Այս մեծ, փառահեղ Հայը …

Օրերս Հայաստանում էր գտնվում մոսկվաբնակ հայտնի  քանդակագործ, մեր հայրենակից  Ֆրիդ Սողոյանը, ով հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ներկայացնում ենք անվանի քանդակագործի  հետ  «Հայերն  այսօր»-ի  թղթակիցի հարցազրույցը:

-Բարի ´ գալուստ Հայաստան և ՀՀ սփյուռքի  նախարարություն: Ձեր այցելությունը գործնակա՞ն է, թե՞ եկել եք հայրենիք` վայելելու երևանյան  տաք աշունը:

-Շնորհակալություն իմ բոլոր հայրենակիցներին  ջերմ վերաբերմունքի համար: Աշունն, իրոք,  տաք է, սակայն ես նպատակադրված չեմ եկել. Արցախի կառավարության կողմից հրավեր  ունեի` մասնակցելու այդ չքնաղ երկրի անկախացման 20-րդ տարեդարձին: Մասնակցեցի տոնակատարությանը, եկա Երևան, վաղը մեկնում եմ: Շատ տխուր եմ. չհասցրեցի լինել     իմ հարազատ  օրրանում` Գյումրիում: Թերևս կարող էի կարճ  ժամանակով   Գյումրի     այցելել, բայց դա, իրոք, ընդամենն այցելություն կլիներ: Ես կուզեի երկար մնալ այնտեղ, շփվել իմ հարազատների, ընկերների, ծանոթների հետ: Այսպես  ստացվեց:

-Պարո´ն  Սողոյան, ասացե´ք,  խնդրեմ, քանի՞ քանդակի, արձանի, հուշարձանի հեղինակ եք:

-Օ՜, շատ դժվար է թվել…Շատ գործեր ունեմ, չեմ էլ կարող դրանք առանձնացնել, բոլորն իմ զավակներն են… Ուղղակի թվարկեմ մի քանիսը` Երևանում Ստեփան Շահումյանի կիսանդրին՝  Մալաթիա-Սեբաստիա  թաղապետարանի վարչական շենքի մոտ, Մերգելյանի ինստիտուտի սրահի ամբողջ պատի երկայնքով արված քանդակաշարը, «Կժերով աղջիկը» ՝  այժմյան  «Շողակաթ»  հեռուստաստուդիայի շենքի  առաջին հարկի սրահում, Ոստիկանության քաղաքային վարչության շենքի ճակատային մասի բարձրաքանդակը: Կառուցել եմ նաև Գեղարվեստաթատերական ինստիտուտի բակի ցայտաղբյուրը, Էջմիածնում անցյալ տարվա նոյեմբերին  դրվել է իմ սիրելի գործերից մեկը`  Վազգեն Առաջինի հուշարձանը, Վաշինգտոնում  1991-ին  Սպիտակ տան հարևանությամբ տեղադրված է իմ գործերից մեկը` Սպիտակի և Լենինականի  երկրաշարժի  զոհերի հիշատակին: Գյումրիում ևս կառուցել եմ նույնանուն  հուշարձան-կոթող` «Անմեղ զոհերին» վերնագրով:  Գյումրիում ունեմ Հայրենական մեծ պատերազմում զոհված՝   Գուլպայագործության ֆաբրիկայի  աշխատողների հիշատակին նվիրված հուշարձան,  որը երկրաշարժից  խարխլվել է, սակայն միտումնավոր  չենք ուզում վերանորոգել, որ այդ տեսքով մնա` իբրև լուռ վկա ահեղ երկրաշարժի: Կիևում   ունեմ բանվորի բրոնզաձույլ  արձան, Արխանգելսկում , Մոսկվայում ունեմ աշխատանքներ…Արթիկ քաղաքի մուտքի մոտ` բանվորի հուշարձանը, Ախուրյանի մուտքի մոտ  ևս: Մի շատ տպավորիչ քանդակ ունեմ Գյումրիում,որի մասին առանձնակի սիրով եմ խոսում. այն պատկերում է  գյումրեցի հին դուդուկահարին` շուրջը բոլորված թոռներով: Այդ աշխատանքը երկու տղաներիս հետ եմ իրագործել և նվիրել իմ հայրենի եզերքին` Շիրակին: Արցախի Մարտակերտի Թալիշ գյուղում ունեմ հուշարձան` նվիրված Հայրենական պատերազմում զոհվածներին, Շահումյանի շրջանի Չայլու գյուղում…Այս վերջին գործերը ստեղծել եմ երիտասարդ տարիներիս:

-Ովքե՞ր են  եղել Ձեր առաջին ուսուցիչները:

