«Իմ Հայաստան-2014». Բիայնայի հայաստանյան ճամփորդությունը

Բիայնա Պապլանյանը Քուվեյթի «Շաքե» պարախմբի պարուհիներից է: Կենսուրախ, ժպտադեմ մի աղջիկ, ով կարծես պարախմբի հոգին լիներ: Նրա հետ ծանոթացա Արցախ ուղևորության ժամանակ, ուր մեկնում էին «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները: Երկար ճանապարհի հոգնածությունը մեղմանում էր հիմնականում նրա շուրջը հյուսվող  զրույցներով, կատակներով:

Բիայնայի ընտանիքը Իրաքից է, սակայն 1991 թվականից Քուվեյթում է ապրում: Սովորել է Քուվեյթի ազգային վարժարանում, այս տարի  համալսարանն է ավարտել. մասնագիտացել է բիզնես ոլորտում: 7 տարի է` պարում է «Շաքե» պարախմբում, որը առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում.

«Հայաստանյան օրերը շատ լավ են անցնում, հպարտ ենք, որ մասնակցում ենք այս փառատոնին, շփվում ենք մեր հասակակիցների հետ, նրանց պարերն ենք տեսնում: Հասցրել ենք մտերմանալ կանադահայերի, ավստրալահայերի, լիբանանահայերի և այն մասնակիցների հետ, որոնց հետ ճանապարհ ենք գնում»,-ասաց Բիայնան:

Արցախ Բիայնայի առաջին այցելությունը չէր: Պատմեց, որ շատ փոքր տարիքում է եղել և համարյա ոչինչ չի հիշում.

«Շատ սիրուն էր Արցախի ճամփան, լեռները, կանաչությունը, ամեն բանը հրաշալի էր:  Քուվեյթում նման բաներ չկան, միայն ավազաբլուրներ են: Ափսոս, որ Արցախում շատ չկարողացանք շրջել: Փառատոնյան օրերը շատ հագեցած են անցնում, և հիմնական ժամանակը ավտոբուսների մեջ, ճանապարհին ենք անցկացնում. գնում ենք նախատեսված քաղաքը, պարում ու նորից վերադառնում: Եթե ժամանակ է լինում ու հոգնած չենք լինում, կարողանում ենք տեսարժան վայրեր այցելել: Եվ կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր վայրն էլ աղվոր է»,-ասաց Բիայնան:

Բիայնայի հայաստանյան ճամփորդությունը փառատոնյան օրերով չի ավարտվում: Նա կայացրել է իր կյանքի թերևս ամենախիզախ, ամենակարևոր որոշումներից մեկը. «ԴԵՊԻ ՀԱՅՔ» (Birthright Armenia) ծրագրի օժանդակությամբ Հայաստանում պետք է մնա ևս երկու ամիս` աշխատելու նպատակով.

«Այդ ամիսներն ինձ կօգնեն շփվել հայաստանցիների հետ, տեսնել, թե ինչպիսին են Հայաստանում աշխատանքային պայմանները: Հայաստանում շատ եմ եղել ու հանգիստ եմ որոշ դժվարություններին վերաբերվում: Թեև քիչ մը վախ ունեմ, թե որտեղ, ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատելու, բայց սիրում եմ նոր բան փորձել:

Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում: Ու եթե այս ամիսների ընթացքում ամեն ինչ հաջող լինի, եթե կարողանամ մշտական գործ գտնել` կմնամ այստեղ: Գիտեմ, որ շատ դժվարություններ կան, բայց համոզված եմ, որ միասին կհաղթահարենք ու ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Բիայնան:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up