Հայրենիքը լավ ու վատ չի լինում

Հայրենիք բառի կողքին չի կարելի դնել լավ կամ վատ մակդիրները: Կարելի է գտնել ուրիշ մակդիրներ՝ սիրելի, թանկ, սրբազան, հզոր, գեղատեսիլ… Մեր լեզուն հարուստ է ածականներով, մեր լեզուն երաժշտություն է, ուստի ամեն մի մակդիր ուրույն երաժշտականություն է բերում իր հետ, ու հայրենիքը դառնում է երգ ու սիմֆոնիա, հայրենիքը դառնում է շարական ու գանձ, հայրենիքը դառնում է մրմունջ ու աղոթք, խրոխտ մարտակոչ ու քայլերգ է դառնում հայրենիքը… Մարտիրոս Սարյանը հայրենիքի մասին ասել է. «Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…»: Այստեղ որևէ մակդիր չկա, ածականների շարան չկա, այլ միայն ու միայն փիլիսոփայություն, որն այս դեպքում պատգամ ու կոչ է դառնում: Ուրեմն, բառերը չէ, որ զարդարում են հայրենիքը, այլ զգացողությունը, որովհետև հայրենիքն է ճանապարհում բացում դեպի սեփական ես-ն ու սեփական հոգին…

Հայրենիքի գաղափարը սերտորեն կապակցված է մեր առասպելներին ու մեր պատմությանը: Զարմանալի բան է, աշխարհի շատ ժողովուրդների հնագույն առասպելներում հայրենիք չկա, չկա հողի կարոտ ու սեր, իսկ ահա մեր առասպելաբանության երախայրիքը՝ Հայկի և Բելի առասպելը, հայրենիքի մասին է, հայրենիք ստեղծելու, հայրենիք պահելու մասին է: Մեր դյուցազնավեպն ամբողջապես hայրենիք է ու հայրենիքի սեր, այդ պատճառով էլ մանկուց են մեզ տանում դեպի մեր դյուցազնավեպը, նրանից քաղված անուններով են կոչում մեր պարմանիներին, որպեսզի Մհերն ու Դավիթը հայրենիք լինեն ու հայրենիքի կերպար: Հայրենիքը մեզ համար հայրն է, տղամարդը՝ առնական ու հզոր, իր ընտանիքի գլխին կանգնած: Ու աշխարհի ժողովուրդներից ոչ մեկը հայր բառը չի դարձրել հայրենիքի ակունքն ու հենքը… Զարմանալի ենք այս հարցում, եզակի: Մի քիչ`  ինքնագոհ ու մի քիչ` հպարտ:  Մեր սերն է պատճառը, որ այսպիսին ենք: Մեր արժեքներն են մեզ այսպիսին դարձրել:

Հայ մարդը երբեք չի գնահատում ծնողին լավ կամ վատ բառերով: Ծնողն անքննելի է: Անքննելի է, ուրեմն, նաև հայրենիքը, որը կար մեզանից առաջ ու լինելու է մեզանից հետո: Պարզապես մենք կոչված ենք հարստացնելու ու հզորացնելու հայրենիքը, մենք կոչված ենք պաշտպանելու հայրենիքը: Երբեմն տխրում, զայրանում ու հուզվում ենք՝ տեսնելով ընկերային բարդությունները, տեսնելով անարդարությունները, որոնք մեր աչքին մեծ ու անպարփակ են երևում: Ու խռովում ենք հայրենիքից, ճամպրուկներն առած՝ հեռանում ենք երկրից՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ հայրենիքից չեն նեղանում, որ հայրենիքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան դարձրել: Օտար երկրների ապահովությունը ոչ հայրենի հող է, ոչ հայրենիքի կերպար: Ընդամենը հաց է, մինչդեռ հայրենիքը ոգի է և էություն, հայրենիքը սկիզբ է և շարունակություն: Առանց սկզբի ու շարունակության ինչպե՞ս ենք ապրելու, առանց հայրենիքի կերպարի ինչպե՞ս ենք ապրելու…Ի վերջո, առանց հոգու ինչպե՞ս ենք ապրելու…

Լ.Մ.

Scroll Up