-Առաջին ուսուցիչներս եղել են Գյումրվա քարտաշ- վարպետները, որոնցից շատ բան եմ սովորել: Կանգնում էի նրանց կողքին, նայում, քարը տալիս էին ձեռքս և սովորեցնում աշխատել:Իհարկե, արվեստը նաև մեր տանն էր. մայրս՝ Ելիզավետ Ստեմպելը, Լենինականի առաջին թատրոնի տնօրենն էր, հայրս ` Մկրտիչ Սողոյանը, կապավոր էր և արվեստի մեծ սիրահար:  Գիտեք` Գյումրին արհեստների և արվեստների մեծ շտեմարան է:

-Ի՞նչ եք սովորել Ձեր ընտանիքից, գյումրեցիներից:

-Սովորել եմ մարդկություն: Հիշումեմ` Հայրենական մեծ պատերազմից հետո Լենինական եկան շատ փախստականներ: Մենք 3 սենյակ ունեինք, երկուսը տվեցինք նրանց ու մեր ընտանիքով տեղավորվեցինք մեկում: Ամեն առավոտ հարևաններից մեկը ճաշ էր պատրաստում` հերթով, ու բոլորս միասին, հաշտ ու համերաշխ ուտում էինք, ապրում նույնկերպ:  Այդպիսի անկեղծ, ջերմ մթնոլորտում եմ մեծացել:

-Պարո´ն Սողոյան, ի՞նչը առիթ դարձավ, որ հաստատվեցիք Ռուսաստանում` Մոսկվայում:

-Ինձ հրավիրեցին Կիև` աշխատելու   Հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշահամալիրի վրա: Դա հսկայական, մեծածավալ աշխատանք էր, ժամանակատար: Ես հեղինակ էի և պետք է մի մեծ, կարևոր հատված ինքս քանդակեի: Երևանից հրավիրեցի երիտասարդ քանդակագործ Ալիկ Ավետիսյանին`ինձ  օգնելու: Տարիներ տևեց, բայց իմ վաստակը   բարձր գնահատվեց,  և արժանացա Լենինյան մրցանակի: Իհարկե, մինչ այդ էլ ստացել եմ շատ պատվոգրեր, շքանշաններ, մեդալներ:

-Պատմե´ք, խնդրեմ , Ձեր ընտանիքի մասին:

-Երկու տղաներ ունեմ` Վահեն և Միքայելը: Քանդակագործներ են: Կինս մահացավ1981-ին, երեխաներս դպրոցականներ էին,  որոշ ժամանակ մնացինք Կիևում, հետո տեղափոխվեցինք Մոսկվա: Տղաներս կայացած մարդիկ են: Միքայելը ստացել է ՀՀ վաստակավոր  քանդակագործի կոչում, որը  Մոսկվայի հայկական դեսպանատանը նրան է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ մյուս տղաս` Վահեն, արժանացել է ՌԴ-ի  վաստակավոր  քանդակագործի կոչման:Այսպիսին է իմ ընտանիքը, ուր ավանդույթները շարունակում են թոռնիկներս.նրանք  նկարում են, ստեղծագործում:

-Քանդակագործների սիմպոզիումների մասնակցե՞լ եք…

-Ո´չ, պարզապես Իջևանում կայացած սիմպոզիումի հանձնաժողովի նախագահն եմ եղել:

-Արտերկրում մշտապես ապրելու և աշխատելու հրավեր ունեցե՞լ եք:

_Այո´, սակայն  հրաժարվել եմ,որովհետև իմ գործերի մեծ մասը Հայաստանում և Ռուսաստանում են, ես չեմ կարող և չեմ ուզում նրանցից հեռու ապրել:

-Հնարավո՞ր է, որ վերահաստատվեք և ստեղծագործեք Ձեր հայրենի Գյումրիում:

-Չի բացառվում: Վերանորոգում   ենք իմ հայրական տունը Գյումրիում, որը երկրաշարժից  քանդվել էր: Շատ կուզենայի Գյումրիում ունենալ թանգարան:

-Ձեր մեծ փորձն ու մասնագիտական հմտությունը փոխանցու՞մ եք երիտասարդներին, դասավանդու՞մ եք որևէ բուհում:

-Չեմ դասավանդում, սակայն միշտ օգնում եմ ինձ դիմող երիտասարդներին: Իմ արվեստանոցը Մոսկվայի կենտրոնում է, մոտակայքում խուլ-համրերի դպրոց կա, կապված եմ այդ դպրոցի  երեխաների հետ, ներկա եմ լինում նրանց նկարչության դասերին, խորհուրդներ եմ տալիս:

-Պարո´ն Սողոյան, ինչպես տեսնում եք, Երևանում շատ  հուշարձաններ, քանդակներ կան, շատ քանդակագործներ ունենք…Նրանցից ու՞մ եք տեսնում առաջատարի դերում…

