«Հայրենիքն ինձ համար սրբություն է». Սոսի Գևոնյան

Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սոսի Ղազարյան-Գևոնյանի «Կեսարիոյ նախճիրները» գրքի շնորհանդեսը: Այդ առիթով հեղինակի հետ զրուցել է «Հայերն այսօր» թղթակիցը:

Տիկի́ն Սոսի, շնորհավորում եմ գրքի հրատարակման և շնորհանդեսի առիթով. կարծում եմ, որ դեռ երկար պիտի շարունակեք այս հայրենանվեր գործունեությունը, և տա Աստված, որ հաջորդ գիրքն այլևս ահասարսուռ նախճիրի պատմությունը չլինի, այլ` իր Պատմական Հայրենիքին արդեն տեր կանգնած հայ մարդու:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի, լավատեսության համար. շատ բան կա գրելու, հրատարակելու, և ես դեռ անելիք ունեմ:

– Ե՞րբ եք հայրենադարձվել:

–  10 տարի առաջ են հայրենադարձվել: Մինչև 2004թ. 8 անգամ եղել էի Հայաստանում: 2004-ին որոշեցի մնալ և ապրել Հայրենիքում:

– Ի՞նչը դարձավ Ձեր այդ որոշման պատճառը:

– Սկսեցի ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի ժողովրդի սոցիալական տարբեր շերտերին: Ամերիկայում ես սոցիալական աշխատանքով էի զբաղված. ամեն անգամ, որպես զբոսաշրջիկ լինելով Հայաստանում, տեսնում էի իմ հայրենակիցներից ոմանց ապրելակերպը, կարիքները և որոշեցի օգնել իմ ժողովրդի անապահով խավերին: Մտածեցի, քանի դեռ եռանդ ունեմ, ավելի լավ է գնամ և Հայաստանի իմ ազգակիցներին օգնեմ, քան թե` օտարներին:

–  Տիկի́ն Սոսի, սոցիալական ո՞ր շերտերը, ո՞ր խմբերը հայտնվեցին Ձեր գթա-սրտության, բարեգործության, հոգածության կենտրոնում:

–  Սոցիալապես անապահով, խոցելի մարդիկ` միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, մտային խանգարում ունեցողները և այլևայլ ծանր հիվանդություններով տառապողները…

–  Որտեղի՞ց Ձեր մեջ այդչափ գթասրտություն, ովքե՞ր են եղել Ձեր ծնողները:

–  Ծնվել եմ Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետո ընտանիքով գաղթել ենք Բեյրութ: Հայրս Տրդատ Ղազարյանն է, մայրս` Մելինե Հալաճեանը. նրանք երկուսն էլ Կեսարիայից են: Մանկուց եմ տեսել բարություն, դրանով էր շաղախված մեր ընտանեկան մթնոլորտը: Բեյրութում շարունակել եմ ուսումս ֆրանսիական քոլեջում, ստացել եմ ֆրանսերեին ուսուցչի դիպլոմ և սկսել եմ դասավանդել ֆրանսերեն լեզու լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում էլ սկսվեցին պատերազմական գործողությունները, տեղափոխվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այդ ժամանակ արդեն ամուսնացած էի Նազարեթ Գևոնյանի հետ, երկու երեխա ունեի, իսկ երրորդը ծնվեց Ամրիկայում:

–  Տիկի́ն Գևոնյան, Ձեր ամուսինը օգնե՞լ է Ձեզ կայանալու որպես գրող, հասարակական գործիչ, երբևէ խոչընդոտներ չի՞ ստեղծել

–  Անշո́ւշտ, ստեղծել է… Զբաղված էի մեր բիզնեսում, սակայն բաժանվելուց հետո ես ինձ գտա և սկսեցի հասարակական գործունեությունը: Շատ մեծ ցանկություն ունեի Հայաստանի անկախացումից հետո գալ Հայրենիք, սակայն միայն իմ ցանկությունը բավարար չէր. ընտանիքի տեր էի, երեք փոքր երեխաներ, ամուսին… Ամերիկայում ապրած ժամանակ հասարակական աշխատանքներ եմ տարել դպրոցում, եկեղեցում, եղել եմ Տիկնանց միության նախագահուհի, բայց միշտ ճնշումի տակ… Հետագայում ես իմ ինքնությունը գտա և քանի որ միշտ ձգտել եմ ծառայել ազգիս, մեր համայնքին, սկսեցի ծավալել այդօրինակ գործունեություն:

–  Ասացիք, որ մինչև հայրենադարձվելը 8 անգամ եղել եք Հայաստանում. որպես զբոսաշրջի՞կ եք եկել, թե՞ եկել էիք ուսումնասիրելու` Ձեր հետագա աշխատանքի նախադրյալների ստեղծման համար:

–  Գալիս էի, որովհետև շատ էի սիրում Հայաստանը, ինձ այստեղ լավ էի զգում, հատկապես` Ծաղկաձորում, ուր 3-4-շաբաթյա այցելության ընթացքում մնում էի անապահով երեխաների համար կազմակերպված ամառային ճամբարում և զբաղվում էի այդ երեխաների հետ: Ես Երևանում ինձ այդքան լավ չէի զգում, նախընտրում էի լինել մարզերում, գյուղերում:

–  Տիկի՞ն Սոսի, խոսենք Ձեր գրած և Ձեր հովանավորությամբ հրատարակված գրքերի մասին:

–  Դրանք բոլորն էլ իմ հոգեզավակներն են և կյանքիս կարևոր մասն են կազմում: Առաջին գիրքը Արմեն Տոնոյանի «Ազատագրության ոգին» է, երկրորդը` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի համալսարանի դասախոս, պատմաբան Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն»-ն է, երրորդը`«Մինչ հոգիներու աճուրդը» գիրքն է, որը 2008-ին լույս տեսավ անգլերենով, իսկ 2011-ին` հայերենով: Այդ գրքի պատկերապատման հեղինակը ես եմ: Հաջորդը` «Հայուհին պատմության առջև» գիրքն է, մյուսը` «Կեսարիոյ նախճիրները» գիրքն է, որի շնորհանդեսին Դուք ներկա էիք: Եղել եմ թե́ գրքերի հրատարակման մեկենաս, թե́ հեղինակ: Հաջորդ գիրքս կազմելու համար պիտի գնամ Լիբանան, Ստամբուլ և արխիվներում փնտրեմ մեծ հայրիկիս նյութերը, հոդվածները: §Կեսարիոյ նախճիրները¦, որը հրատարակել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ընդգրկում է 1915-1922թթ. ժամանակահատվածում Ցեղասպանության և գաղթականության պատմության դրվագները: Գրքում զետեղված են մեծ հորս` Հայկ Ղազարյանի ձեռագրով գրված օրագրի պատմությունները, իսկ մինչ օրագիրը կարդալը հորս պատմածներն էի լսել մեծ հորս կրած տառապանքների, տեղահանության, ջարդի մասին: Մեծ հայրս այդ օրագիրը գրել է 1937—ին, և ես այն ամբողջացրել եմ` օգտվելով Արշակ Ալպօյաճեանի «Պատմութիւն Հայ Կեսարիոյ» ծավալուն գրքից:

–  Գիրքը նվիրում է Եղեռնի զոհերի և Ձեր մեծ հոր հիշատակի՞ն, թե՞ այն ունի մեկ այլ` երրորդ նպատակ:

–  Անշո́ւշտ, կան առաջին և երկրորդ հանգամանքները և, իհարկե, երրորդը: Այժմ, երբ վերապրողներն այլևս մեզ հետ չեն, Թուրքիայի ջանքերը` ապագա սերունդներին մոռացության տալու Հայոց ցեղասպանությունը, ավելի հեշտ է, ուստի մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղենք անցյալին և պայքարենք, քանի որ հիշողությունը վերանորոգում է պահանջում, որպեսզի հաջորդ սերունդները երբեք չմոռանան հրեշավոր նախճիրը:

–  Ո՞վ է եղել Ձեր մեծ հայրը` Հայկ Ղազարյանը, ի՞նչ գործով է զբաղվել:

