Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

Գազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են  ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ  ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Scroll Up