-Ես այդ հարցին չեմ պատասխանի: Միայն  կասեմ, որ  ինձ  շատ է դուր գալիս  Քոչարի «Սասունցի Դավիթը» և  Արտաշես Հովսեփյանի  կառուցած Ալ. Թամանյանի արձանը: Շատ լավ քանդակագործ եմ համարում  Ղուկաս Չուբարյանին, բարձր եմ գնահատում Մատենադարանի բակում տեղադրված նրա գործը` Մեսրոպ Մաշտոցի արձանը: Ես սովորել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում, ուր դասանանդում էին մեծերը` Արա Սարգսյանը, Գրիգորի Ահարոնյանը, Կարո Մեծատուրյանը, Շաքարյանը…Նրանք Գյումրվա իմ քարտաշ-վարպետներից հետո հաջորդ ուսուցիչներս էին:

-Պատվերով աշխատելը չի՞  խանգարում արվեստագետին…

-Կարելի է աշխատել պատվերով, բայց արվեստագետն ինքը պիտի որոշի կառուցվածքը, ոճը, ձևը… Ցավոք, այդ ամենը հաճախ թելադրվում է:

-Ի՞նչ տպավորություն ստացաք նորօրյա Երևանից:

-Չափից շատ ու խիտ են  սրճարանները, շատ են և հոգնեցնող գովազդային վահանակները: Ժամանակիս սղության պատճառով քիչ եմ քայլել քաղաքում:  Ցավում եմ, որ մեր հայկական հին ճարտարապետության ավանդույթները չեն պահպանվում: Իհարկե, Երևանը շատ է փոխվել:

-Չե՞ք զղջում, որ ընտրել եք արվեստագետի ` արտաքուստ թվացյալ երջանիկ ուղին, մասնագիտությունը:

-Այո´, դժվար է արվեստի ճանապարհը: Արվեստագետն ամենախոցելի  և գերզգայուն մարդն է, բայց նաև` երջանիկ: Չեմ զղջում իմ ընտրության համար. ես իրականացրել եմ մորս երազանքը : Երբեք չեմ հոգնում.  դա իմ կյանքն է, իմ աշխարհը: Արվեստագետը երբեք չպետք է հոգնի. հոգնել` նշանակում է  ավարտվել, վերջանալ:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ Ձեր կապերը նո՞ր են ձևավորվում…

-Շատ ուրախ եմ, որ կա այսպիսի նախարարություն` Սփյուռքի հայերի տուն: Շատ կուզենայի, որ Սփյուռքի նախարարությունը  գտնի , հայտնաբերի և ուսումնասիրի օտարածին  անուններով, ազգանուններով  անվանի, մեծ հայերի արմատները:

-Ի՞նչ կմաղթեք  հայերին:

-Երբ  աշխատում էի Սամարղանդում,ուր պատվիրել էին  Արևելքի 18 հին   և 5 նոր մտածողների  քանդակները  կերտել, ես շատ հայերի հետ ծանոթացա, ովքեր ոչ մի կապ չունեին  Հայաստանի հետ…Մեծ  ցավ ապրեցի: Ես հայերին մաղթում եմ լինել միաբան, միասնական, չմոռանալ մայրենի լեզուն, հավատքը, իրենց Հայրենիքը: Ուզում եմ, որ  հայերն ապրեն անվտանգ, ապահով , բարեկեցիկ կյանքով:

-Պարո´ն Սողոյան, ինձ հուշեցին, որ հոկտեմբերի 2-ին    Ձեր ծննդյան 75-ամյակն է,   նշվելու է Մոսկվայում:

-Այո´, լսել եմ, որ Մոսկվայում  որոշել են նշել մեծ մասշտաբներով, բայց մի´ գրեք ` 75…

-Եկե´ք թվերի տեղերը փոխենք`5 և 7…

Ի վերուստ արվեստագետի դրոշմով, փառահեղ արտաքինով  նշանավոր, վաստակաշատ քանդակագործն իմ  առաջարկից հետո լիաթոք ծիծաղում է, կատակում գյումրեցիներին բնորոշ անուշ, դիպուկ  բառերով, իսկ նրան ուղեկցող   քրոջորդին` ճարտարապետ, երիտասարդ  գիտնական     Տիգրան Մանուկյանը,  հավելում է, որ քեռին` Ֆրիդ Սողոյանը, մշտապես կենսախինդ է, կատակասեր: Տիգրանն իր մասնագիտական կողմնորոշման համար երախտապարտ է քեռուն` նրա տված անգնահատելի խորհուրդների համար:

Այս մեծ Հայը` մի կողմից լեհական, մյուս կողմից  հայկական ընդգծված   խառնվածքով, ի վերուստ տրված մեծ շնորհով, մերթ սարոյանական, մերթ էլ ջրհեղեղից վերածնված  Նոյի  կերպարով, ապրում ու արարում է գյումրեցի հին վարպետների նման` համառորեն   փափկացնելով    քարը և  ժպիտով նայելով  աշխարհին ու մարդկանց:

Զրուցեց  Կարինե  Ավագյանը

Scroll Up