–  Սկզբում որոշել էր բժշկության բնագավառում կայանալ, սակայն մի դիպվածի պատճառով հրաժարվել է այդ մտադրությունից: «Սեր», «Շեփոր», «Առաքեալ» վերնագրերով թերթերի հրատարակիչ, լրագրող Մերսիմի որբանոցի տնօրեն ու մեծ հայրենասեր է եղել:

–  Դժվար չէ՞ր կարդալ Ձեր մեծ հոր օրագիրը` ասես ակամայից դառնալով նրա տառապանքների, Կեսարիո ջարդերի ականատեսը:

–  Անշուշտ, հեշտ չէր, սակայն ես ունեի բաղձալի նպատակ` թղթին հանձնել և հասարակությանը ծանոթացնել այդ մեծ մարդու կերպարին: Երկու տարի տևեց աշխատանքս, որի ընթացքում, անշուշտ, ունեցա հոգեկան մեծ տառապանքներ:

–  Ովքե՞ր են Ձեր ընթերցողները, ո՞ր լսարանի համար է գիրքը նախատեսված:

–  Նախատեսված է հասարակության լայն շրջանակների, ուսանողության, պատմության այդ ժամանակահատվածն ուսումնասիրողների, իմ թոռների, ապագա սերունդների համար:

–  Տեղյակ եմ, որ Դուք նաև բարեգործությամբ եք զբաղվում և Ձեր եռահարկ տան մի բաժինը հատկացրել եք անապահով ուսանողներին. մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

–  10 տարի ես ամեն ինչ լռելյայն եմ արել, ոչ մեկից ոչինչ չեմ ակնկալել, ոչ մի աջակցություն չունենալով` իմ սեփական միջոցներով եմ արել այդ ամենը: Իմ տանն ապրում են անապահով ուսանողներ, ովքեր վարձով ապրելու հնարավորություն չունեն. նրանք ինձ շատ հարազատ են, փոխադարձ հարգանք, անկեղծություն ու սեր կա:

–  Ձեր ծավալած ազգանվեր գործունեության համար որևէ ձևով քաջալերվե՞լ եք, ունե՞ք պարգևատրումներ:

–  Ո՞չ: Այսօր առաջին անգամ պարգևատրվեցի. ինձ համար անակնկալ էր մեր սիրելի նախարարուհու կողմից տրված պարգևը §Նուբար Փաշա¦ մեդալը, որն ինձ ավելի շատ է պարտավորեցնում:

–  Երբևէ չե՞ք զղջացել Ձեր ծավալած գործունեության համար, հայրենադարձվելու համար:

–  Բնա́վ: Ես Ամերիկայում ասես Հայաստանի մի յուրօրինակ պաշտպան եմ և բողոքողներին ասում եմ, որ Հայաստանը չհամեմատեն Ամերիկայի հետ, թո́ղ համեմատեն Լիբանանի, Սիրիայի հետ, և իրենց ձայնը Հայաստանում բարձրացնեն, իսկ ամենակարևորը` գործ անեն:

–  Ձեր բարեկամությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ սկիզբ առավ:

–  Նախարարության ստեղծման երկրորդ տարում արդեն բարեկամացանք, կապի մեջ եղանք:

–  Տիկի́ն Սոսի, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

–  Հայրենիքն ինձ համար սրբություն է:

–  Հավատո՞ւմ եք, թե կգա այն բաղձալի օրը, երբ Պատմական Հայրենիք կորցրած հայը տեր կկագնի իր նախնյաց երկրին:

–  Հավատո́ւմ եմ. այս հազարամյակը հայերի́նն է, Հայաստանը պիտի́ զորանա, կյանքը պիտի փոխվի, աշխարհը պիտի փոխվի: Ես չեմ տեսնի դա, եկող սերունդները կտեսնեն, եթե հավատանք հոգու վերածննդին, գուցե ես էլ տեսնեմ:

– Շնորհակալություն  բովանդակալից, անչափ հետաքրքիր զրույցի համար: Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ շարունակեք Ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը:

Զրուցեց  Կարինե  Ավագյանը

Scroll Up