«Արի տուն-2014». «Իմ Հայրենիքը գանձ է, որը շատերս չենք գնահատում կամ միայն հեռանալուց հետո ենք արժևորում»

«Հայերն այսօրը» շարունակում է ներկայացնել արիտունցիների կարծիքներն ու տպավորությունները:
Աննա Մկրտչյան, 17 տարեկան , Հոլանդիա
Հայաստանում շատ անգամ եմ եղել, սակայն այս ծրագրին մասնակցում եմ առաջին անգամ, եղբորս՝ Ազատի հետ: Ութ ամսականից ապրում եմ Հոլանդիայում: Հիմնական նպատակը Հայրենիք գալու՝ բարեկամներին տեսնելն է, քանի որ շատ ենք կարոտուն նրանց: Այնտեղ՝ Հոլանդիայում, շատ են զարմանում, երբ գալիս ենք այստեղ, մեկ ամիս մնում: Իրենց համար դա ապշեցուցիչ է: Հոլանդիայում շատ է պակասում մարդկանց պարզությունը, իրար օգնության ձեռք մեկնելը: Հարևանները միմյանց տուն չեն գնում, չեն շփվում, իսկ այստեղ կարծես բարեկամներ լինեն միմյանց:
Շատ-շատ լավն է Հայաստանը, կուզեմ գալ այստեղ ապրել: Երբ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում լսում էի իմ ժողովրդի պատմությունը, անցած ճանապարհը, մարմնովս դող էր անցնում, նույնիսկ չէի կարողանում լաց լինել, կարծես սառել էի: Պապիկս նույնպես մասնակցել է Արցախյան հերոսամարտերին, շատ է պատմում մեզ այդ ամենի մասին:
Հովհաննես Գևորգյան, 13 տարեկան, Նիժնի Նովգորոդ
Ամեն տարի գալիս եմ Հայաստան, այստեղ տատիկս ու պապիկս են ապրում, ունեն հողատարածք, իրենց օգնում եմ այդտեղի գործերում: Շատ մեծ սիրով եմ անում, քանի որ իմ երկրի հողն է, կարծես կարոտս այդպես եմ առնում:
Այս ծրագրի մասին իմացել եմ հայրիկիս ընկերոջից, շատ էի ցանկանում նորից Հայրենիքս տեսնել, դիմեցի և արդեն այստեղ եմ: Ամենից շատ ինձ դուր է եկել Նորավանքը՝ իր երկար ճանապարհով, բնությամբ, եկեղեցիով: Եռաբլուրում առաջին անգամ էի լինում ու ևս մեկ անգամ հպարտացա իմ հայ լինելով:
Հակոբ Քեշկերյան, 17 տարեկան, Լիբանան
Առաջին անգամ եմ լինում Հայաստանում: Շատ լավ է, որ այս ծրագրի միջոցով կարողանում ենք գալ Հայրենիք, այցելել հիասքանչ վայրեր: Եղանք Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում. ուրախ եմ, որ իմ հոգու պարտքը կատարեցի՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ զոհված հերոսների հիշատակին:
Ծրագրին շատ պատահական եմ մասնակցել. երբ դպրոցն ավարտեցի գերազանց, ինձ իմ դպրոցը, որպես նվեր, ուղարկեց այստեղ: Մեզ շատ են պատմում հայերի մասին՝ իրենց հզորության, քաջության, նաև շատ գրքեր ենք կարդում: Չեմ առանձնացնի ոչին և ոչ մի տեղ: Իմ Հայրենիքը գանձ է, որը շատերս չենք գնահատում կամ միայն հեռանալուց հետո ենք արժևորում:
Պատրաստեց Մելինե Հովհաննիսյանը