագաթ Մասիսների վեհաշուք հայացքի դիմաց գտնվող Խոր-Վիրապ վանքը, որտեղից ակունք է առել  քրիստոնեության լույսը՝  «Լուսավորչի կանթեղը՝ պլպլացող քաղցրությամբ»  և  Աստծո պայծառ աչքի պես հսկում է հավատավոր իմ ազգին։  Դրանք աստվածային հրաշագործություններ են։ Հիանում էի ու լիանում մեր քարակոփ վանքերի աստվածային տեսքով  ու խորհրդավորությամբ, վանքեր, որոնց քարերը խոսում են, և թե կարողանաս հասկանալ նրանց, քեզ հետ կխոսեն Մենուայի ու Արգիշտիի,  Մաշտոցի ու Խորենացու, Նարեկացու ու Քուչակի լեզվով, վանքեր, որոնք «դարերն ի վեր լուռ կաղոթեն երկինքն ի վեր»։  Հինավուրց մեր վանքերի խնկաբույրը և մագաղաթյա շունչը հոգիս լցնում էին տիեզերական անսահմանությամբ, հանգստությամբ ու խաղաղությամբ։  Ուրախալի էր, որ բազմամարդ էին վանքերը՝  զբոսաշրջիկներ, ուխտավորներ,  մկրտություն ստացողներ, զույգեր, որոնք վստահ են, որ Աստծո տանը պսակադրվելը իրենց երջանկություն կպարգևի։ Հոգենորոգ վանքերի կամարների ներքո մարդիկ աղոթք են առաքում առ Աստված և վառում իրենց հավատքի մոմերը։ Հավատում են մարդիկ այդ սրբատեղիների հետ կապված ավանդապատումներին, լեգենդներին։ Ես էլ հավատում եմ, որ Աստծո խաչի զորությամբ իմ Հայրենիքի բնիկ սահմանները վաղ թե ուշ կվերահաստատվեն, քանզի, երբ  Խոր Վիրապից նայում էի ձյունաշող Մասիսներին, թախծում էր հոգիս՝  լոկ փշալարերով սահմանն էր բաժանում ինձ իմ Արարատ-Մասիսից։

Խոր Վիրապին հրաժեշտ տալուց հետո ընդամենը տասնհինգ  րոպեի ընթացքում մեքենան մեզ տեղափոխեց Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի նորակառույց եկեղեցին, որը մեր ժողովրդի քրիստոնեական հավատքի վերազարթոնքի, վերընձյուղվող հոգու  վառ վկայությունն է  և այդ պատճառով էլ ստացել է Սուրբ Հարություն անունը։  Եկեղեցին օծվել է 2000 թվականին՝ ձեռամբ Գարեգին Բ Հայրապետի։ Այն գտնվում է բարձրադիր տեղում՝։ Բակում  կանգնեցված են բարձրահասակ, սրբատաշ խաչքարեր,  ասես «խաչված գեղեցկություն»։  Նայում ես այդ հրաշքին ու կրկին համոզվում Ամենայն Հայոց Բանաստեղծուհու տողերի ճշմարտացիության մեջ.

Որ հաղթեիր քարին, մահին,

Դու խաչքարդ հորինեցիր

Սուրբ  տաճարը  շրջապատված է փունջ-փունջ ծիրանիների այգով։  Իսկ խչմարված վազերով խաղողի այգիները տարածվում են բլրակի լանջերից մինչև մյուս բլրակի փեշերը, որի վրա գտնվում է հայոց հինավուրց մայրաքաղաքի՝ Դվինի բերդը։ Հայացքով իրար  նայում են նրանք, և զգացվում է ժամանակների շունչը,  անքակտելի կապը,։ Զգում ես, որ այս ամենի մեջ աստվածային վեհ խորհուրդ կա, քանզի  բոլորին  արթուն աչքի նման նայում է բիբլիական լյառն Արարատ, նայում  ու ասես հսկում  է նրանց հանգիստը։

Սուրբ Հարություն եկեղեցին վեր է խոյացել գյուղի նախկին բնակիչ, այժմ՝ Օդեսայում բնակվող և օդեսահայ համայնքի հարգարժան  նախագահ  Սամվել Լիպարիտի Տիգրանյանի բարերարությամբ ու ջանքերով։

Ներքին Դվինի սուրբ տաճարը կերտված է կարմիր տուֆից  և իր տեսքով ու ճարտարապետական ոճով  նման է Օդեսայի հայկական եկեղեցուն, որի կառուցման գործում ևս մեր համայնքի նախագահը մեծ ավանդ ունի։  Սա վկայում է այն մասին, որ բոլոր ժամանակներում հայ մարդու համար հոգևոր արժեքներն են ամենակարևորը։ Սա հայի հոգևոր առաքինության վկայությունն է և գոյության առհավատչյան։

Եվս մեկ անգամ  համոզվում  եմ, որ այսպիսի անսասան հավատ ու քաղաքակրթություն ունեցող իմ ժողովուրդն ու ազգը գնում են դեպի հավերժություն և ավելի  լավ գիտակցում իմ պարտքը հայապահպանության սուրբ գործում։

Նարինե  Մուրադյան                               

02 03 04 05 06 07            

   «Վերնատուն» համայնքաթերթի թղթակիցք. Օդեսա

Scroll Up