Արամ Օհանյան.«Ադրիանան սիրահարվեց ինձ միայն այն ժամանակ, երբ իմացավ` հայ եմ»

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար (1,24 սմ) եւ սլացիկ ոտքերի տիրուհին` Ադրիանա Կարեմբոն, ամուսնու` Արամ Օհանյանի հետ այս օրերին Երեւանում է: Հայաստանի եւ Արցախի համար անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնի` «Ֆոնեթոն 2014»-ի «կնքամայրն» այստեղ է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով եւ, ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում, արդեն իսկ հասցրել է լինել մի շարք վայրերում, որտեղ սիրելին անցկացրել է իր մանկությունը: Այս մասին գրում է Bravo.am-ը:
Աշխարհահռչակ սլովակուհին նշել է, որ մինչ Արամի հետ ամուսնությունը Հայաստանի մասին քիչ տեղեկություն է ունեցել, սակայն հիմա բացը լրացնում է. «Շատ բան իմացա նրա ընտանիքի շնորհիվ, նաեւ ծանոթացել եմ արտերկրում բնակվող հայերի հետ: Բացի այդ, հայերենի բառարան եմ կազմել` երբեմն ամուսնուս հետ գաղտնի խոսելու համար:)»:
Ադրիանան, պատասխանելով իր առաջին մասնագիտությանը վերաբերող BRAVO.am-ի հարցին, նշել է, որ աշխատասիրությունն ու ցանկացած հարցին լուրջ վերաբերմունքը սովորել է հենց բժշկությունից. «Բացի այդ, շատ է օգնել, երբ հեռուստատեսությամբ գիտական հաղորդում էի վարում»:
1.85 սմ հասակով շիկահեր մոդել-հաղորդավարուհին, իհարկե, խոսել է նաեւ իր արտաքին տվյալների մասին. «Ցավալի է, բայց եթե գեղեցիկ չլինեի, հավանաբար, այսօր այստեղ չէի լինի. սա է իրականությունը: Գեղեցկությունը զենք է, որը փորձում եմ ծառայեցնել բարի նպատակներին»:
Ի դեպ, նախկին ամուսնու` ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի ազգանվամբ հայտնի Ադրիանան տեղեկացրել է, որ այլեւս Օհանյան է. «Փոխել եմ ազգանունս: Իսպանիայում եւ Իտալիայում հայտնի էի որպես Սկլենարիկովա, Ֆրանսիայում` որպես Կարեմբո, բայց նախընտրում եմ, որ ինձ պարզապես Ադրիանա դիմեն, ավելի ճիշտ` Ադրիանա ջան:)»:
Հանդիպման ավարտին Արամ Օհանյանն էլ պատմել է իր եւ Ադրիանայի սիրո պատմությունը. «Նախընտրում եմ ստվերում մնալ: Հայրս հայտնի բռնցքամարտիկ էր, սկզբում նրա ստվերում էի, հիմա էլ` կնոջս:): Առաջին հայացքից սիրահարվեցի նրան, երբ հանդիպեցի Մարաքեշի իմ ռեստորանում: Նա եկել էր Ալեն Դելոնի հետ: Իսկ Ադրիանան սիրահարվեց ինձ միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հայ եմ: Սա, իհարկե, իրականություն չէ, բայց գեղեցիկ է:)»:
Գեղեցիկ զույգը հայտնել է, որ նախատեսում են Հայաստան այցելել նաեւ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: