«Արի տուն-2014». «Հայրենիք վերադառնալու մտքով ենք ապրում Ուկրաինայում…». Անի և Աննա Ոսկանյաններ.

Անին և Աննան Ուկրաինայի Պոլտավա քաղաքից են եկել մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2014» ծրագրին: Այնտեղ քույրերն իրենց օրը լցնում են հայկական տարբեր գրքեր կարդալով, իսկ հայ մշակույթի մասին փորձում են համացանցի միջոցով տեղեկանալ կամ ծնողներին են դիմում: Նրանք հայկական դպրոց են հաճախում:

Դպրոցում հայրենիքի թեմայով հաճախ են միջոցառումներ կազմակերպում, որի ժամանակ Անին ելույթներ է ունենում՝ հանդիսատեսին պատմելով Էջմիածնի, քրիստոնեության ընդունման և այլնի մասին: Պոլտավայում նաև հայկական ակումբ է գործում, որտեղ բոլոր տոներին՝ Ամանոր, Սուրբ Զատիկ, Մայրության և Գեղեցկության տոն և այլն, հավաքվում են Ուկրաինայի տարբեր հայ համայնքների բնակիչները և ուրախ մթնոլորտում նշում այդ օրը: Քույրերի համար հատկապես սպասելի է «Հայկական խոհանոցի օր» միջոցառումը, երբ բոլորը հայկական զանազան ճաշատեսակներ են պատրաստում և հյուրասիրում հրավիրված հայ և օտար հյուրերին: Աղջիկները մայրիկի օգնությամբ տոլմա, լավաշ, Ղարաբաղի ժինգյալով հաց են պատրաստում:

Անին և Աննան «Արի տուն» ծրագրի մասին իրազեկվել են հեռուստացույցի միջոցով: Ապա նրանց հայրն է հորդորել գնալ Հայաստան և մասնակցել այս գեղեցիկ ծրագրին: Նրանց բոլոր սպասումները արդարացել են. ասում են՝ ինչ պատկերացրել էինք, դա էլ տեսանք: Շատ կարճ ժամանակում հասցրել են ընկերանալ մասնակից երկրների երեխաների հետ: Նրանցից են Չեխիայի, Սիրիայի, Կիպրոսի, Ղազախստանի մասնակիցները: Միասին տարբեր երգեր և բանաստեղծություններ են սովորում, խոսում իրենց զբաղմունքների մասին:

Քույրերը շատ են եղել Հայաստանում, հայրենիք վերադառնալու մտքով են ապրում Ուկրաինայում, քանի որ այստեղ իրենց լավ են զգում:  Անին և Աննան շատ են սիրում երեկոյան Երևանը, երբ լույսերի ներքո զբոսնում են փողոցներով, սիրում են լինել Հանրապետության հրապարակում ու հիանալ շատրվանների գեղեցիկ «պարով»: Միայն մի փոքր նեղվում են Հայաստանի շոգ ամառից:

Գևորգ Չիչյան

unnamed

                                                                                                                 

Scroll Up